Շահում են խարդախները, չի շահում պետությունը


 

Տարիներ առաջ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվեց հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով «Շահող կտրոն» վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը: Վիճակահանությունը բնակչության մի զգալի հատվածում (հիմնականում այն մարդկանց շրջանում, ովքեր պարտաճանաչ հետևում էին վիճակահանության կանոններին) մեծ ոգևորություն առաջացրեց, իսկ ոմանք էլ սկսեցին պղտոր ջրում ձուկ որսալ: Ցավալի է, բայց փաստ` զեղծարարների թվում են գործի որոշ պատասխանատուներ:

Ոստիկանության ծառայողները վերջերս պարզել են, որ «Հայփոստ» ՓԲԸ Երևան քաղաքի թիվ 0076 փոստային բաժանմունքի պետ, 1963 թ. ծնված Քնարիկ Ա.-ն, հօգուտ իրեն չարաշահելով իր լիազորությունները` մի քաղաքացու կողմից հավաքված կեղծ ՀԴՄ կտրոններ պարունակող խմբաքանակները սահմանված կարգի խախտմամբ ընդունել և ձևակերպել է տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեններով` առանց այդ քաղաքացիների գիտության և ելքագրել 1.140.000 դրամի բոնուսային գումարներ` պետությանը պատճառելով էական վնաս:

Պարզվել է նաև, որ «Հայփոստ» ՓԲԸ Երևան քաղաքի թիվ 0068 փոստային բաժանմունքի պետ, 1950 թ. ծնված Քնարիկ Մ.-ն (երկու դեպքերի Քնարիկ անունը զուտ համընկնում է) նույն փոստային բաժանմունքի օպերատոր, 1980 թ. ծնված Անի Տ.-ի օժանդակությամբ, նույն «սցենարով» ելքագրել է 388.200 դրամի բոնուսային գումարներ: Տուժողը դարձյալ պետությունն է եղել:

«Շահում ենք մենք, շահում է պետությունը». ամեն անգամ «Շահող կտրոն» վիճակահանության մասին խոսելիս անկեղծորեն հպարտանում էր «գովազդի ձյաձյան»:

Նաև նրա հավատն ու հպարտությունը չխաթարելու և ամուր պահելու համար ոստիկանները ներկայումս միջոցներ են ձեռնարկում` համանման երևույթները բացահայտելու և կանխելու ուղղությամբ: