100-ում էլ չեն ծերանում


 

Ասում են` մարդը չի ծերանում, եթե չի ցանկանում: Իհարկե, ոչ մեկն էլ չի կամենում ծերանալ: Իսկ չցանկանալ` նշանակում է անձնատուր չլինել տարիքին, չսահմանափակել ֆիզիկական և մտավոր մարզանքները, չմեկուսանալ ընկերական շրջապատից, չբավարարվել ջահել տարիքում ձեռք բերած գիտելիքներից: Ամենախորն ու համակողմանի գիտելիքները «ջնջվում» են, եթե չես թարմացնում, նորություններով չես հետաքրքրում: Պակաս կարևոր չէ նաև ծիծաղել կարողանալը: Հենց այսպես էլ ապրում են արդեն հարյուրամյակի շեմը ոտնադրած ամերիկացի տարեցները: Եվ United HeΖlthcΖre բժշկական կազմակերպության պատրաստած 100@100 զեկույցի հեղինակները հենց դա են փաստել` երկարակյացների շրջանում կատարած հարցումների արդյունքներով (հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն):

Միացյալ Նահանգներում այսօր հաշվվում է իրենց կյանքի 1 դարը բոլորած 72 հազար մարդ:

Հարցման մասնակիցների 45 %-ն իր լավագույն ժամանցը համարում է ամենօրյա զբոսանքը` ոտքով. 40 %-ն ամեն օր մարմնամարզությամբ է զբաղվում, 11 %-ը` յոգային կամ արևելյան այլ վարժություններով, իսկ 8 %-ը կանոնավորապես հեծանիվ է քշում: Նրանց 5 %-ը շարունակում է վազել, 2 %-ը բեյսբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ կամ թենիս է խաղում: Սիրում են շփվել բարեկամների հետ, լինել մարդաշատ վայրերում, գնահատում են կատակը, ծիծաղելու առիթը բաց չեն թողնում և հավաստիացնում են, որ գրեթե ամեն օր ինչ-որ բանով ուրախանում են:

Ինչպես արդեն նշվել է, տարիքը խոչընդոտ չէ նաև տեխնիկական առաջընթացին համաքայլ լինելու: Հարցվածների 25 %-ն օգտվում է ինտերնետից, ամեն 10-րդը տեսաֆիլմեր է նայում YouTube-ով, 12 %-ն օգտվում է iPod-ից կամ թվային ուրիշ լսասարքերից, իսկ 3 %-ը գրանցված է FΖcebook-ում:

Ինչպես վայել է ակտիվ կենսակերպ վարող յուրաքանչյուրին` 100 տարին բոլորած այս ամերիկացիների 75 %-ը ևս անտարբեր չէ քաղաքականության հանդեպ և նոյեմբերին անպայման քվեարկելու է ԱՄՆ-ի նախագահի իր թեկնածուի օգտին:

Զեկույցի հեղինակներն անկարևոր չեն համարել հաշվարկել, որ 2050 թ. մատույցներում մոտ 600 հազար ամերիկացու տարիքը կարտահայտվի եռանիշ թվերով: