Աճող քարեր


 

Ռումինիայի կենտրոնական քաղաքներից ոչ շատ հեռու իրենց տեսակով եզակի ու հետաքրքիր քարեր կարելի է տեսնել: Տրովանտներ. այսպես են դրանց անվանում տեղացիները: Այս քարերը, պարզվում է, ոչ միայն կարող են աճել, այլև բազմանալ: Սրանք հիմնականում բութ ծայրեր ունեն և շրջանաձև են: Յուրաքանչյուր անգամ անձրևից հետո անհավատալի ու զարմանալի «իրադարձություն» է տեղի ունենում. այս քարերն աճում են սնկերի նման: Օրինակ փոքրիկ քարը, որն ընդամենը մի քանի գրամ է կշռում, կարող է ժամանակի ընթացքում հսկայական չափերի հասնել և կշռել տոննաներ: Ավելի ծեր քարերն ավելի դանդաղ են աճում: Այս զարմանալի քարերի ներքին կառուցվածքը ևս խիստ տարբեր է, դրանք կիսելու դեպքում կարելի է տարիքային օղակներ նկատել, ինչպես ծառերի դեպքում է: Չնայած անհայտ է նրանց ծագումը, սակայն գիտնականները դեռ չեն շտապում դրանք դասել գիտության համար անհասկանալի երևույթների շարքը, թեև երևույթն իսկապես առեղծվածային է: Նրանք այնուամենայնիվ բացատրություն գտել են: Երկրաբանները համոզված են, որ տրովանտները ավազի կարծրացման արդյունք են: Այդ գործընթացը, որը տեղի է ունենում երկրի ընդերքում, միլիոնավոր տարիների պատմություն ունի: Իսկ սեյսմիկ գործընթացների արդյունքում դրանք հայտնվում են երկրագնդի մակերևույթին: Աճելու պատճառները գիտնականները վերագրում են դրանց բաղադրության մեջ առկա հանքային աղերին: Ըստ գիտնականների` քարի մակերեսը թրջվելուն պես, քիմիական միացությունների ծավալը, հետևաբար և դրանց ճնշումն ավազի վրա մեծանում է, և քարն սկսում է աճել: Սակայն բազմանալու կարողության մասին գիտնականները լռում են:

Տեղացիները հարյուրամյակներ շարունակ ականատեսն են եղել այս երևույթի և ոչ ոք դրանց մեծ ուշադրություն չի հատկացնում: Ժամանակին առեղծվածային այս քարերը կիրառվել են շինարարության մեջ: Կարելի է հանդիպել նաև գերեզմանոցներում` որպես շիրմաքար: