ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՆ` ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Խիստ կանխատեսելի ընթացքով, ծանոթ բովանդակությամբ և վաղօրոք նախատեսված ժամկետում Սահմանադրական դատարանն ավարտեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող չորս ընդդիմադիր կուսակցությունների դիմումների քննությունը: Կանխատեսելին` կանխատեսելի, սակայն արմատականներն այս անգամ էլ չցանկացան առանց այլևայլությունների հեռանալ դատարանից: Ու թեև քառյակի առաջնորդներն ամենահամոզվածն էին, թե իրենց դիմումները ոչինչ էլ չեն փոխելու, այդուհանդերձ, նախքան վճռի հրապարակումը նրանք որոշեցին հեռանալ Սահմանադրականից` հավանաբար չցանկանալով լսել իրենց պարտությունն արձանագրող հերթական պաշտոնական բովանդակությամբ տեքստը: Անկախ տեղի ունեցածից` այս միակ «դժվար» կանխատեսելի քայլն իհարկե ընդհանուր համապատկերում ոչինչ էլ չի կարող փոխել: Իսկ հաստատումն այն բանի, որ ընդդիմությունը միևնույն է, միշտ դժգոհ է (թե° նախքան դատարանի վճռի հրապարակումը, թե° դրանից հետո և թե ընդհանրապես), բոլորին է հայտնի, և դա էլ փոփոխությունների հանգեցնել չի կարող: Միայն այն իրողությունը, որ դահլիճից հեռանալուն հաջորդած հանրահավաքին «կրիտիկական զանգված» էր հավաքվել, սակայն արդեն ուղիղ հակառակ իմաստով, ասվածի ցայտուն ապացույցն է: Ի վերջո, վաղուց էր ակնհայտ, որ խորհրդարանական ընտրություններին հաջորդող հետընտրական շարժում արմատականներին չի հաջողվելու ձևավորել: Իսկ հռետորներից մեկի թարմ պնդումը, թե եթե նույնիսկ հանրահավաքներին այլևս ոչ մի մարդ չգա, միևնույն է, իրենցից մեկը կգա, ասելիքը կասի ու կգնա` թերևս հերթական մարող միտինգայնության անհեռանկարայնությունն է միայն բացահայտում: Նման թանձր գույները գուցեև կցրվեն արդեն ՀՀ նախագահի քարոզարշավի շրջանում, սակայն գոնե առաջիկա ամիսների խաղաղ ներքաղաքական իրավիճակը արդեն իսկ տեսանելի կարելի է համարել: Օրերս հրապարակված Կառավարության նոր կազմի վերաբերյալ անգամ ասելիք քիչ կա: Չնայած նշանակումներին նախորդող տարաբնույթ քննարկումներին` այս հարցում նույնպես, սպասվածի պես, կանխատեսելին իրականություն դարձավ: Գործադիրի ղեկավարության նորացված ցանկը թռուցիկ աչքի անցկացնելու դեպքում արդեն պարզ է դառնում, որ Կառավարությունում նույնպես հիմնական համարվող նախարարութ յունների ղեկավարներն իրենց տեղերում են մնացել: Սա էլ հենց ամենակարևորն ու հետաքրքիրն էր, իսկ կատարված փոփոխություններն ընդամենը օրեր առաջ ստորագրված կոալիցիոն նոր հուշագրի տրամաբանական և կանխատեսելի ամփոփում-շարունակությունն են: Այստեղ, իհարկե, Դաշնակցության կեցվածքն այդպես էլ «անմեկնելի» մնաց, բայց ոչ նոր կառավարութ յանը ու ոչ էլ առավել ևս Ազգային ժողովի ձևավորումը առանց նման պարադոքսալ երևույթների դժվար կլիներ պատկերացնել: Վերջին դեպքում էլ Արագածոտնից ընտրված Խաչիկ Մանուկյանը որոշեց հրաժարվել մանդատից` նորից ընտրվելու և դժգոհ մնացած մրցակցին ապացուցելու, որ իր հայրենի Թալինն ու շրջակա բնակավայրերն ընդգրկող ընտրատարածքում վերստին պատգամավոր ընտրվելն իր համար հավասար է մեկ անգամ մեկի: Ինչ արած, պատահում է նաև այսպես: