ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻԱԿՆ Է Նրան պետք է սիրել ողջ էությամբ


Մոսկվաբնակ մեր հայրենակից, մտավորական-գործարար, «հՏոպրպՊվՌՍ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Լևոն Գուրգենի Հայրապետյանի համոզմամբ` կենսագրություն ասվածը նպատակների իրագործման ճանապարհը սեփական ուժերով հարթելն է, իսկ գնահատանք ու վաստակ նա համարում է այն արդյունքը, որով ոչ թե ինքդ ես գոհանում, այլ կարողանում ես գոհացնել օժանդակությանդ կարիքն ունեցողներին. - …Եվ երբեք այնպես չի լինում, որ բանական արարածը, որոնող մարդն ընդամենը մեկ խնդրի լուծումը նպատակ համարի: Ցանկացած նպատակի իրագործման ճանապարհին անպայման այլ խնդիրներ են ծագում, որոնք էլ հենց նոր ծրագրեր են հուշում,- ասում է նա և խոստովանում, որ նման ընթացքը դրական լիցքեր է հաղորդում և մղում է դառնում` նորանոր ձեռնարկումների: Հայրենիքը նրա համար և° կյանք պարգևող ծնող է, և° քո հոգածության կարիքն ունեցող զավակ. երկուսի հանդեպ էլ անկարելի է անտարբեր լինել` եթե փտած չի հոգիդ և ինքնամեծար չարությամբ չի բաբախում սիրտդ: - Հայրենիքը մեկն է լինում: Նույնիսկ օտար ափերում ապրող հայի հայրենիքն Հայաստանն է, որին սիրում են, կարոտում: Ղարաբաղն իմ փոքր հայրենիքն է, ուր ծնվել եմ: Ի դեպ, միջնակարգը Երևանում ավարտելուց հետո նա որոշել է իրավաբան դառնալ: Հետո, սակայն, համոզվել է, որ իր էությանն ավելի մոտ է փիլիսոփայությունը: 1968-ին տեղափոխվել է Մոսկվա, հիմնավոր կրթություն ստացել: Նրա անցած ուղին լավագույն փաստարկն է իր այն պնդումի, որ` - Ես միշտ ձգտել եմ առավելագույն անկախության: Բայց, նաև իրեն բնորոշ անմիջականությամբ, նա այսօր դարձյալ սեփական փորձով վերահաստատում է հին ճշմարտությունը` - Բացարձակ անկախություն չի° լինում. բոլոր մահկանացուներս էլ ինչ-որ չափով կախված ենք մեր իսկ թուլություններից: *** Իր կենսագրության ամենահիշարժան դրվագը Լ. Հայրապետյանը համարում է Արցախյան հաղթանակը, իսկ ամենամնայուն տպավորությունը հնգամյա այդ ազատամարտում հայ ժողովրդի նկարագրով է լցված. - Անցել է արդեն 15 տարի, բայց հերոսականության, կամքի, միասնականության նման այլ դրսևորում ես չեմ հիշում: Իհարկե, այս ամենի մասին նա չի խոսում իբրև այդ իրադարձությունը կողքից գնահատող դիտորդ: Անձամբ օգնել է իրենց անկախության իրավունքն ու հայրենիքի սահմանները պաշտպանող ազատամարտիկներին և այսօր էլ իր զգալի նպաստն է ներդնում` Արցախ աշխարհի վերածնման գործում: Այնտեղ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած փայտամշակման գործարան է հիմնել, ժամանակակից նոր հյուրանոց է կառուցել, հանգստյան գոտի, նորաոճ միջնակարգ դպրոց` հարմարավետ դասասենյակներով, լողավազանով ու մարզադահլիճներով: Օժանդակում է ճանապարհաշինությանը, հովանավորում 5-70 տարեկան արցախաբնակների ինտերնետային անվճար ուսուցումը, «Կռունկ» երգի-պարի համույթին: Ֆինանսապես աջակցում է ծնողազուրկ երեխաներին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, 500 դոլար գումարի չափով խրախուսում է յուրաքանչյուր նորածին արցախցու լույսաշխարհ գալը: Շուտով Երևանում իր հյուրընկալ դռները կբացի Լ. Հայրապետյանի միջոցներով կառուցվող 800 տեղանոց մարզադպրոցը… Ի դեպ` այդ կառույցների նաև ճարտարապետն է ինքը. միաժամանակ քանդակել ու նկարել է սիրում: Չի սիրում, սակայն, արվածի մասին խոսել. - Պատշաճ չէ,- ասում է ու հավելում: - Ինչ անում եմ` սրտիս թելադրանքով է: Ինչ հաջողվում է անել` նախ ինքս եմ լավ զգում: Եվ ընդհանրապես, ճիշտ չէ ասել, թե մենք ուրիշին ենք օգնում. ինքներս մեզ համար ենք անում, մեր հոգու պահանջը բավարարելու և մեր արժանապատվությանը հագուրդ տալու համար: Եվ եթե ավելի անկեղծ` ապա պետք է ավելին անեի, որովհետև ինքս հոգու ավելի մեծ բավարարվածություն կստանայի: Քանի դեռ հայրենիքն ունի աջակցության կարիք` պարտավոր ենք օգտակար լինել: - Ո՞րն եք համարում բիզնեսում հաջողության նախապայմանը: - Բիզնեսը լինում է բարոյական և ոչ բարոյական: Բարոյական այն առումով, որ ուժեղ մարդն իրավունք չունի աղքատ լինել: Բայց բարոյականությունից հեռու են նրանք, ովքեր ապրում են միայն իրենց համար, ում ապրելու չափանիշը կենցաղային մակարդակն է` լավ սնվել, միայն սեփական հաճույքները բավարարել. այդպիսիք ինչո՞վ են տարբերվում կենդանիներից: Նման բիզնեսմեններից հաջողությունը շուտ է երես թեքում: - Հայկական համայնքն այստեղ բավական կենսունակ է դարձել… - Մարդկային մեծ ներուժ ունեն հայերը և այսօր արդեն նշանակալի տեղ են զբաղեցնում Ռուսաստանի հասարակական կյանքում: Ու դա` շնորհիվ նաև նվիրումով ծառայելու: Հենց առեղծվածային այդ ներուժն է նպաստում, որ հայը կարողանում է դիմագրավել բոլոր արհավիրքները և ամեն անգամ վերածնել, հզորացնել Հայաստանը: Ռուսաստանի հայերի միության անդամ չեմ, բայց սատարում եմ հայկական ցանկացած կազմակերպության, որը ձգտում է նպաստել Սփյուռքում հայ համայնքի ծաղկմանը և իր պատմական հայրենիքի բարգավաճմանը: Իսկ Ռուսաստանի հայերի միությունն ավելին կարող է և պետք է անի, բայց… Այդ մասին ես նրա ղեկավար Արա Աբրահամյանին էլ եմ ասում, միության անդամներին էլ: Ի դեպ` ֆինանսապես հզոր մեր մյուս հայրենակիցները նույնպես գրեթե չեն առնչվում միության հետ: Իսկ առանց համախմբելու հնարավոր չէ լուրջ ծրագրեր կյանքի կոչել: - Նորերս Հայաստանում հիմնադրել եք «Հայաստանի զրուցակից» հայախոս և «Собеседник Армении» ռուսալեզու թերթերը: Ո՞րն է դրանց բուն առաքելությունը: - Ոմանց կարող է նաև թվալ, թե այս կերպ ուզում եմ խաղակցել Հայաստանի քաղաքական ինչ-որ ուժերի հետ: Դրա կարիքը ես չունեմ, և ինձ համար միայն մեկ կուսակցություն գոյություն ունի` հայ ժողովուրդը: Իսկ առողջ քննադատությունը հասարակության համար բժշկի դերակատարում ունի, և եթե մամուլը կատարի իր այդ առաքելությունը` կշահի հասարակությունը: Գաղտնիք չէ, որ հիմնականում սոցիալական դժվարությունների պատճառով փորձառու լրագրողների մեծ մասը հեռացել է Հայաստանից, իսկ բուն մտավորականության էլիտան ծերացել է կամ չունի հնարավորություն` հիրավի անկախ մամուլ ստեղծելու: Եթե հաջողվի ստեղծել եկամուտներ չորոնող պրոֆեսիոնալ, հետաքրքիր թերթեր, ուրեմն այս նպատակս էլ կհամարեմ իրագործված: Թերթերը գունավոր են` մոսկովյան «հՏոպրպՊվՌՍ»-ի նմանությամբ. դրանց էջերում ազատ արտահայտվելու հնարավորություն կընձեռվի բոլոր նրանց, ովքեր անկեղծ խոսքի, տեսակետներ հայտնելու ցանկություն ունեն: Ասեմ, որ մամուլն ինձ հոգեմոտ բնագավառ է. որպես անհատ` ես կայացել եմ մամուլում: «Комсомольская правда»-бхЩ, «Огонек»-ում եղել եմ խմբագիր, գլխավոր խմբագրի տեղակալ: Իսկ այդ պարբերականներն այն տարիներին էլ իրենց ազատ խոսքով մեծ համբավ ու հռչակ էին վայելում և այսօր էլ պահպանում են բարձր վարկանիշը: Ի դեպ, «հՏոպրպՊվՌՍ»-ը հրատարակվում է նաև Մինսկում, Տալլինում, Խարկովում, Ռիգայում, Հարավային Սախալինում, Նովգորոդում: - Ի՞նչ կմաղթեիք «Ավանգարդի» ընթերցողներին, ովքեր գնահատում են Սփյուռքի դերը և անտարբեր չեն օտար ափերում բնավորված հայրենակիցների ճակատագրին: - Սիրե°ք Հայրենիքը. հիմա նա դրա կարիքն ունի: Նախ` Հայրենիքը, ապա` ընտանիքը: Ձեր սիրով այսօր հզորացրեք Հայրենիքը, և այդ սիրով հզորացած` վաղը նա կսկսի հոգալ ձեր, ձեր ընտանիքների մասին:

Գոհար ԲՈՏՈՅԱՆ