ԼՂՀ-ն եւ ազատագրված տարածքներն այլեւս Հայաստան են


Վերջերս նպատակայնորեն աշխուժացել է ԼՂՀ խնդրի, այսպես կոչված, կարգավորման հարցը: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի` Մեթյու Բրայզայի` Բաքվում արած հայտարարությունը` ազատագրված 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու մասին, սրել է իրավիճակը: Սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկացի դիվանագետը հիմարություններ է դուրս տալիս: Հայ Արիական Միաբանությունն այս քայլը համարում է դիվանագիտական նորմերի կոպիտ խախտում, պատերազմի հրահրում: Վստահ ենք, որ սա անձնական նախաձեռնություն չէ, եւ ԱՄՆ-ն պատասխանատու է այս հայտարարության համար: ՀՀ ԶԼՄ-ները փորձեցին մեղմ ներկայացնել այս հարցը` իբր ադրբեջանցիները խեղաթյուրել են Բրայզայի խոսքերը, եւ Հեյդար Ալիեւը բացահայտում է գաղտնի բանակցությունների կարգը (՞՞՞): Սակայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում ափսոսանք է հայտնվում ճիշտ հակառակ տեսանկյունից, որ «հայկական ԶԼՄ-ները խեղաթյուրում են Բրայզայի արտահայտած խոսքերը»: Իսկ Բրայզան հատկապես շեշտում է, որ «եթե Պետերբուրգում բանակցությունները հաջող լինեն, ապա տարաձայնությունների քանակը կմոտենա զրոյի…»: Այսինքն` եթե ՀՀ իշխանություն ները համաձայնում են Ալիեւի ու Բրայզայի հնչեցրած մտքերին, ապա այդ դեպքում «տարաձայնությունների քանակը կմոտենա զրոյի…»: Բրայզան նաեւ հստակ ասում է, որ «կողմերը արդեն պայմանավորվել են ԼՂՀ-ի շուրջ եղած տարածքները վերադարձնելու մասով, որոնք գտնվում են հայկական վերահսկողության ներքո»: Առնվազն տարօրինակ են մեր ԶԼՄ-ների արձագանքը եւ մեր իշխանությունների կեցվածքը: Չնայած ՀՀ նախագահն ու արտգործնախարարը հայտարարում են, թե մինչեւ չլուծվի ԼՂՀ կարգավիճակի հարցը, մնացած այլ բանակցություններն անիմաստ են, բայց վտանգն առկա է ու` ոչ վերացական կերպով: Մենք` նաեւ որպես պատերազմի բովով անցած մարտիկների միություն, մեր անվստահությունն ենք հայտնում դիվանագետ կոչված այս ամերիկյան ծաղրածուի` Մեթյու Բրայզայի նկատմամբ եւ կոչ ենք անում մեր արտաքին գործերի պատասխանատուներին` վարվել նույն ձեւով: Հայ ազգը երբեք չի ընդունի նման նվաստացուցիչ պարտադրանքը, անգամ եթե հայկական իշխանությունները ստորագրեն նույնատիպ բնույթի փաստաթուղթ: Վստահ ենք` հայությունը կհամարի այն ոչ օրինական, քանզի դրա բոլոր իրավական, պատմական, քաղաքական ու բարոյական հիմքերն առկա են: Հայությունն արդեն արել է բազմաթիվ զիջումներ (Շահումյանի շրջանը, Արծվաշենը մնացել են զավթված, չի արծարծվում Նախիջեւանի խնդիրը, շրջափակման ու փախստականների կրած նյութական վնասը հատուցելու գործընթացը սառեցված է եւ այլն): Մենք պնդում ենք, որ այլեւս զիջելու բան չունենք, ընդհակառակը, սադրիչ դիվանագետների կողմից հնարավոր պատերազմի սանձազերծման դեպքում ունենք դեռ ազատագրելիք տարածքներ… Մենք վճռականորեն բողոքում ու հայտարարում ենք. եթե Մինսկի խումբը չի հերքում ու լռելով աջակցում է Մեթյու Բրայզայի հայտարարությանը, ապա այլեւս չի կարող ընկալվել որպես անկողմնակալ միջնորդ խումբ: Ուստի, այլեւս անիմաստ կլինի շարունակել բանակցային գործընթացը այս կարգի հրահրիչ «միջնորդների» մասնակցությամբ: Սա շատ նման է ամերիկա-թուրք-ադրբեջանական այն ծրագրին, որ ԼՂՀ հարցը տեղափոխվի ՄԱԿ եւ այնտեղ քննարկվի: ԱՄՆ-ի ներկայացուցչի սարդանքը կարծես նպաստում է այս նպատակին… ՀՀ իշխանություններին կոչ ենք անում` դուրս գալ բանակցային գործընթացից (արհամարհելով թե Մինսկի խմբի եւ թե ՄԱԿ-ում քննարկվելիք տարբերակները), ճանաչել ԼՂՀ անկախութ յունը, նաեւ ԼՂՀ իրավունքները վերահսկված բոլո°ր տարածքների վրա` ըստ ԼՂՀ Սահմանադրության: Այսուհետ Ադրբեջանը բանակցություններ պիտի վարի ԼՂՀ իշխանությունների հետ, իսկ ՀՀ իշխանությունները պիտի գործեն ըստ նպատակահարմարության եւ անհրաժեշտության: Եթե ՀՀ իշխանություններն այսուհետ եւս ընդունեն բանակցային միջնորդի այսպիսի գործելաոճը, ապա կդառնան հայության դեմ կազմակերպված հերթական սադրանքի ու դավադրութ յան հանցակիցը, օտարների շահերի պաշտպանության կցորդ-ներկայացուցիչը: Իսկ մասնակիցները պատասխանատու կլինեն ինչպես ներքաղաքական տարաձայնությունների, այնպես էլ հրահրվող պատերազմական իրավիճակի համար: Մենք չենք պատրաստվում զիջել մեր հայրերի ազատագրած հայկական պատմական տարածքները եւ դեպքերի այդպիսի զարգացման դեպքում կոչ կանենք հայությանը, հատկապես նախկին ազատամարտիկներին` համախմբվելու եւ մեր ազատագրված տարածքների պաշտպանությունն ապահովելու համար: ԱՄՆ-ն իր դիվանագետի միջոցով լարում է իրավիճակը Արցախի խնդրի շուրջ, որպեսզի օգտվի եւ կարողանա իր ռազմահանգրվանները տեղադրել ազատագրված տարածքներում, հատկապես Իրանի հետ սահմանային հատվածում: Կարծում ենք` նպատակներն ավելի քան պարզ են: Հայ Արիական Միաբանությունը, որպես քաղաքական ուժ, ճանաչում է 1988թ. փետրվարի 20-ի ԼՂՀ մարզային խորհրդի եւ 1989թ. Հայաստանի Գերագույն Խորհրդի դեկտեմբերի 1-ի որոշումները` ԼՂՀ-ն Հայաստանին վերամիավորելու մասին, հայտարարում է, որ ԼՂՀ-ն եւ ազատագրված տարածքներն այլեւս համարելու է Հայաստան եւ իր հնարավորության սահմաններում պաշտպանելու է միացյալ Հայաստանի սահմաններն ու անվտանգությունը: Կոչ ենք անում բոլոր հասարակական, քաղաքական ուժերին` միանալ մեր հայտարարությանը, որը ՀՀ իշխանություններին կստիպի կատարել 18 եւ 19 տարվա վաղեմության իրավական որոշումները: Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ 06.06.2007թ.