Պարզապես չկա այդպիսի ազգ


ԽՍՀՄ վերջին տարիներից, ավելի ստույգ, 1988-ից մենք` հայերս, քարոզչական պատերազմի մեջ ենք ներքաշվել` անընդհատ ստիպված լինելով հերքել ադրբեջանական քարոզչամե քենայի, լրատվամիջոցների տարածած ստահոդ տեղեկատվությունը: Ադրբեջանը, ամենայն հայկականը ժխտելու մոլուցքով համակված, ի լուր աշխարհի նույնիսկ հայտարարում է, թե խաչքարերը թուրքական կամ որ նույնն է` ադրբեջանական մշակույթի հնագույն կոթողներ են: Հետո էլ հայերի, հայկականի հանդեպ իր ատելությունն անսանձ մոլեգնությամբ թափում է այդ նույն խաչքարերի վրա` Նախիջևանում բորենու վայրագությամբ ավերելով, «աշխարհի երեսից» սրբելով տեղի հայկական գերեզմանոցը… Ադրբեջանի այս, մեղմ ասած, անմարդկային արարքը, հայերին և հայկականին վերաբերող ամեն ինչը գլխիվայր ներկայացնելու դրդապատճառները ինչ-որ տեղ մեզ` հայերիս համար հասկանալի են: Բայց անհասկանալի է, թե ինչո՞ւ ենք մենք ինքներս, թեկուզև անհեռատեսորեն ջուր լցնում Ադրբեջանի քարոզչամեքենայի, ստահոդ տեղեկատվության ջրաղացին: Ինչո՞ւ ենք ադրբեջանցիների մասին խոսելիս, թե° գրավոր, թե° բանավոր, նրանց անվանում ազերիներ: Ովքե՞ր են, այսպես կոչված, ազերիները. այդ անվանումով ազգություն, անգամ ցեղախումբ չկա ու երբևէ չի եղել: Նախախորհրդային շրջանում, երբ բոլշևիկները դեռևս չէին ստեղծել, ավելի ճիշտ, հորինել Ադրբեջանական ԽՍՀ-ը, Վ. Ի. Լենինը նրանց անվանում էր կովկասյան թաթարներ: Թերևս, շատերի համար գաղտնիք չէ նաև, որ ադրբեջան բառն ինքը Ատրպատական տեղանունն է, որը արաբների տիրապետության ժամանակաշրջանում, հնչյունափոխության ենթարկվելով, արաբերեն հնչեց որպես ադրբեջան և այդպես հասավ մեր օրերը: Դե, իսկ այդ տարածքում բնակվողները, որ մեծ մասամբ թուրքալեզու ցեղախմբեր կամ պարզապես թուրքական արշավանքից մնացած թուրքեր էին, անվանվեցին ադրբեջանցիներ, այսինքն, Ադրբեջան կոչվող տարածքում բնակվողներ: Մեզանում ադրբեջանցիներին ո՞վ և ինչո՞ւ ազերի անվանեց: ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Լավրենտի Միրզոյանին նույնպես վրդովվեցնում է ազերի բառը` հայերենում այդպիսի բառ չկա, տերմինաբանական կոմիտեն այդպիսի տերմին չի հաստատել: Նրա կարծիքով, մարդիկ պարզապես օգտագործել են ռուսերեն ԸջպՐոՈռՊՋՈվ բառի կրճատ ձևը` ազերի, և ադրբեջանցիներին ազերի անվանելով, մենք ակամա կարծես հաստատում ենք, որ նրանք էլ հայերիս նման դարերի խորքերը հասնող պատմություն ունեցող ազգ են: Ու զարմանալի չի լինի, եթե մի օր, օգտվելով մեր անշրջահայացությունից, ադրբեջանցիները պնդեն (եթե հիմա արդեն չեն պնդում), թե Ադրբեջանն էլ Հայաստանի պես ավելի քան հինգհազարամյա պատմություն ունի, և իրենք էլ ոչ թե ադրբեջանցի, այլ իրականում ազերիներ են: Ինչպես մենք ենք նրանց անվանում…

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ