ՅՈԹԵՐՈՐԴ ԿԱՄԵԼԻԱԶԱՐԴ ՏԻԿԻՆԸ


Շատերիս աչքերից է արցունք քամել Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը» վիպակը` անկեղծորեն վարակելով Մարգարիտ Գոթիեի` իսկական սիրո վեհացնող վայելքներից դիմակավորների հասարակության դաժան կամքով օտարված մարդկային ճակատագրի ողբերգականությամբ: Նույն հուզառատ տրամադրությամբ ենք քանիցս համակվել այդ վիպակի հիման վրա Ջուզեպե Վերդիի արարած «Տրավիատա» օպերայի ներկայացման ներգործությամբ: Ավելին: Ինչպիսի բեմադրական տեսիլքով էլ որ մատուցվել է հանրաճանաչ իտալացի կոմպոզիտորի երաժշտադրամատուրգիական այս կտավը, մշտապես ազդել է հանդիսատեսի, ունկնդրի հոգու նուրբ լարերի վրա վառ դրամատիզմով հագեցած իր վոկալ մեղեդայնությամբ: Աննախադեպ մշակութային իմպուլսներով վերալիցքավորվելու նկատառումով վերջերս կրկին եղա մեր ազգային օպերային թատրոնում: ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ «Տրավիատան» տեսել էի յոթ տարի առաջ: Անջնջելի էր մնացել միայն տպավորությունս ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Մխիթարյանի դերակատարումից, ձայնային հարուստ երանգապնակով մարմնավորած Վիոլետա Վալերիի կանացի լիարյուն կերպարից: Կուրտիզանուհի Վիոլետա Վալերիի տան մարդաշատ տոնախմբությունը ներկայացնող առաջին իսկ տեսարաններից ջնջվեց վաղեմության շղարշը մտապատկերումս աղճատված նախորդ հիշողություններից, և նկատեցի խմբագրման կարոտ բեմադրական լուծումների անփոփոխությունը: Լավ կլիներ, իհարկե, եթե բեմադրիչը ուշադրություն դարձներ այս ներկայացման առաջին երկու գործողությունների թատերայնացման դինամիկ խորացմանը` այդպիսով ներդաշնակելով դրանք մյուս երկուսին, ապահովելով թատերական հանդիսության կուռ ամբողջակա նությունը£ Ինչևէ£ Բեմավիճակի ստատիկությունը հնարավորություն է տալիս խորամուխ լինել նկարչական ձևավորման (բեմանկարիչ` Արարատ Բարսեղյան) մանրամասներում` առանձնակի սևեռվելով բեմի խորքը ընդգրկող մեծակտավ պաստառի լուսատեխնիկական փոփոխությունների խորհրդանշական իմաստի մեջ, ներքին կապ գտնելու մարդկային երկու խոշոր ֆիգուրների ծավալատարածքային տեղաշարժի և գլխավոր հերոսների սիրային պատումի ընթացքի զարգացման միջև£ Իրեն բաժին ընկած դրամատուրգիական ծանրությունը անճիգ արվեստով էր կրում նվագախումբը` դիրիժոր-բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի գլխավորությամբ. ոչ մի կեղծ հնչյուն£ Այդուհանդերձ, օպերային ներկայացումներում առաջնությունը պատկանում է վոկալ նախասկզբին, ուստի ավելի շատ կենտրոնանում ես երգարվեստի կատարողական վարպետությամբ կենդանացող բեմական «անցուդարձի» վրա£ Ավանսցենում կիսաշրջան կազմած երգչախմբի (գլխավոր խմբավար` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան) ֆոնի վրա ուշի¬ուշով ականջ ես դնում գլխավոր դերերգերով հանդես եկող կոնսերվատորիայի նորավարտ սաներին: Ինչ խոսք, երբեմն¬երբեմն զգացնել են տալիս առաջնախաղի ներքին լարվածությունն ու բեմական փորձի պակասը, սակայն պրոֆեսիոնալ բարձրակարգ պատրաստվածությունն ու բնատուր օժտվածությունը, տեսարանից¬տեսարան առավել ակնհայտ արտահայտվելով, ավարտական տեսարաններում հասնում են հուսադրող, ավարտուն ցայտունության£ Հանդիսասրահում հասունացած զգայական լարվածությունը, խմորվելով ողջ ներկայացման ընթացքում, առաջացնում է որոտընդոստ ծափերի տարափ£ Ուրեմն Պերճ Քիրազյանի (Ալֆրեդ Ժերմոն), Ռոբերտ Վիրաբյանի (Ժորժ Ժերմոն) և Աննա Մնացականյանի (Վիոլետա Վալերի) դեբյուտը օպերային մեծ բեմում կարելի է կայացած համարել£ Իր բեմական շքեղ արտաքինով, գեղեցիկ ձայնով (սոպրանո), հոգեբանական ներքին ապրումի վարակիչ անկեղծության թանձրացող ելևէջումներով հանդիսատեսի համընդհանուր համակրանքին արժանացավ Վիոլետա¬Մնա ցականյանը` մեր օպերային թատրոնի յոթերորդ կամելիազարդ տիկինը… Տարեվերջին Իտալիայի դեսպանատան և Ղազարոս Սարյան օպերային ստուդիայի համատեղ նախաձեռնությամբ անցկացված «Պուչինիի օրերի» անմիջական մասնակիցը լինելով` համոզվեցի, որ մեր ազգային օպերային արվեստի երբեմնի բարձր համարումը նորովի զրնգացնելու համար ներկայումս բավականին երիտասարդական ներուժ ունենք£ Այս «Տրավիատա»¬ով այդ համոզմունքս ամրապնդվեց£ Մնում է անհրաժեշտ լծակներ գործի դնել ստեղծագործական կոլեկտիվի աշխատանքային առօրյան հնարավորինս աշխուժացնելու, եղած վառ անհատականություններին ու նոր սերնդի շնորհալիներին համախմբելով, երաժշտաթատերական բարձրարժեք բեմադրությունների պարբերաբար խաղացվող ներկայացումներով Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երեկոյան կանչող լույսերը մշտավառ պահելու համար£ Ոչ միայն «վարձակալական» հրավառությամբ…