«Սպեղանու» հաղթարշավը


1996-ին հիմնադրելով Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակն հավերժացնող «Սպեղանի» պատանեկան երգչախումբը բացառապես զոհված հերոսների շնորհալի զավակներից` Սարինա ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԸ բարձրակարգ երաժշտական գիտելիքների ողջ պաշարը հայրենանվեր ինքնակիզմամբ նվիրաբերեց իր հրաշալի նախաձեռնության բարձրարվեստ կայացմանը: Ինքնահաստատման դժվարին ճանապարհը շուտով իմաստավորվեց մեծ ճանաչում ապահովող հաջողության դափնիներով` համերգային շրջագայությունները, տարբեր դարաշրջան ների և ազգերի խմբերգային ընտրանուց, հայ հոգևոր միջնադարյան ու ժամանակակից երաժշտության գոհարներից կազմված երկացանկով, Բեյրութում, Հռոմում, Միլանում, Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում հաստատեցին «Սպեղանու» ուրույն տեղը մեր մշակութային առօրյայում` նախապատրաստելով մասնակցությունը միջազգային հեղինակավոր փառատոներում ու մրցույթներում: Հաղթարշավի մայիսվերջյան նորահայտ դափնիները` Եվրոպայի լավագույն 12 պատանեկան երգչախմբերի շարքում մասնակցությունը Բազելի (Շվեյցարիա) երիտասարդական երգչախմբերի եվրոպական փառատոնին և Մարկոբերդորֆի (Գերմանիա) միջազգային կամերային երգչախմբերի X փառատոնում Հայաստանը ներկայացնելու պատիվը` «Փառատոնի լավագույն երգչախումբ» բարձրագույն մրցանակի նվաճումով` Արցախյան ազատամարտը նշանավորող թարմ ծաղկեպսակներ են` հյուսված անթառամ վարդերով, հավերժող կոթող, որ ի լուր աշխարհի տարածում է ցավն ու փառքը հայոց երկրի: Առանձնահատուկ ուշադրությունը, որին արժանացավ «Սպեղանին»` համերգներ, ռադիոձայնագրություններ, ձայներիզների թողարկում, նորանոր հրավերներ… վկայում են հայ երաժշտարվեստի հմայքի միջազգային հռչակման գործում պատանի երգիչների ծանրակշիռ ավանդի մասին: Նրանց «Սիրիուսը» դառնալու է երաժշտական հենքը Բեռնի հայ-շվեյցարական ասոցիացիայի նախագահ Սարգիս Շահինյանի մտահղացած` Անիի ավերակների մասին պատմող ֆիլմի: «Սպեղանու» ներշնչմամբ այլազգի երաժիշտները հնչեցրել են Կոմիտասի «Պատարագը» լատիներեն տառադարձությամբ. մշակութային միջազգային երկխոսության ձեռքբերում, որի արժեքը կնսեմացնեն ամենապերճախոս մեկնաբանություններն անգամ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ