ԶԳՈՒՇԱՑԻ°Ր, ԲԱԺԱՆՈՐԴ


«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն արդեն 10 տարի է, ինչ գործում է Հայաստանի Հանրապետությունում` նպատակ ունենալով երկրում ապահովել անվտանգ սպառողական միջավայր և պաշտպանել սպառողների ոտնահարված իրավունքները: 2007թ. մայիսի 24-ին «ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարեց, որ մասամբ ներում է ընկերության հեռախոսագծի «dial up» Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտված, 2006թ. մայիսի 1-ից 2007թ. մայիսի 23-ը ընկած ժամանակահատվածում ընկերությանը դիմում-բողոքներ ներկայացրած այն բաժանորդների պարտքերը, որոնց` իրենց համար անհայտ ուղղություններով զանգեր իրականացնելու համար վերագրվել են միջազգային զանգերի ահռելի հաշիվներ: Եթե նախորդ անգամ` 2006թ. մայիսին «ԱրմենՏել»-ը զիջել էր մինչև 2006թ. մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում Ինտերնետ խաբեության զոհ դարձած բաժանորդների նույն տարբերակով կուտակված «պարտքերն» ամբողջությամբ, ապա այս անգամ ընկերությունը զիջում է տուժածների պարտքերի 65%-ը: Մնացած 35%-ը բաժանորդները կարող են վճարել աստիճանաբար` առաջիկա 3 տարվա ընթացքում` կնքելով համապատասխան համաձայնագիր «ԱրմենՏել»-ի հետ: Այն 400 տուժողները, ովքեր ամբողջությամբ կամ մասնակի վճարել են իրենց «պարտքերը», պիտի վճարված գումարի 65% -ը հետ ստանան իբրև ֆիքսված կապի կանխավճար միջազգային զանգեր կատարելու համար: Նշենք, որ Ընկերություն դիմել է տուժած 520 բաժանորդ, որոնց «պարտքի» ընդհանուր գումարը կազմում է 67մլն դրամ: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը, որ պայքարում է տուժած սպառողների ոտնահարված իրավունքները վերականգնելու համար, նման որոշումը համարում է անարդարացի և առաջարկում. l Այն տուժողները, ովքեր վճարել են իրենց «պարտքերը», պիտի վճարված գումարի 65% -ը հետ ստանան իբրև հեռախոսային ֆիքսված կապի կանխավճար: l Խնդրին պիտի տրվի տեխնիկական լուծում, օրինակ, բաժանորդի հաշվին որոշակի գումարի պարտք կուտակվելու դեպքում կարելի է կիրառել ելքային միջազգային զանգերի ավտոմատ արգելափակում: l Պետք է իրականացվի խնդրի վերաբերյալ բաժանորդների լայնածավալ իրազեկում` գոյություն ունեցող վտանգի և դրանից խուսափելու հնարավոր միջոցների մասին: Խնդրին նմանատիպ լուծում չտալու դեպքում մեկ տարի անց մենք կրկին կունենանք հարյուրավոր նոր տուժած սպառողներ: Իսկ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարել է, որ այլևս «ներում» չի լինելու: Բայց որ նման պարտքեր կրկին պարտադրվելու են բաժանորդներին` «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանը չի կասկածում: Այնպես որ, հարգելի բաժանորդ, եղիր աչալուրջ, և եթե դեռ արգելափակված չեն քո հեռախոսահամարի միջազգային ելքային զանգերը` ամեն անգամ հեռախոսագծի միջոցով Ինտերնետ ցանցին միանալիս, հիշիր, որ ինտերնետ-խաբեության հաջորդ զոհը կարող ես լինել դու: Այդժամ ստիպված ես լինելու ապացույցներ որոնել` հիմնավորելու, որ, դիցուք, Զիմբաբվե կամ քեզ անծանոթ որևէ այլ պետության տեղը քարտեզում անգամ քեզ անհայտ է:

Քրիստինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ