ՄԱՆԿԱՏՆԻՑ` ՏՈՒՆ


Երեխայի համար ամենաջերմ գիրկը ընտանիքն է Հայերս մեզ, քիչ է ասել երեխայասեր, ավելին` երեխայապաշտ ժողովուրդ ենք համարում: Տեղը գա` կպնդենք, որ երեխան հայ ընտանիքում սրբություն է, այն նպատակը, որին ծնողն ուղղում է և ծառայեցնում իր ողջ կյանքը: Ի թիվս հայկական այլ «հիվանդությունների», հերթական մի ախտ էլ սա է. կտրվել իրականությունից, չտեսնել իրողությունը` առաջնորդվելով «ընդունված է կարծել, որ…» մտայնությամբ: Եթե դա այդպես է կամ եթե դա այդպես չէ, ապա ինչո՞վ բացատրել, որ մեզանում ի հայտ եկան, ապա և ավելացան մուրացիկ-թափառող, ծնողներից լքված, խնամքից դուրս մնացած երեխաներ: Ինչպե՞ս պատահեց, որ ծնողը` ողջ-առողջ, երեխան մեծանում է մանկատանը: Սա զգայական խորհրդածություն չէ: Սա փաստ է. Հայաստանի մանկատներում ապրող երեխաների 80 տոկոսը գոնե մեկ ծնող ունի: Սոցիալականը միշտ պատրաստի պատճառ է` այս անբնական երևույթի հիմնավորման համար: Սակայն նույնիսկ չարաբաստիկ սոցիալականը չպիտի «մտներ» մոր ու մանկան արանքը: Եվ ոչինչ չպիտի կարողանար խզել-խաթարել աստվածային այդ մեկտեղումը: Բնության մեջ կա՞ ավելի անբնական վիճա՞կ ասենք, թե՞ երևույթ, երբ երեխան մայր ունի և գիշերը պառկում է առանց նրան փարվելու, առավոտյան արթնանում է առանց մոր համբույրն առնելու, երբ երեխան մեծանում է առանց մայրական սիրո ու գգվանքի: Իմ մեջ հիմա մի հարցմունք է ծառս լինում. մարդ արարածին բնությունից տրված ծնողական զգացումների, նաև մարդկային բարեսրտության և բանականության համաձույլ զորությունն ինչո՞ւ է այսչափ տկարացել: Մի՞թե հատնելու վրա է մարդկային բարոյականության ռեզերվը: Անցյալ տարի Հայաստանը միացավ Հաագայի հայտնի կոնվենցիային, որով սահմանվում են երեխայի որդեգրման և խնամակալության միջազգային չափանիշները: Ու թեև ՀՀ աշխատանքի և սոցապնախարարությունը դեռ նոր-նոր մշակում է այս կոնվենցիայի դրույթների կիրառման մեխանիզմները, առանձնահատուկ շեշտադրում ունեցող մի դրույթ արդեն իսկ կյանքի է կոչվում: «Երեխայի համար ամենալավ միջավայրը ընտանիքն է». սահմանում է այս համաձայնագիրը: Երեխաների իրավունքների համար առաջին հերթին պատասխանատու է ընտանիքը: Եվ ահա թե ինչու շատ կարևոր է ընտանիք ներմուծել բարոյական արժեքներ: Հատկապես բարոյական, քանզի ընտանեկան հարաբերություններում ամեն բան չէ, որ կարելի է կարգավորել իրավականորեն, և այդ բացը կարգավորելի է բարոյական-մարդկային արժեքների հաստատմամբ: Ընտանիքում կայուն բարոյահոգեբանական իրավիճակի, ընտանեկան որոշակի արժեքների վերստեղծման ու պահպանման մեջ մեծ դեր ունի պետությունը: Հայաստանի կառավարության քաղաքականությունն այսօր ուղղված է մանկատների բեռնաթափմանը` երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու կամ խնամատար ընտանիք տեղափոխելու միջոցով: Ըստ Սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի, նման քաղաքականության արդյունքն արդեն իսկ ակնհայտ է. մանկատներում ապրող երեխաների թիվը վերջին երկու տարում նվազել է շուրջ 100-ով: Իսկ քանի դեռ մանկատներում շարունակում են ապրել ծնողազուրկ կամ ծնողներ ունեցող երեխաներ, հարկ է բարելավել այդօրինակ հաստատությունների, ինչպես նաև ծերանոցների, տարեցների օթևանների (նրանք էլ երեխաներ են, մեծ երեխաներ, երբեմն լքված և երեխաների չափ անօգ ու անպաշտպան) պայմանները: Կառավարության որոշմամբ վերոնշյալ հաստատությունները պարտադիր կարգով կլիցենզավորվեն: Սահմանվել են դրանց գործունեության չափորոշիչները (շենքային պայմաններ, բժշկական սպասարկում, սննդով և հագուստով ապահովում): Այսպես, օրինակ` տարեցների դեպքում մեկ շնչի օրական ծախսը կազմում է 2300 դրամ, որից 1000 դրամը սննդին հատկացվող գումարն է: Երեխաների համար սննդի էներգետիկ արժեքը որոշվում է ըստ տարիքային խմբի: Լա՞վ է, թե՞ վատ, շա՞տ է, թե՞ քիչ, իրենք` այս հաստատությունների մեծ ու փոքր բնակիչների իմանալու բանն է: Պետությունը մանրամասնորեն և, ըստ նախարարության պատասխանատուների, բծախնդրորեն սահմանել է չափորոշիչները: Մնում է, որ դրանք կիրառվեն նույնպիսի բծախնդրությամբ, իսկ վերահսկողության լիազոր մարմինը` նույն ինքը` նախարարությունը, նույնպիսի բծախնդրությամբ հետևի սահմանված չափորոշիչների պահպանմանը:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ