Էս երկրին մտածող ուղեղ պետք չէ՞


Արցախյան հիմնահարցի կարգավորման խնդրում Արևմուտքի փութաջանությամբ խիստ մտահոգված Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը երաժշտական շոուի բեմահարթակից մեկ էլ հայտնվում է դիվանագիտական վերլուծությունների դաշտ` հանրությանը հիշեցնելու, որ «Արցախյան հիմնահարց» ձևակերպումն իր հայտնագործութ յունն է, ինչն «այնպես հարստացրել է իշխանության վերին էշելոնների և լրատվամիջոցների» բառապաշարը: Հիշեցումից հետո հաջորդ քայլն, անշուշտ, «Հայաստանի իշխանությունը զավթած արցախյան վիկինգների ականջներին որպես օղ» արցախյան հիմնահարցի խելամիտ լուծման իր` այլընտրանքային տարբերակի առաջադրումն է. - Մենք հետամուտ ենք նրան, որ 15 հազար քառ. կմ-ի վրա ստեղծվի հայկական 2-րդ պետությունը: Արցախի ինքնորոշումը գնում է այս ուղղությամբ: Այնինչ, մեր կառավարությունն իր կրավորական, հաշտվողական կեցվածքով շարժվում է հատկապես անգլո-սաքսոնական ցեղերի կողմից պարտադրված քաղաքական լուծման ճանապարհով: Ու եթե հայկական դիվանագիտությունը շարունակի Օսկանյան Վարդանի քյամանչան նվագել, այդ դեպքում Մարքսիստական կուսակցությունը առաջինն է պահանջելու ներկա իշխանությունների անվերապահ կապիտուլյացիան: Հայրենապաշտ և պերճախոս մարքսիստը գտնում է, որ ռազմական կոնֆլիկտի փուլն ավարտվել է մեր հաղթանակով, իսկ դիվանգիտական փուլը տանուլ տված «հալեպցի Լևոնը ասպետական վեհությամբ հրաժարական տվեց»: - Ահա 10 տարի է, ինչ կառավարող համակարգը հիմնահարցի լուծումը տանում է փակուղի: Արդյունքում այնքան տեսանելի է պարտվողական դիվանագիտության հետևանքը: Ցավալի է, որ հայ զինվորների արյան գնով ազատագրված 7 գավառները դրված են աճուրդի, և հայկական դիվանագիտությունը ողորմածաբար խնդրում է թողնել գոնե Լաչինը: Անվտանգության գոտի համարվող տարածքների վերադարձը կնշանակի 40 կիլոմետրանոց ֆրոնտը հասցնել 400-ի: Արցախյան հիմնահարցի խեղաթյուրված լուծման դեպքում մարքսիստները 1998 թ. փետրվարի 4-ի սցենարով պահանջելու են իշխանությունների անվերապահ կապիտուլյացիա, իշխանություն, որը նախկինի պես, ինչպես նշում է Դավիթ Հակոբյանը, ծնվել է ոչ թե արդար ընտրությունների, այլ իշխանագողության շնորհիվ: 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները մարքսիստների առաջնորդն անվանում է «ասիական բալագան», հակապետական մի գործընթաց, երբ իշխանությունները փողոցում առքուվաճառքի են հանված: Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ մակարդակ ունի այս ԱԺ-ն: - Ներկայացված ուժերի քաղաքական, գաղափարական գնահատականի տեսանկյունից, կարծում եմ, այս պառլամենտը ևս օլիգարխիկ, թուլամիտ և բթամիտ պառլամենտ է: Լավ, խցկվեցիք ԱԺ, բա ձեզ մի մտածող ուղեղ պետք չէ՞ պառլամենտարիզմի միտքը պայծառեցնելու համար: Ճիշտ է, ընտրությունների ճակատամարտն ավարտված է, սակայն պատերազմը դեռ շարունակվում է: Ներկա իրավիճակի հետ չհաշտվող Դավիթ Հակոբյանը հիասթափված է նաև անմիաբանության պատճառով հոգեվարքի մեջ հայտնված ու դեռ հարություն առնելու փորձեր անող ընդդիմությունից, և համոզված է, որ նախագահական մարաթոնին այն միասնական թեկնածու չի առաջադրի: Անվերջանալի կրակահերթն ուղղելով իշխանությանն ու ընդդիմությանը` Դավիթ Հակոբյանը միակ ճիշտ և տրամաբանող քաղաքական ուժը համարում է իրեն(ց), չպատկերացնելով անգամ, որ գորդյան հանգույցում հայտնված երկրի համար անկանխատեսելի վարքագիծ ունեցող, երգող-պարող լիդերը կարող է միայն անճրագ փարոս հանդիսանալ:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ