ՀԺԿ-ն չի համակերպվում


Նախանձելի ինքնավստահությամբ և սխալներից դաս չառնող ՀԺԿ-ը զենքերը վայր չդնելու համառությամբ նախագահական ընտրություններին մասնակցելու նորանոր ծրագրեր է մշակում և, անշուշտ, միասնական թեկնածու առաջադրելու պայմանով: Թեև անցած ուղու վերլուծության արդյունքում հայտնաբերած սխալներն ակնառու են, սակայն ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը, չցանկանալով մանրամասնել դրանք, շարունակում է պնդել, թե իրենց պարտության և ժողովրդի վստահության կորստի պատճառը որպես քաղաքական պայքարի ձև ընտրած բոյկոտը չէ: - Անհաջող ընտրություններ եղան, հերթական հանցագործությունը կատարվեց սեփական ժողովրդի նկատմամբ: Պատերազմում հաղթած ժողովրդին, Եռաբլուր ունեցող ժողովրդին բերեցին-հասցրեցին ստրկական վիճակի: Ես մեծ կարծիք ունեմ ժողովրդի մասին, սակայն նրան պարզապես գնեցին: ՀԺԿ-ն չի համակերպվում այն մտքի հետ, որ իր որևէ բացատրություն ժողովրդի համար այլևս ընդունելի չէ, քանի որ ընդդիմության մասին ձևավորված կարծիքը, թե նրանք պայքարել և այս անգամ էլ պայքարում էին միայն իրենց մանդատների համար, անբեկանելի է: ՀԺԿ-ի տեսանկյունից ներկայիս ԱԺ-ը չի ներկայանում ժողովրդի ներկայացուցչական մարմին. ի՞նչ դերակատարություն պետք է ունենա 15 հոգանոց ընդդիմությունը: Կուսակցության քարտուղարը գուցե մոռանում է, որ նախորդ ԱԺ-ում քանակով անհամեմատ ավելի շատ ընդդիմությունը որևէ լուրջ գործ չարեց նույն ժողովրդի համար: Թեև Գրիգոր Հարությունյանը հիշեցնում է ձեռքի տակ ունեցած բազմաթիվ կեղծիքների մասին, սակայն ի՞նչ օգուտ դրանից, երբ ընդդիմութ յունը ընդունակ չեղավ իրեն պաշտպանել ոչ ԱԺ-ի ներսում, ոչ դրանից դուրս: Արտաքուստ հանգստություն պահպանող ՀԺԿ-ի համար անշուշտ ծանր է հատկապես հիմա կուսակցության շարքերը լքողների արարքը: Դեռևս 1999-ից ՀԺԿ-ից հեռացած Արմեն Խաչատրյանին և Գագիկ Ասլանյանին այսօր հետևել է Վարդան Մկրտչյանը, իսկ վաղը գուցե թե հեռանա Ստեփան Զաքարյանը: - Մեր գործընկերներից Վարդան Մկրտչյանը հայտարարել է, թե հեռանում է քաղաքականությունից: Ես առիթ չեմ ունեցել նրա հետ զրուցելու, չեմ կարող ասել հեռանալու բուն պատճառը: Ամեն դեպքում նման մոտեցումը համարում եմ ոչ ճիշտ: Գուցե թե սպասենք, ժամանակը գա, նա ինքը կպատասխանի: Իսկ Ստեփան Զաքարյանը դեռ դիմում չի ներկայացրել: Հերքելով Ստեփան Զաքարյանին կուսակցությունից հեռացնելու մասին շրջանառվող լուրերը, Գ. Հարությունյանը տեղեկացնում է, որ սկզբնական կազմակերպության նախաձեռնությամբ քննարկվել է վերջինիս` լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցը և հույս հայտնում, թե առաջիկայում ամեն ինչ կպարզվի: Իսկ կուսակցության շարքերը լքողների քաղաքական գնահատականն, ինչ խոսք, ՀԺԿ-ն, անշուշտ, կտա: «Բայղուշություն» չհամարելով 2008-ի նախագահական ընտրություններում ՀԺԿ-ը հավանական պարտությունը, ցանկալի է ճշտել, արդյո՞ք այս դեպքում ՀԺԿ-ն որպես «բարի» հուշ չի մնա Հայաստանի քաղաքական դաշտը հերկող կուսակցությունների պատմության ցուցակում:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ