ՁԱԽՈՂՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԷՐ


Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մեր նախորդ հրապարակման մեջ կարծիք էինք հայտնել, թե հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Քոչարյան-Ալիև հանդիպման արդյունքում որևէ համաձայնություն չի կայանա: Մեր այս ենթադրության համար ի թիվս այլ, այդ թվում նաև աշխարհաքաղաքական գործոնների, հիմք էր ծառայել նաև Երևանում Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի և Յուրի Մերզլյակովի` առաջին հայացքից կարծես ի միջի այլոց, իրականում` բազմաբովանդակ ակնարկը, թե Ս. Պետերբուրգում Քոչարյանի և Ալիևի միջև համաձայնություն չկայանալու դեպքում կարգավորման գործընթացը կձգձգվի և 2008-ին ստիպված կլինեն նոր նախագահի հետ ամեն ինչ սկսել զրոյական կետից: Մեր կանխատեսումները Ս. Պետերբուրգում իրականացան. որևէ առաջընթաց չգրանցվեց: «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով հավաստի աղբյուրները, տեղեկացրեց, որ երեք ժամ տևած բանակցությունների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը պահանջում էր, որպեսզի խաղաղության համաձայնագրում նշվի նաև ԼՂ կարգավիճակի մասին հարցը, դրա շուրջ կայանալիք հանրաքվեի տեխնիկական պայմանները: Սակայն Իլհամ Ալիևը պնդել է, որ համաձայնագրում կարգավիճակի մասին կետ չպետք է լինի: Եվ նախագահները բաժանվել են` նույնիսկ հաջորդ հանդիպման մասին չպայմանավորվելով: Ս. Պետերբուրգյան հանդիպման այս արդյունքն, ըստ էության, տրամաբանական շարունակություն-եզրափակումն է այն քաղաքականության, որ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, վարում են աշխարհի հզորները` Մեծ ութնյակի երկրները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Փաստորեն, միջնորդները առաջարկում էին խնդիրը լուծել երկու` տարածքային ամբողջականության պահպանման և ինքնորոշման սկզբունքների համադրման միջոցով, ինչը նշանակում է ԼՂ-ին տալ լայն ինքնավարություն` Ադրբեջանի կազմում` առանց հաշվի առնելու ոչ հեռու անցյալի իրողությունները: «Հիմնվել պատմության վրա սխալ է: Այդ դեպքում Եվրոպան այնպիսին չէր լինի, ինչպիսին հիմա է»,- դեռևս Երևանում ասել էր Յու. Մերզլյակովը: Այստեղ բախվում ենք մեծ քաղաքականության երկակի ստանդարտներին: Խնդիրն այն է, որ ղարաբաղյան հակամարտության պատճառի խորքում Ցեղասպանությունն է, այն Ցեղասպանությանը, որը չընդունելու, չճանաչելու պատճառով Թուրքիայի առջև չեն բացվում ԵՄ դռները: Ավելի պարզ` ԼՂ-ն չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, որովհետև Ղարաբաղի հայությունը ոչ հեռու անցյալում ցեղասպանության է ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Որ Ս. Պետերբուրգում որևէ համաձայնություն չի կայանալու, հուշում էր նաև այն, որ հունիսի 9-ից ընդամենը մի քանի օր առաջ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, բնական համարելով տարածքներ վերադարձնելու Ադրբեջանի պահանջները, պնդեց դրա հետ միաժամանակ բանակցությունների սեղանին ԼՂ կարգավիճակի հարցը դնելու անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում, Ա. Ղուկասյանի խոսքերով` Ղարաբաղը ուլտիմատիվ ձևով Հայաստանից կպահանջի դուրս գալ բանակցային գործընթացից: Սակայն այս պատմության մեջ չարժե աչքաթող անել մի ոչ պակաս կարևոր հանգամանք: ՄԽ համանախագահները, թերևս, երբևէ հանրության առջև այս աստիճան չէին բացել խաղաթղթերը, ինչպես վերջին այցի ժամանակ: Հավանաբար, այդպիսով նրանք նպատակ ունեին պարզելու հասարակության տրամադրվածությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման` առաջարկվող սկզբունքների հարցում: Արձագանքը չուշացավ, և կարծում ենք` առավել, քան խոսուն էր: ԼՂՀ նախագահի հիշյալ հայտարարությունը երևի թե անակնկալ չէր ՀՀ իշխանությունների և քաղաքական շրջանակների համար: Նույն պրիզմայով պետք է դիտարկել նաև ի պաշտպանություն ազատագրված տարածքների` երթերն ու դիմումները` ուղղված ՀՀ կառավարությանն ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակին: Դե, ինչ, Ս. Պետերբուրգի և դրան նախորդած` Երևանում ունեցած հանդիպումների արդյունքում ՄԽ համանախագահները երևի արդեն վերջնականապես համոզվեցին (եթե մինչ այդ կասկածում էին), որ հակամարտության կարգավորման առաջարկներն այնքան էլ հավասարակշռված չէին, ինչպես իրենք էին հավաստում: Մնում է հուսալ, որ այսուհետ, իսկապես հավասարակշռված առաջարկներ և կարգավորման նոր սցենարներ կլինեն: Առաջարկներ, որտեղ ադրբեջանցի փախստականների հետ համահավասար հաշվի առնված կլինեն նաև հայ փախստականների խնդիրները, որ չեն անտեսվի այն անժխտելի իրողությունները, որոնք, որքան էլ պատմական, նույնքան էլ արդիական են:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ