ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ


Մինչև մայիսի 31¬ը` ՀԱԿ հերթական հանրահավաքը, ըստ էության, ներքաղաքական «հրադադար» է հայտարարված: Վերլուծությունների ու կանխատեսումների շրջան է: Այս օրերին կարծիքների ու գնահատականների պակաս որքան էլ չզգացվի, այնուամենայնիվ պարզ է, որ մայիսի 31¬ին «կիսաբաց դուռը» մինչև վերջ է բացվելու: Իհարկե, միամտություն կլինի կարծել, թե հանուն մի քանի քաղբանտարկյալի ազատության (որոնց անձը հատկապես այս օրերին Լ. Տեր¬Պետրոսյանը շատ է սկսել կարևորել), սկսեց առարկայանալ երկխոսությունը: 2-3 տարի առաջ մարտի 1¬ից հետո ձերբակալվածների թիվն ավելի մեծ էր, բայց նույն ընդդիմության հանրահավաքները միմիայն վերջնագրերով էին սկսվում և ավարտվում: Երկխոսելու անհրաժեշտությունն իշխանությունը սկզբից ևեթ կարևորեց, մինչդեռ առաջին Նախագահը վերջին շաբաթներին միայն սկսեց կարծել, թե երկրում «իրավիճակ» է փոխվել... Իրականում ոչ թե իրավիճակը, այլ իշխանության հանդեպ Լևոն Տեր¬Պետրոսյանի վերաբերմունքն է փոխվել: Լավ է դա, թե վատ` հետզհետե տեսանելի դարձող համագործակցության վերջնական կայացումից հետո միայն կերևա: Այսուհանդերձ, կարևոր մի հարցում առաջին Նախագահը նորից է ինքն իրեն հակասում: Իշխանության հետ միմիայն հանրահավաքային վերջնագրերով մենախոսելու ժամանակներում բոլոր նրանք, ովքեր համագործակցության եզրեր էին փնտրում ու գտնում, ՀԱԿ քարոզչամեքենայի արգահատանքին էին արժանանում: Իսկ իր նոր ճանապարհն ավելի վաղ անցածներին քննադատելիս, Լ. Տեր¬Պետրոսյանը հազիվ թե չպատկերացներ, որ քաղաքականության մեջ «կամ¬կամ»¬ը միայն ժամանակավոր, եթե չասենք այդրոպեական ազդեցություն կարող է ունենալ: Եվ արդյունքում` «Ով մեզ հետ չէ` մեր դեմ է» դրույթը (ու նույնիսկ նրա սիրած «տականք» արտահայտությունը) հենց Լ. Տեր¬Պետրոսյանին բարոյականության թակարդը գցեց: Ամենատարբեր ընդդիմադիրներ տարբեր ժամանակներում իշխանության հետ ամենասերտ համագործակցության քայլին դիմել են, սակայն որևէ մեկի որոշումը միջհանրահավաքային քննարկումների թոփ¬թեմա չի դարձել: Հիմա էլ զարմանալի չի լինի, եթե իր վերջին հանրահավաքը գրեթե մեն-մենակ անցկացրած Տիգրան Կարապետիչն էլ բարեկամության կամուրջներ սկսի որոնել: Կենտրոնում նա իր տեղը չգտավ, ընդդիմադիր դաշտում ավելի արագ ձախողվեց... Այս շրջանի ներքաղաքական քննարկումների կիզակետում առաջին Նախագահի` երկխոսության պատրաստակամության թեման է: Նրա որոշումն էլ` օրինաչափ: Իսկ հեռուստատեսություն ունեցող քաղգործիչները գոնե այսուհետ իշխանության դաշնակիցներին Լ. Տեր¬Պետրոսյանի նման «հաճախորդներ» չպետք է պիտակեն: Այլապես` այս օրինաչափությունն ընտրելիս նրանք էլ բարոյական և հոգեբանական առումներով այսչափ անհարմար իրավիճակում կարող են հայտնվել: