ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՄՈՒՂԱՄԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ԿԼԿԼՈՑՆԵՐԸ


Պոլսահայ մի շարք մտավորականների հետ ունեցած մեր հեռախոսազրույցները վկայեցին, որ նրանք շատ ճիշտ ու դիպուկ են ընկալել նախարարի հայտարարութ յունը, գնահատել են նրա քաղաքացիական համարձակությունն ու վստահությունը, պատմական փաստերը չսքողելու վստահ կեցվածքը: Ուրեմն, այստեղ թուրքական մամուլը շարունակում է իր մաշված «մուղամները զլել»` հավանաբար համոզված լինելով, որ ձայնակցողներ կլինեն: Իսկ «ձայնակցեցին» հայկական մի շարք էլեկտրոնային կայքեր, որոնք թունոտ ու ճղճիմ գտնվելով` գնացին դեպի ընդհանրացումը` հայտարարելով, թե «շուտով Ղարաբաղն էլ սփյուռք կդիտարկվի»... ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությունը կանանց հիմնախնդիրների համաշխարհային կոնգրեսին և հանդիպումները ստամբուլահայ համայնքի ներկայացուցիչների հետ` լայն արձագանք են գտել հենց ստամբուլահայ մամուլում: Նախարարի այցելությունները հայկական կրթական հաստատություններ, հանդիպումները «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցում լուսաբանվել են «Մարմարա» օրաթերթում: Իսկ լուսաբանումները զուգորդված են ջերմ ու սրտառուչ զգացումներին: Ստամբուլահայ հնագույն թերթերից մեկը հիացմունքով է խոսում նախարարի վարած զրույցների, նրա և մտավորականության միջև ծավալված խոսակցությունների մասին: Միաժամանակ ոգևորությամբ տեղեկացնում է, որ Սփյուռքի նախարարը մի շարք հայ մտավորականների` իրենց ակնառու վաստակի համար, պարգևատրել է նախարարության բարձրագույն պարգևներով: Պարգևատրվածների մեջ էր նաև Դիարբեքիրում ապրող արձակագիր Մարկոսյանը: Նախարարի այցով հիացած ստամբուլահայերը երկար ժամանակ չկարողացան վայելել իրենց ուրախությունը, երբ թուրքական «Հուրիեթում» հայտնվեց մի հրապարակում, ըստ որի` պոլսահայերը խիստ վիրավորված են նախարարի այցելությամբ, նրա կողմից տրված պարգևներով և մանավանդ այն հանգամանքով, որ Հրանուշ Հակոբյանը պոլսահայերին սփյուռքահայեր է անվանել: Ավելին, իբր Մկրտիչ Մարկոսյանը հայտարարել էր. «Ես ապրում եմ իմ դարավոր հողում, ես սփյուռքահայ չեմ»... Այստեղից էլ մի եզրակացություն` պոլսահայերն իրենց սփյուռքահայ չեն համարում, որովհետև ապրում են իրենց նախնիների հողում... Հենց այս «եզրակացությունն» էլ ստիպեց կասկածանքով վերաբերել «Հուրիեթի» հրապարակմանը, չհավատալ, որ Մկրտիչ Մարկոսյանը կարող էր նման հայտարարություն անել մի երկրում, ուր շարունակվում են ճնշումները հայերի նկատմամբ, և ուր հայերը զրկված են իրենց բնիկ կոչելու իրավունքից ու հնարավորությունից: Այո, պոլսահայերն իրենց սփյուռքահայ չեն կոչում, և սրանում կա ճշմարտություն, որովհետև նրանք իրենց արմատների մոտ են, նրանք այստեղ ապրել են և շարունակում են ապրել: Իհարկե, դիարբեքիրցի Մկրտիչ Մարկոսյանն էլ չէր կարող իրեն պոլսահայ համարել, որովհետև, ծանոթ լինելով այս շնորհալի մտավորականին, գիտենք, որ նա հպարտանում է իր` տիգրանակերտցի լինելու փաստով: Եթե պոլսահայերը սփյուռքահայ չեն, ապա նման սևեռում չի ունեցել նաև Հրանուշ Հակոբյանը` նրանց համարելով սփյուռք ձևավորած համայնք` այսպիսով Թուրքիայի հողում համարձակորեն հայտարարելով, որ Ցեղասպանության հետևանքով ձևավորված Սփյուռքը ծնունդ է օսմանյան կայսրության վարած հայաջինջ քաղաքականության: Աղավաղելով փաստերը և խեղաթյուրելով նախարարի խոսքը` թուրքական լրատվամիջոցները, որոնց թիկունքին Էրդողանի հանձնակատարներն են, շարունակում է սեպ խրել Հայաստանի և նրա սահմաններից դուրս ապրող հայության միջև, խանգարել, որ միասնական ու միակամ լինեն բոլոր հայերը: Սփյուռքի նախարարի այցը Ստամբուլ պիտի դիտարկել նրա քաղաքական նշանակության համածիրում, պիտի համարել կարևոր ու նշանակալի իրողություն: Մինչդեռ այցի քաղաքական ու դիվանագիտական ենթաշերտերն ուսումնասիրելու փոխարեն, որոշ հայ «հուրիեթականներ» ջուր են լցնում թուրքական ջրաղացին` այսպես նաև խռովեցնելով պոլսահայ մտավորականներին, մոտ 60 հազարանոց հայ համայնքին, ովքեր վարժվել են թուրքական ապատեղեկատվությանը, սակայն անհանդուրժելի են համարում այն, որ հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ համերաշխորեն կրկնում են ապատեղեկատվությունը: Սա արդեն մտորելու հիմնավոր առիթներ է ստեղծում, պարտադրում խոսել «մեր միջի թուրքի» մասին, այն մասին, որ քաղաքական շահարկումներով տարված որոշ լրատվամիջոցներ չեն խորշում ցանկացած առիթ օգտագործելով` վնասել մեր արտաքին քաղաքականությանը, այն գործունեությանը, որը ծավալել է Սփյուռքի նախարարությունը: Քաջածանոթ լինելով պոլսահայ համայնքին և մտերմություն հաստատած լինելով այնպիսի ականավոր մտավորականների հետ, ինչպիսիք են Ռոպպեր Հատտեճյանը, Զարեհ Խրախունին, Արման Վարդանյանը, Մաքրուհի Պ. Հակոբյանը և ուրիշներ, գիտենք, որ նրանք ցավով ու ափսոսանքով են վերաբերվում հայաստանյան էլեկտրոնային կայքերի «ձայնակցումներին» և մտավախություն են ապրում, որ ձևավորված նոր երկխոսությունը Հայաստանի և պոլսահայերի միջև կարող է մթագնել, կարող են նորից մոռացության կամուրջները հառնել...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ