ՍԱՀՄԱՆԱՊԱՀԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ


Սահմանապահ զորամասի դասակի հրամանատար Երվանդ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո պայմանագրային ծառայության անցավ ԼՂՀ սահմանամերձ զորամասերից մեկում: Նա կարևորեց առաջնագծում ծառայությունը, քանզի սպան հոգեբանորեն պատրաստ պետք է լինի` բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու: - Անշուշտ, սահմանագծում ծառայությունը բոլորովին այլ է: Կյանքի դժվարությունները հաղթահարելիս ավելի ակնհայտ են դառնում հմտություններն ու փորձը: Իսկապես, պատիվ է ծառայել առաջնագծում: Դրական արդյունք ակնկալելու համար տարբեր խառնվածք ունեցող զինվորներին անհատական մոտեցում պետք է ցուցաբերել: Թե´ մարտական հերթապահությունում, թե´ մշտական տեղակայման վայրում ծառայողների ամեն քայլի համար ինքս պատասխանատվություն եմ կրում: Նրանց հետ տարվող տարաբնույթ աշխատանքի արդյունքում բացահայտում ենք բանիմաց, իրենց պարտականությունները փայլուն, անտրտունջ կատարող երիտասարդների: Երկու տարվա ընթացքում ծառայող տղաների կյանքում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում. նրանք ձեռք են բերում երևույթները համարձակ վերլուծելու կարողություն: Մարտական առաջադրանքներում նրանք խիզախ են: Իսկ հայ սպան պետք է լինի խելացի ու ազնիվ, քանզի այլ կերպ զինվորի վստահությունը չես շահի: Հետևաբար մեր հոգատարությունն ու ազնվությունն են սպա-զինվոր առողջ փոխհարաբերության հենքը: Սահմանագծում ծառայող զինվորների մասին տպավորությունն առավել ամբողջական դարձավ նրանց հետ հանդիպման ընթացքում: Թե ինչպիսի սպասումներով են մտել զորամաս և ընդհանրապես ինչ են բացահայտել զինծառայության ընթացքում` պարզ դարձավ նրանց անկեղծ մտորումներից: Ալիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ Գեղարքունիքի մարզից է: Հայոց բանակ զորակոչվել է 2010թ. հունիսին: Մինչ այդ` ավագ ընկերներից բազմիցս հետաքրքրվել էր զինվորական առօրյայով, սակայն զորակոչվելուց հետո էր միայն հասկացել, որ սահմանամերձ զորամասում ծառայելը կրկնակի պատասխանատվություն է: Այն զգոնություն է պահանջում` բացահայտելով ներքին կարողություններդ: Ալիկը հրաձգային վաշտից է: Զինվորին վայել արժանապատվությամբ ծառայում է առաջին գծում` հանուն հայրենիքի ու ընտանիքի: Փորձելով բնութագրել մերօրյա զինվորի մոտեցումը զինծառայությանը` վստահաբար ասում է. - Մեզ մոտ զինվորը մարտական խնդիրներն իրականացնելիս ցուցաբերում է խիզախություն ու կամք: Սահմանապահ զինվորն իրեն ավելի պարտավորված է զգում, և դա մեծապես պայմանավորված է հրամանատարական կազմի բարոյահոգեբանական ճիշտ մոտեցմամբ: Ծառայության ընթացքում ձևավորվում է միասնականություն. համախմբվելու, դժվարությունները համատեղ հաղթահարելու կամք: Ծառայություն է, ի վերջո դժվարություններ միշտ էլ լինում են, նախ` ճանաչում ենք ինքներս մեզ, ապա` կայացման ճանապարհ ենք անցնում: Իսկական ընկերն այստեղ է երևում: Հովհաննես ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, Արմավիրի մարզից է, 2011 թ. հունիսին լրանալու է զինծառայության մեկ տարին: Դիրքապահ Հովհաննեսի համար կարևոր է զինվորի` հոգեպես ու ֆիզիկապես պատրաստակամ լինելը, դժվարություններն անտրտունջ հաղթահարելը: - Հայ զինվորը լավ է գիտակցում, որ ազգի խաղաղության ու անվտանգության ապահովումն իր ուսերին է, իսկ մենք մեր գործը լավ գիտենք` շնորհիվ մեր հրամանատարական կազմի: Զինծառայությունը կյանքի լավագույն դպրոց է: Մի քանի ամսից Հայոց բանակ կզորակոչվի նաև կրտսեր եղբայրս: Որքան էլ նա հետաքրքրվի` ինչն է կարևոր զինծառայության ընթացքում, միևնույն է, սեփական փորձով պետք է համոզվի: Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ ինքն է պահելու մեր հողը: Զորացրվելուց հետո բազում ծրագրեր ունեմ իրականացնելու: Կավարտեմ համալսարանը և կկարողանամ գտնել իմ տեղը կյանքում: Խաղաղ ծառայություն ձեզ` հայ զինվորներ, և անամպ երկինք` Հայաստան աշխարհին:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ