«Հրեղեն ոգու կանչը»


ՍԵՐԺ Առաքելյանի «Հրեղեն ոգու կանչը» գիրքը կարդացի ոչ թե նրա համար, որ խոստացել էի խմբագրել և պարտավորված էի, այլ` որովհետև կարդացվում է հաճույքով: Պատճառը հեղինակի անկեղծությունն է և հարազատությունը նյութին: Գիրքն ամբողջության մեջ գեղարվեստական-վավերագրական ակնարկների ժողովածու է` Արցախյան ազատամարտում Մասիսի շրջանի «Զորավար Անդրանիկ» կամավորական ջոկատի մարտիկների ցուցաբերած արիության ու տոկունության, նրանց հերոսական սխրանքների մասին: Հայ ժողովրդի աստեղային ժամին կազմավորված բազմաթիվ կամավորական ջոկատների նման մասիսցիների ջոկատը նույնպես ստեղծվեց հիմնականում զինվորական կրթություն չունեցող աշխատավոր մարդկանցից: Նրանք զինվորի ու պատերազմելու մասնագիտությունը սովորեցին մարտի դաշտում` պապերից ժառանգություն մնացած հին հրացաններով և ինքնաշեն զենքերով: Սերժ Առաքելյանին հաջողվել է գրելուց առաջ ոչ միայն խնամքով ու բարեխղճորեն հավաքել ողջ նյութը, այլև այն դարձնել իրենը և ապրել հերոսների ապրումներն ու զգացողությունները: Նման հաջողված գիրք գրելու հիմնական առանցքը հենց դա է: Գիրքը գրված է հավաստի, առանց վերամբարձության և ճիշտ: Հետպատերազմյան շրջանում բազմաթիվ ճոխ ու հաստափոր գրքեր են տպագրվել, բայց շատ դեպքերում անխղճաբար աղավաղվել է ճշմարտությունը, կեղծվել մեր սուրբ պատերազմի պատմությունը: Ահա այս համատարած խոտանի ու կանխամտածված կեղծիքի ֆոնի վրա ավելի է բարձրանում այս գրքի արժեքը: Հեղինակը ջոկատի մարտական ուղու հանդարտ պատումը երբեմն ընդհատում է գեղարվեստական շեղումներով, օգտագործում հանրահայտ մարդկանց ասույթները, վարպետորեն անցումներ կատարում մի հերոսից մյուսին և, ընթերցողին համակելով իր տրամադրվածությամբ, նրան ուղեկցում է ջոկատի ու նրա մարտիկների հերոսական մարտական ուղիով` միևնույն ժամանակ ստեղծելով մեր հերոսական ժամանակաշրջանի անեղծ պատմությունը: Վստահորեն կարող ենք ասել, որ Արցախյան ազատամարտի պատմության գրականությունը համալրվեց ևս մեկ ճշմարիտ, հավաստի ու արժանահավատ աշխատութ յամբ:

Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ