ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ «ԱՆԱԿՆԿԱ՞Լ»


Քիչ է ասել, թե հայ երաժշտասերները շոկի մեջ են, շփոթված ու հուզված: Մայիսի լույս 11-ի գիշերն իսկապես հազարավոր երաժշտասերներ չկարողացան համակերպվել այն իրողության հետ, որ Հայաստանը դուրս մնաց եզրափակիչին մասնակցելու մրցավազքից` եվրոպական հեռարձակողների ամենահեղինակավոր երգի մրցույթում արձանագրելով ցավալի անակնկալ: Հայաստանը վեցերորդ անգամ էր մասնակցում մեծահասակների «Եվրատեսիլ»-ին, և այս տարի շատերը հույսեր էին փայփայում, որ վերջապես հնարավոր կլինի շրջանցել նախկինում գրանցված արդյունքներն ու հաստատել նոր իրողություններ: Իսկ նախկինում գրանցված արդյունքներից ամենաոգևորողը Սիրուշոյի արդյունքներն էին, երբ շնորհաշատ երգչուհին զբաղեցրեց 4-րդ տեղը: Սա մեր միակ բարձրագույն ձեռքբերումն էր, որից հետո Ինգա և Անուշ Արշակյանները եզրափակիչի արդյունքներով դուրս մնացին առաջին տասնյակից, իսկ 2010-ին Եվա Ռիվասին մեծ դժվարությամբ հաջողվեց զբաղեցնել 9-րդ տեղը: Սակայն երգչուհի Էմմիի արդյունքը` առաջին իսկ փուլում դուրս մնալ եզրափակիչի հավակնորդների ցուցակից` ամենախայտառակն էր «Եվրատեսիլի»` հայաստանյան մասնակցութ յան պատմության մեջ: Անպայմանորեն երաժշտության մասնագետներն ու այսպես կոչված հայկական շոուի «սեփականատերերը» դեռ երկար կքննարկեն այս փաստը, Հանրային հեռուստաընկերության պատասխանատուները կփորձեն ամեն ինչ բարդել ինչ-որ «քաղաքական» խաղերի, ներքին պայմանավորվածությունների, հայկական սփյուռքի պասիվության վրա: Ոմանք էլ ինքնամխիթարանքի տեսություն կհորինեն` հայտարարելով, թե «Եվրատեսիլն», այնուամենայնիվ, կապ չունի իսկական երգի ու պրոֆեսիոնալ կատարումների հետ... Ու իրենք իրենց տեսություններով կհանգստանան, սակայն ճշմարտությունը կմնա մեկ այլ տեղ, որին ոչ ոք չի ուզենա նայել: Իսկ ճշմարտությունն այն է, որ հենց հայկական իրականության մեջ է մասնակցությունը «Եվրատեսիլ»-ին վերածվել զարմանալի-դատապարտելի մրցավազքի, անդրկուլիսային խաղերի, ամբիցիաների պայքարի: Առաջին անգամ մեզանում ի սկզբանե որոշվեց երգչուհու անունը, ով պիտի մասնակցեր «Եվրատեսիլ»-ին` Էմմի, այսպիսով փորձելով «փոխհատուցել» նրան 2010-ի դիմաց... Իսկ 2010-ին նույնպես ամեն ինչ որոշվեց ներկուլիսային խաղերի արդյունքում: «Մերոնք» կարևորեցին երգի ընտրությունը` այստեղ ևս ամեն ինչ պարփակելով նեղլիկ շրջանակի մեջ, այստեղ ևս գործի դնելով «անհասկանալի» մեխանիզմներ: Երբ հայտնի դարձավ «հաղթող» երգը` շատերը տարակուսեցին, շատերը կարծիք հայտնեցին, որ «Բում-բում»-ը չի կարող մրցունակ լինել իր պարզունակ կառուցվածքով, մեղեդային միօրինակությամբ, ոճական պարզունակությամբ: Սակայն ոչ ոք չուզեց լսել արհեստավարժների կարծիքը, ոչ ոք չմտածեց այն մասին, որ որքան էլ «Եվրատեսիլ»-ը հանդիսանա ոչ բարձրակարգ մրցույթ, այնուհանդերձ այն ներկայացնում է որոշակի ժողովրդի մշակույթ, երգային որակներ: Եվ ունկնդիրներն ու մասնագիտական հանձնախումբը տվեցին իրենց գնահատականը: Անակնկալ ոչինչ տեղի չունեցավ. դեռ մրցույթից առաջ համացանցային քվերարկությունների և քննարկումների ժամանակ «Բում-բում»-ը չէր համարվում ֆավորիտ, ավելին, նույն ցանցերը և բուքմեյքերական գրասենյակները վկայում էին, որ Էմմին իր երգով չի հաղթահարելու առաջին փուլը... Ուրեմն, իսկապես ամեն ինչ օբյեկտիվ էր ու արդար: Երգի որակին գումարենք մրցույթի ժամանակ երգչուհու վատ կատարումը, որը ոմանք արդեն իսկ փորձում են բացատրել նրա մրսածությամբ... Տխուր է այս ամենը, անգամ` վիրավորական: Այս իրողությունը նաև մղում է կոչ անել «Եվրատեսիլի» հայաստանյան կազմակերպիչներին հետայսու ազնիվ և խստապահանջ լինել, մրցույթի նախնական փուլի դռները բացել իսկապես տաղանդավոր կոմպոզիտորների և կատարողների առջև` խույս տալով «հրահանգներից» ու անձնական շահագրգռություններից...