ԱՐԴՅՈ՞Ք ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հանրապետության պետական բուհերում ավարտվեց ռեկտորների ընտրության «առաջին շքերթը», որն սկսվեց Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում և ավարտվեց Վանաձորի Հ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Ռեկտորների ընտրություններ տեղի ունեցան վեց բուհերում: Դրանցից ամենաինտրիգայինն, իհարկե, Հերացու անվան բժշկական համալսարանն էր, որի` այսօր արդեն նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի անունը դարձել էր լրատվամիջոց ների կողմից ամենից շատ հիշվողներից մեկը: Բոլոր վեց բուհերում էլ, մինչև նոր ռեկտորների ընտրությունները, նշանակվել էին ժամանակավոր պաշտոնակատարներ, ովքեր էլ հետագայում «ընտրվեցին» ռեկտորներ: Ժամանակ առաջ, լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե` արդյո՞ք հենց պաշտոնակատարներն էլ դառնալու են ռեկտորներ, Կրթության նախարար Արմեն Աշոտյանը, իբրև թե հումորով, պատասխանել էր. «Լրագրողներն իրենց եզրակացություններում չեն սխալվում»... Լրագրողները կանխագուշակներ կամ մարգարեներ չեն, իհարկե, սակայն նրանք առաջնորդվում են այն իրողություններով, որոնք վաղուց ի վեր հաստատվել են մեզանում: Այդ իրողություններն էլ լուրջ մտորումների առիթ են: Մտորումներ, որոնք ծնունդ առան դեռևս այն ժամանակ, երբ ստեղծվեցին կառավարման խորհուրդները: Սրանք պիտի զբաղվեին բուհերի կառավարման խնդիրներով, լուծեին դրանց խնդիրները, իրականացնեին վերահսկողական գործառույթ: Անցած տարիների ընթացքում, սակայն, բացառությամբ ԵՊՀ¬ի կառավարման խորհրդի, մյուսները չանցան ձևական սահմաններից` այդպես էլ չդառնալով գործուն կառույցներ: Մի առիթով իմ մտերիմ բարեկամներից մեկը` գիտության դոկտոր, պրոֆեսոր, ասաց, թե իրեն նշանակել են ռեկտոր նշանակող խորհրդի անդամ: Իհարկե, նա այդ ասաց կատակով` նկատի ունենալով, որ կառավարման խորհուրդների միակ գործառույթը դարձել է ռեկտորների «նշանակումը»: Եվ արդեն արձանագրված իրողություններն էլ հաստատեցին, որ խորհուրդները հենց նման խնդրով էլ զբաղվեցին` յուրովի սասանելով մեր պատկերացումները բուհերի ղեկավարների ընտրության մասին: Բոլոր բուհերում պաշտոնակատարներից զատ` այլ թեկնածուների ի հայտ չգալը, վկայությունն էր այն իրողության, որ ի սկզբանե որոշումները կայացվել էին, ի սկզբանե «տեղի էին ունեցել» ընտրություններ: Հազիվ թե որևէ մեկը համարձակվեր հայտ ներկայացնել այն պայմաններում, երբ գիտեր, որ ընտրությունների փոխարեն գործելու էր նշանակումների մեխանիզմը` ընտրություն կոչվածը վերածելով ամենասովորական ձեռնածության... Պատահական չէ, որ բոլոր բուհերում պրոֆեսորադասախոսական անձնակազմերն ու ուսանողները չափազանց անտարբեր էին ընտրությունների հանդեպ: Նրանք համոզված էին, որ որևէ մեկին իրենց կարծիքը չի հետաքրքրելու, և բուհական ստորաբաժանումները ենթարկվելու են վաղօրոք կայացված որոշումներին` անգամ ընդունելով իրենց կողմից անընդունելի ռեկտորներին: Բուհերի կառավարման խորհուրդներում քիչ չեն կրթությունից շատ հեռու, պարզապես պատգամավորական մանդատներով զինված մարդիկ, ովքեր ձևական մասնակցությամբ լռելյայն կատարում են իրենց տրված պատվերները: Իսկ այդ պատվերները սովորաբար հայտնվում են ընտրությունների ժամանակ: Մենք անընդհատ խոսում ենք բարձրագույն դպրոցում բարեփոխումների իրականացման, կատարելագործման մասին, հատկապես բուհական համակարգում շահագրգռված ենք ժողովրդավարական արժեքների հաստատմամբ և ապաքաղաքականացմամբ: Մինչդեռ վերջին իրողությունները փաստեցին, որ դեռ երկար ժամանակ չենք կարողանա խոսել եվրոպական չափանիշներին մոտ կրթության մասին, և կթաքնվենք հակաժողովրդավարական ըմբռնումների վարագույրի հետևում` այդպես էլ չմոտենալով նոր արժեհամակարգերին...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ