Կապիտան Մարինեսկո. Հիտլերի անձնական թշնամին


2009 թ. ապրիլի 2¬ին Եվրախորհրդարանն ընդունեց մի բանաձև, որտեղ հավասարության նշան դրվեց ֆաշիզմի և կոմունիզմի միջև: Փաստորեն նույն հարթության վրա դրվեցին ու հավասարապես դատապարտվեցին ինչպես Եվրոպայի կեսը (մյուս կեսը նրանց էր միացել հոժարակամ) կայծակնային արագությամբ և շուրջ 50 հազար զոհերով նվաճած նացիոնալ¬սոցիալիստների և նույն այդ Եվրոպան ազատագրելու համար միայն մի քանի միլիոն մարդկային կյանքեր զոհած Խորհրդային կարգերի միջև: Համաձայնելով այդ «փաստաթղթի» հետ` դավաճանած կլինենք Երկրորդ համաշխարհային պատերազմում մեր պապերի ու հայրերի գործած սխրանքի հիշատակին, մեր տատերի ու մայրերի կրած կորուստներին ու տառապանքներին: Տեղն է ասել, որ մի անհավատալի ժրությամբ նման թղթեր դրոշմող ազատասեր եվրոպացիները բոլորովին էլ նույն կեցվածքը չէին դրսևորում գերմանական օկուպացիայի տարիներին: Թռուցիկ ծանոթությունն անգամ, ասենք, Ֆրանսիայի հյուսիսային կեսում բնակչության առօրյայի հետ, ոչ մի կասկած չի թողնի ասվածի վերաբերյալ: Փարիզն ապրում էր սովորական մշակութային կյանքով` նորաձևությունների ցուցադրություններ, տարատեսակ ցուցահանդեսներ, համերգներ. թատրոն, օպերա, բալետ: Գիշերային կյանքը եռում էր ռեստորաններում և այլ խրախճանատեղերում, որով այդքան հարուստ էր քաղաքը: Եվ միայն մի բուռ մարդիկ էին զինված դիմադրություն ցույց տալիս տարբեր դիվերսիոն գործողություններ իրականացնելով: Նրանց ճնշող մեծամասնությունը վճարեց կյանքով, իսկ արդեն սրանց ճնշող մեծամասնությունը նույն այդ կոմունիստներն էին, որոնց Ֆրանսիայում հենց այդպես էլ անվանում էին` «գնդակահարվածների կուսակցություն»: Երբ գիտես այս ամենը, չես կարող չհամաձայնել այն տեսակետի հետ, որ սեփական երկրի սահմաններից դուրս նետելով գերմանացիներին, հարկ էր կանգ առնել ու չքայլել դեպի Եվրոպա` վերջինիս մեն¬մենակ թողնելով ֆաշիստական «դրախտում»: Եթե, իհարկե, չգիտես, թե ինչպիսի հզորություն կարող էր ունենալ Երրորդ Ռայխն ու ինչ ուժ ձեռք բերել` անգամ խորհրդային ճակատում 1942-44 թթ. կրած սարսափելի պարտություններից հետո: Չէ՞ որ անգամ այդ ամենից հետո էլ Ադոլֆ Հիտլերի տրամադրության տակ էր 300 դիվիզիաներից բաղկացած 10 միլիոնանոց բանակ, ժամացույցի պես աշխատող ռազմական արդյունաբերություն, որը տարեկան արտադրում էր 40 հազար ինքնաթիռ: Եվ արդեն իսկ պատրաստ էր ստեղծել ռեակտիվ տեխնիկա ու ատոմային ռեակտոր: Լիզելով վերքերը` գերմանացիներն ունակ էին 1944-45 թթ. սկսելու է´լ ավելի սոսկալի ու կործանարար մի պատերազմ` 50 միլիոն զոհերի թիվն ավելացնելով ևս մի այդքանով: Ցավոք, մենք շատ քիչ ենք տեղյակ, թե ինչ տվեց գերմանական ռազմարդյունաբերական համալիրը միայն 1944-45 թթ.` իրենց համար նման օրհասական պայմաններում: Ինչպես էր Գերմանիան իրապես սպառնում դառնալ, այսպես ասած, «ծովերի տիրակալ»` իր առաջնակարգ ստորջրյա նավատորմով: «Ավտոմոբիլային արքա» Ֆերդինանդ Պորշեն սուզանավեր կառուցում էր հարահոսային մեթոդով` ընդհանուր առմամբ բարձրացնելով 1113 նավադրոշ (համեմատութ յան համար` պատերազմի սկզբին ամենամեծ ստորջրյա նավատորմը ԽՍՀՄ¬ինն էր` 200¬ից մի փոքր ավելի): 1944 թ. հունիսի 30¬ին խորհրդային 2 ոչ մեծ ռազմանավեր Բալթիկ ծովի Կոյվիստո ծովախորշում մարտի բռնվեցին գերմանական «Y-250» սուզանավի հետ: Առաջինը գրեթե անմիջապես տորպեդահարվեց ու ջրի տակն անցավ, բայց երկրորդին հաջողվեց մի քանի ժամ անց սուզանավը ծածկել խորքային ռումբերով: «M-105»¬ի կենդանի մնացած ղեկակալ Իվան Մարտեմյանովն ասաց` մենք տորպեդոյի հետքը չէինք տեսնում: Գերմանական սուզանավի խորտակումից հետո ջրի մակերևույթ ելան մի քանի կենդանի մնացած սուզանավորդներ: Նրանցից մեկը` «Y-250»¬ի հրամանատար Վերներ Շմիդտը, խոստովանեց` իր սուզանավը զինված էր T-5 և «Եղնջուտ» կոչվող էլեկտրական տորպեդոներով, որոնք պղպջակե հետք չեն թողնում և կողմնորոշվում են հակառակորդի նավերի պտուտակների ձայնով: Գերմանական գերգաղտնի զենք: Խորհրդային կողմին հաջողվեց դուրս բերել խորտակված նավը, թեև գերմանացիները կատաղիորեն ռմբակոծում և գնդակոծում էին դրա կործանման վայրը: Եվ բացահայտեցին այդ սարսափելի տորպեդոների գաղտնիքը: Պատերազմի վերջին Երրորդ Ռայխի ստորջրյա նավատորմը հասել էր իր տեխնիկական կատարելության գագաթնակետին: Բացի ձայնային և մագնիսային տորպեդորներից, գերմանացիները ստեղծել էին աշխարհում լավագույն` 21¬րդ շարքի նավեր, պլանավորելով 1945 թ. կառուցել 230 նման սուզանավ: Դրանք կարող էին զարգացնել 17,5 հանգույց արագություն` կրկնակի անգամ ավելի, քան հակահիտլերյան կոալիցիայի երկրների սուզանավերը: Սույն նավերը սարքավորված էին դիզելային կամ էլեկտրական շարժիչներով և կարող էին անցնել 10 հազար մղոն տարածություն: Եվ այդ ռեկորդը կգերազանցեն միայն ատոմային սուզանավերը: Պատերազմի սկզբին ունենալով ընդամենը 57 սուզանավ, գերմանացիները մինչև 1945 թ. կառուցեցին 1153 «Y-բոտաներ»: Ու թեև կորցրեցին դրանց 3/4¬ը, բայցև կարողացան խորտակել 3 հազար նավ` 15 միլիոն տոննա ընդհանուր տարողությամբ և 200 ռազմանավ: Տանկերի և ինքնաթիռների ամբողջական դիվիզիաներ մինչ օրս հանգչում են անթափանց խավարի խորքերում: Գերմանական Ռայխի ուժը, նրա դիվային, գրեթե գերմարդկային կազմակերպվածությունը ի ցույց դնելու համար ներկայացնենք մի դրվագ: 1955 թ. գերմանական քաղաքներից մեկի խորհրդային զորքերի պարետատուն գալով, մի գերմանացի պատմել է, որ Բալթիկ ծովի Ռյուգեն կղզու շրջակայքում ջրասույզ արված նավեր կան, որոնք պատրաստ են ցանկացած պահի ջրի երես դուրս գալ: Նրան հավատացին և շուրջ մեկ տարի շարունակ փնտրում էին այդ ստորջրյա գաղտնարանը: Եվ իսկապես էլ գտան այն ու սկսեցին մեկ առ մեկ վեր հանել: Բոլոր սուզանավերի յուրաքանչյուր մեկուսամաս բացարձակապես չոր էր: Նրանք բոլորը գտնվում էին իդեալական վիճակում, անգամ նրանցում առկա սննդամթերքը պիտանի էր օգտագործման: Դրանք բոլորը 26¬րդ շարքի հիտլերյան ամենավերջին մշակումներն էին: 1945 թ. ձմռանը գերգաղտնի պայմաններում սուզանավերը նախապատրաստել էին կոնսերվացման և իջեցրել 45 մետր խորություն ունեցող ջրի հատակը` վերևից խնամքով քողարկելով դրանք ջրիմուռներով: Ինչո՞ւ: Հաշվարկն այսպիսին էր. դաշնակիցների հաղթանակի դեպքում որոշ ժամանակ անց, երբ ԱՄՆ¬ը և ԽՍՀՄ¬ը վերածվեին կատաղի թշնամիների (իսկ Հիտլերը հույս էր տածում, որ այդ հակասությունները կպոռթկային դեռևս 1944¬ին), դրանք սկսեցին ջրասույզ անել երկու կողմերի նավերն էլ` սադրելով մի նոր համաշխարհային պատերազմ. այս անգամ արդեն Երրորդ Ռայխի ոչ վաղուցվա թշնամիների միջև: Սուզանավերի համար ընտրվել էին հատուկ անձնակազմեր, որոնք հատկապես պատրաստվել էին գալիք գործողությունների համար: Եվ ահա նույն այդ տարվա հունվարի 30¬ին խորհրդային սուզանավի հրամանատար, կապիտան Ալեքսանդր Մարինեսկոն այրվող ջահի վերածեց գերմանական «Վիլհելմ Գուստլով» վիթխարի նավը, որը հզորագույն պաշտպանության ներքո Դանցիգ քաղաքից դուրս էր հանում 7 հազար հիտլերյան սուզանավորդների: Նրանցից փրկվեցին միայն եզակիները, և Ադոլֆ Հիտլերը Մարինեսկոյին հայտարարեց իր անձնական թշնամի: Գուցե հենց ա՞յն պատճառով, որ խեղդամահ եղած սուզանավորդների մեջ էին և նույն անձնակազմերը, որոնք պետք է գործի գցեին թաքցված սուզանավերի շարժիչները: Եվ նրանից չէ՞ր արդյոք այդքան մոլեգնել առանց այդ էլ դիվոտ ֆյուրերը, որ այլևս չէր հասցնի զոհվածներին փոխարինողներ պատրաստել: Իսկ խորհրդային սուզանավը հարված հասցրեց` դիմելով ուղղակի ինքնասպան գրոհի. «Վիլհելմ Գուստլովին» մոտենալով ափի մոտ ծանծաղուտների կողմից, այն ողջ իրանով դուրս եկավ ջրի մակերևույթ:

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ