ՀԱՂԹԱՀԱՐՎՈՂ ԱՆՋՐՊԵՏ


Ստեղծվել է մի իրավիճակ, որն էլ իր հերթին տպավորություն է թողնում, թե Երևանն ու երևանցիները մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների պատրաստակամությունից ու բարյացակամությունից հաճելիորեն զարմացել են և մայիսի 31-ին չեն կողմնորոշվելու, թե իրենց մեկական հատիկ քվեով ինչպես շնորհակալ լինեն բոլորին: Իրականում, սակայն, ընտրազանգվածն այս առումով այնքան էլ անտարբեր չէ իր ձայնի հանդեպ ու լավ է հասկանում, որ խոստումնահեղեղի բուն նպատակը, ինչպես բոլոր նախորդ ընտրություններում, յուրաքանչյուրի քվեն ստանալուն է միտված. բոլոր ընտրությունների համար էլ դժվարին, բայց ոչ անլուծելի մի խնդիր կա, որի բանալին գտնելու նպատակին հենց ծառայում են քարոզչությանը հատկացված շաբաթները: Թե առաջիկայում ո՞ր քաղաքական ուժն ի՞նչ հաջողություն կարձանագրի, հետո միայն կերևա: Մի բան պարզ է. ընտրազանգվածի և քաղաքական ուժերի միջև խորացած անջրպետը կողմերից երկրորդի տևական անհետևողականության արդյունքում է խորացել: Եվ հաղթահարման խնդիրն էլ, բնականաբար, հենց կուսակցությունների ուսերին է ընկած: Ժամանակն է խոստովանել, որ եթե սովորաբար քարոզարշավների ընթացքում անելիքների ու ծրագրերի առատությունն է զարմացրել ընտրողներին, ապա քվեարկութ յունից հետո է°լ ավելի մեծ զարմանք է պատճառել այդ ամենի հանդեպ դրսևորված ընդգծված անտարբերությունը: Ահա թե ինչպես է ստացվել, որ հասկացված լինելու ձգտումն այս ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար նախընտրելի է դարձնում հատկապես քարոզչության անմիջական շփումների տարբերակը` բակային հանդիպումները: Հայրենի կուսակցությունները թերևս եզրահանգել են, որ վերոնշյալ քարոզչաձևն ամենաուղիղ տարբերակն է` անջրպետը, ընտրազանգվածի կարծրացող անտարբերությունը հաղթահարելու: Երևանցիների երազանքներն ու պատկերացումներն ամբողջացնող մայրաքաղաք ունենալու հեռանկարը մեկ այլ պարագայում միգուցե այսչափ տեսանելի չլիներ: Հիմա մարդիկ իրենց ցանկությունները քաղաքապետացուներին ուղղակիորեն հասցնելու հնարավորությունն ունեն: Հնարավորություն, որն ինքնաբերաբար հետին պլան է մղում քարոզչության միակողմանի եղանակները, ասենք` հեռուստագովազդը: Այնպես որ, մեր ժամանակների ընտրողը քվեի դիմաց ակնկալում է առնվազն իր բողոքը, դժգոհությունը լսելի դարձնելու հնարավորություն և ինչ-որ ժամկետում դրանք լուծված տեսնելու երաշխիք` անձամբ ընտրվել ցանկացողի կողմից: Իսկ նախընտրական ծրագրերը, որքան էլ յուրաքանչուր քաղաքացու մտահոգությունների ու խնդիրների ամբողջացումը հանդիսանան, միևնույն է, ընտրազանգվածին ավելի շատ կոնկրետ հարցին տրվելիք նույնքան որոշակի լուծման հեռանկարն է դեպի ընտրատեղամաս առաջնորդելու: Լավ է, թե վատ, բայց տեղական ընտրություններում նախապատվությունները ոչ այնքան կուսակցական գաղափարախոսությունների միջև են բաժանվում. այլ խիստ կենցաղային խնդիրների, ասենք` լուսավորությունը, կանաչապատումը, ինչու չէ, նաև այդքան չարչրկված աղբահանությունը նույնպես կարևոր գործոններ են: Ուստիև, երբ քարոզչության առաջին տասնօրյակն էլ իր հերթին է վերոնշվածը հաստատում, ավելի անհասկանալի է դառնում որոշ ուժերի` ամեն գնով մայրաքաղաքային քվեարկությունը քաղաքականացնելու շարունակվող միտումը: Ի վերջո, երևանցիների համար կարևորը կուտակված անհաշվելի խնդիրների լուծումն է: Եվ ոչ թե այն, թե հատկապես ո՞ր քաղաքական թիմն է ստանձնելու նախաձեռնությունը: Հետևաբար, ընտրազանգվածին առաջնորդելու է պարզ ու մարդկային մի գզացողություն` վստահությունը: Իսկ այս առումով շահեկան վիճակում են հայտնվելու հատկապես բազմափորձ քաղաքական թիմերը: Այնպես որ, նույն բակային հանդիպումներին մասնակցող ստվար բազմությունից ու սակավամարդությունից հեշտությամբ կարելի է եզրակացնել, թե մեր համաքաղաքացիները մայիսի 31-ին հատկապես ո՞ր քաղաքական ուժերին են նախապատվություն տալու: