«Միայն խղճիդ առաջ պատասխան տուր. մնացածն անցողիկ է…»


Ահա այս հավատամքով էլ մինչև կյանքի վերջը ապրեց և արարեց Ջավախք աշխարհում ծնված, հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը` գրող, արձակագիր, հրապարակախոս Մկրտիչ Սարգսյանը, ում ծննդյան 85-ամյա հոբելյանը հանդիսավորությամբ նշեցին նրա գրչի երկրպագուները: Ինչպես ՀԳՄ նախագահ Լևոն ԱՆԱՆՅԱՆԸ նշեց. - Մենք խոնարհումով պիտի արձանագրենք, որ Մկրտիչ Սարգսյանը` իբրև հայ մարդ, իբրև բացառիկ անհատականություն, իր մեծ վաստակն է ժառանգել մեզ: Մենք հավաքվել ենք` մեր սիրո, մեր սրտի խոսքն ասելու: Նա նոր երակ բացեց մեր գրականության մեջ և 20-րդ դարի 2-րդ կեսին մեր պոեզիայում փայլատակած աստղաբույլի կողքին իր գրչակիցների հետ ևս մեկ անգամ հաստատեց մեր պոետական, հատկապես ավանդական գծի հավերժականությունը: Ուզում են շեշտել նրա բերած թարմությունը, նրա ինքնատիպությունը, անկեղծությունն ու հայրենասիրությունը, պատերազմին ո°չ ասելու, մեր կյանքում ներդաշնակություն հաստատելու ձգտումը, որ արտացոլված է նրա տասնյակ գրքերում: Մկրտիչ Սարգսյանին նվիրված հուշ-ցերեկույթին ներկա գրական հին ու նոր սերնդի ներկայացուցիչները, ընկերներն ու բարեկամները, բոլոր նրան ճանաչողները գեղեցիկ հուշեր պատմեցին շռայլ հոգի ու մեծ սիրտ ունեցող գրողի մասին: Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. - Մկրտիչ Սարգսյանի շատ գործեր պատվավոր տեղ են գրավել պատերազմի թեմաներով մեր ոչ այնքան հարուստ գրականության մեջ: Բազմաթիվ վեպեր են գրվել Հայրենական պատերազմի մասին, դրանցից ոչ մեկը չունեցավ այն կշիռը, ինչպես «Սերժանտ Կարոն» վիպակը, որում հայ աշխատավոր մարդու կերպարն է, ով մեկնում է ռազմաճակատ և ազնվորեն կատարում իր գործը: Ոգևորությամբ ընդունվեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր ԲՈԺԿՈՅԻ հաղորդած լուրը, որ պատերազմի բովով անցած գրողը հետմահու պարգևատրվել է «Ուկրաինայի ազատագրության համար» մեդալով: - Մկրտիչ Սարգսյանն անցել է պատերազմական դժվարությունների, մեծ փորձությունների միջով, բայց մարդ է մնացել, մեծ մարդ: Բոլորին տրված չէ այդ մեծ շնորհը,- ասաց դեսպանը` վերհիշելով, թե ինչպիսի հետաքրքրությամբ, համարյա մի շնչով է կարդացել «Սերժանտ Կարոն» վիպակը` Հայաստանում ուսանելու տարիներին, երբ դեռ նոր էր սովորում կարդալ հայերեն: Մկրտիչ Սարգսյանի գրական մեծ վաստակի, նրա` թե° իր հասակակիցների, թե° երիտասարդների համար որպես անզուգական ընկեր լինելու մասին էին խոսում բոլոր ելույթ ունեցողները` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը, «Հայկական հանրագիտարանի» տնօրեն Հովհաննես Այվազյանը, դրամատուրգ Նելլի Շահնազարյանը, արվեստագետ Լևոն Մութաֆյանը, բանաստեղծներ Թաթուլ Բոլորչյանը, Բագրատ Ալեքսանյանը, Վարդան Վանատուրը, որդին` հրատարակիչ Վահագն Սարգսյանը և ուրիշներ` բնութագրելով նրան որպես «հացով մարդ», «հարեհաս մարդ», ով վստահ էր, որ ամենաբարձր պարգևը խղճի մաքրությունն է:

Գալյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ