Հա՞ որ...


ԵԹԵ էկոնոմիկայի մեր նախարարին հավատանք, ուրեմն թուրքական կողմն էլ արտարժույթի շարունակական թանկացման պայմաններում կարող է նույնիսկ անշահավետ համարել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների զարգացումը: Այսպես, Ներսես Երիցյանը օրերս հայտարարել է, թե Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ ճգնաժամն արտահայտվում է գնանկմամբ: Մնում է կարծել, թե հարգարժան նախարարը երբեք անձամբ գնումներ չի կատարում, կամ էլ երբևէ շարունակաբար փոփոխվող գնապիտակներին ուշադրություն չի դարձնում: Այլապես մեր օրերում մանկահասակ երեխաներն անգամ կհաստատեն, որ ցանկացած ապրանքի գին մարտյան չարաբաստիկ «սև երեքշաբթիի» պատճառով ու առիթով շարունակաբար աճում է… Այնպես որ, մեր հանրապետությունը թեկուզև ոչ այնքան մեծ, բայց ցանկալի շուկա ունի լայնամասշտաբ բիզնես ծավալելու համար: ՀԱՅ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու զարգացման հարցի շուրջ առաջացած տարաձայնություններն առանձին քաղաքական շրջանակների դիմադրությանն են արժանանում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Թուրքիայում: Հարևան երկրի ընդդիմադիր կուսակցությունները մեղադրում են Նախագահին ու վարչապետին` համոզված պնդելով, թե վերջիններիս չի հաջողվել հավուր պատշաճի ներկայացնել խնդրահարույց հարցի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական կողմի տարբերակը: Ու մինչ սահմանի այն կողմում հավաստիացումներ որոնելու անօգուտ միտումն են փորձում առաջ մղել, բավական հետաքրքիր տվյալներ են ի հայտ գալիս անսպասելիորեն արդիական դարձած հիմնահարցի` հայ-թուրքական տնտեսական համագործակցության վերաբերյալ: Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից Թուրքիա շուրջ 100 հազար դոլարի ապրանք է արտահանվել: Խորհրդանշական այս թիվը հայրենի տնտեսվարողների ու հատկապես սահմանի բացման հետ մեծ հույսեր կապող գործարարների համար լրջորեն խորհրդածելու առիթ պետք է դառնա: Ըստ էության նշված գումարը ընդամենը մեկ շքեղ ավտոմեքենայի արժեք է, ու ով ով, բայց մեր գործարարների համար այդպիսի գումարները առանձնապես մեծ արժեք չեն: Ընդամենը մեկ տարի առաջ նույն խնդրի վերաբերյալ վիճակագրությունը հինգ անգամ ավելի մեծ թիվ էր ներկայացնում: Ուստիև պնդել, թե տնտեսական ճգնաժամի հասցրած վնասների արդյունքում հայրենական տնտեսությունը կորցրել է մրցունակությունը ու դրանով պայմանավորել արտահանման ծավալների անկումը` այս խնդրի հասկանալի, բայց ոչ այնքան հիմնավոր պատճառ կարող է դառնալ: ՀԱՅ-թուրքական հարաբերությունների հեռանկարները եթե միայն ներմուծմամբ պետք է սահմանափակվեն, ապա հաստատ սա չէ այն ակնկալիքը, ինչը դժվարությամբ հարթվող խնդիրների` մեզ համար ցանկալի վերջնարդյունքը կարող է դառնալ: Ի վերջո, նույն համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները կրող թուրքական տնտեսությունը այս առումով բոլորովին այլ ցուցանիշներ է արձանագրել: Նախորդող երեք ամիսներին Թուրքիայից շուրջ 27 միլիոն դոլարի, ասել է թե արտահանվածից 270 անգամ ավելի շատ ապրանք է ներմուծվել: Հակառակ հայկական կողմի` արտահանման ծավալների անկմանը, թուրքական կողմը զգալիորեն` 4,7 տոկոսանոց աճ է արձանագրել: Ահա թե ինչպես է ստացվել, որ ճգնաժամի հետևանքով աշխարհի խոշոր երկրների շուկաները մասնակիորեն կամ ամբողջապես կորցնող թուրքական կողմը շահագրգռված է հարևան Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների սերտացմանը: Իսկ անկախ ամեն ինչից` թերևս եկել է ժամանակը, որպեսզի հայրենի գործարարները մտածեն ոչ միայն ներկրելու, այլ ավելի շատ արտահանելու մասին: Այլապես, հարևան երկրից բերվելու է գրեթե ամեն ինչ, արտահանվելու է միայն արտարժույթ: