Արարումի և հաղթանակաց մայիս


ՊԱՏԱՀԱԲԱ՞Ր արդյոք, թե՞ հենց կամքով նախախնամության` Հայն իր հաղթանակների մայիսյան խորհրդով է ամրագրել իր գոյակեցությունը` դեռ հեռավոր 451-ից… Եվ պայքարը` հանուն դավանանքի, հայրենի հողի, երկրի անկախ պետականության: Եվ մայիսյան պատմության կիզակետերում թողել է Ավարայր, Սարդարապատ, Բաշ-Ապարան, Առաջին հանրապետության հռչակագիր, Բեռլին, Շուշի… Ու այդ հոլովույթում ծնունդներ եղան` հերոսների ու նվիրյալների, հերոսացման ու նվիրումի: Պատահաբա՞ր արդյոք, գարնանազօծ մայիսի 1-ը մարդկությունն ընտրեց որպես Աշխատավորի տոն, իսկ 86 տարի առաջ էլ մայիսյան ոգու արտացոլանքով ծնվեց «Ավանգարդ»-ը` աշխատանքային ճակատում և ռազմի դաշտում մարտնչող երիտասարդության հևքը իր ընթերցողական 300 հազարանոց բանակին հասցնելու և հասարակության ձգտումների հայելին միշտ անխաթար պահելու մղումով: Ու բազում նվաճումներով ամրագրելով հաղթանակների խորհուրդը, ժամանակն այդ գալիս է վավերացնելու մեր գոյության իրավունքը` արժանապատվորեն ապրելու մեր առհավատչյան: Ամեն տարի մայիսը գալիս է փաստելու, որ ոչ թե հաղթանակներն են փառքի համար, այլ փառքը` հաղթանակների: Ու հարաբերական են տարածաժա մանակային բոլոր ընդգրկումները, ազգային ու միջազգային պատնեշները, քանզի մայիսը գալիս է հավերժագրելու արդար պայքարի հաղթական հանգրվանները: Այս մայիսը թող ինքնագտնումի վայելքով ամրագրվի Հայոց պետականության տարեգրության մեջ և ուղեփակոց դառնա ի փորձություն տանող բոլոր տեսակի վայրիվե րումների առջև: