Հա՞ որ...


ՀԱՅԱՍՏԱՆԸ զբոսաշրջության կենտրոն դարձնելու ծրագրերը իրատեսական ու հեռանկարային էին թվում միայն այն տարիներին, երբ դրանք նոր-նոր էին պատրաստվում կյանքի կոչվել: Ավելի ուշ զբոսաշրջային ծառայությունների անպատկերացնելի գները հայ գործարարների առջև բացված փայլուն հեռանկարների փայլն ի չիք դարձրին` անորոշ թողնելով նաև հեռանկարները: Բարձր գները ոլորտի զարգացումը թողեցին բախտի քմահաճույքին, պատահականության հույսին… Սա դեռ քիչ էր, տնտեսական ճգնաժամն էլ իր հերթին փչացրեց գործը: Ու այս հարցում հայկական զբոսաշրջությունը որքան էլ «միայնակ» չէ, և ողջ աշխարհն է ճգնաժամի անծայր հորձանուտում հայտնվել (ամենուր տրտնջալով փաստում են զբոսաշրջության ծավալների աննախադեպ անկման ու եկամուտների նվազման մասին), մինչդեռ հայրենական վիճակագրությունը բոլորովին այլ թվեր է հրապարակում: Այսպես, ոչ այնքան բարենպաստ սեզոնի` հունվար-մարտ ամիսների համար մեր վիճակագիրներն անսպասելիորեն 2,8 տոկոսանոց աճ են արձանագրել: Այնուամենայնիվ, եթե սույն լավատեսական ցուցանիշն ասենք նախորդ տարվա համար հրապարակվեր, այն դեռ ինչ-որ տեղ ոլորտի խոստումնալից հեռանկարների շրջանակներում կարող էր տեղավորվել: Մինչդեռ դժվարին ժամանակներ ապրող ներկայիս տնտեսության պայմաններում այլ բան չի մնում, քան արձանագրել, որ վիճակագրությունն ու իրականությունը դարձյալ միմյանց չեն համապատասխանում: ՊԱՐԶՎՈՒՄ է, որ չեն համապատասխանում նաև Բարաք Օբամայի հանդեպ մեր հայրենակիցների անսպասելիորեն ջերմացած վերաբերմունքն ու ամերիկյան պետական պաշտոնյայի փոփոխական վերաբերմունքը մեր խնդիրների հանդեպ: Այսպես, Բ. Օբաման օրերս առաջարկել է 38 տոկոսով կրճատել Հայաստանին հատկացվող օգնությունը` փոխարենը 20-ով ավելացնելով Ադրբեջանին տրամադրվելիք գումարների չափաբաժինը: ԱՄՆ նախագահը փաստորեն իր այդ քայլով հրաժարվել է հայ-ադրբեջանական ռազմական օգնության հավասարության սկզբունքից: Ժողովուրդն իսկապես չի սխալվում «Շատ մի սիրիր, ատել կա» համոզմունքում նույնպես: Թեպետ այս պարագայում պարզ է նաև, որ եթե նույն ջերմեռանդությամբ սկսենք Բարաք Օբամային հեռվից հեռու ատել, դրանից նույնպես մեր գործերն առանձնապես չեն շահելու: ԱՆՀԱՐԿԻ շահարկումներից ոչինչ չի շահելու նաև Հայ Ազգային Կոնգրեսը: Արմատական այս դաշինքի առաջնորդներից մեկն էլ նախորդ շաբաթ կարծիք հայտնեց, թե եթե իրենց գործընկերներից ոմանք այս շրջանում անազատության մեջ չլինեին, ապա ՀԱԿ-ի քարոզարշավը շատ ավելի ձեռնտու հունով կընթանար: Հետաքրքիր մոտեցում է, քանի որ ստացվում է, թե շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերի միավորում ներկայացող Կոնգրեսի հիմնական հույսը ձերբակալված այդ մի քանի մարդի՞կ են միայն: Չէ՞ որ ՀԱԿ-ի առաջնորդն այս օրերին այնքան անկաշկանդ է համայնքից համայնք շրջում, որ առավելագույնը անձրևից միայն կարող է դժգոհել: Իսկ ինչ վերաբերում է մարտի 1-ից հետո անազատության մեջ հայտնվածներին, ապա դեռ հարց է, թե քարոզարշավին այս մարդկանց հեռակա մասնակցությունն իրականում օգնո՞ւմ, թե՞ վնասում է գործին: Թեպետ գոնե ՀԱԿ-ում լավ պետք է հիշեն, որ մայրաքաղաքի տարբեր դատարանների բակերում անցնող ամիսներին կազմակերպված մինիհանրահավաքները ոչ այլ ինչ էին, քան նույն մայրաքաղաքի ավագանու ընտրություններին նախորդող քարոզչական միջոցառումներ: Այնպես որ, մնում է եզրակացնել, որ Կոնգրեսում այնքան էլ շահագրգռված չեն իրերն ու երևույթներն իրենց անուններով կոչել…