ՉԿԱՄՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պրահյան հանդիպումներից առաջ նրա մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը ստիպված եղավ պաշտոնապես հերքել ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Չեխիայի մայրաքաղաքում, իբր, «տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում»: Եվ այդ եռակողմ հանդիպման ընթացքում, իբր, «քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը»: Սամվել Ֆարմանյանը շեշտեց, թե «այդ կարգի եռակողմ հանդիպում ոչ միայն նախատեսված չէ, այլև բացառվում է»: Գիտակցաբար ապատեղեկատվություն տարածելով, Ադրբեջանի և Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները, միգուցե հենց իրենց երկրների բարձրագույն իշխանութ յունների հրահանգով, փորձում էին տպավորություն ստեղծել, թե հայ-թուրքական միջպետական հարաբերությունների նորմալացման գործընթացը, իբր, սերտորեն շաղկապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը, իբր, ընթանում է մեկ համատեքստում: Հավանաբար, թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված այս ապատեղեկատվությունը նախատեսված էր իրենց երկրների ներքին լսարանների համար, միտված էր հանգստացնելու հայ-թուրքական միջպետական հարաբերությունների նորմալացման դեմ հանդես եկող այն ոչ փոքր զանգվածներին, որոնք ուղղակիորեն մեղադրում են Թուրքիայի իշխանություններին, թե նրանք, իբր, «դավաճանել են» իրենց կրտսեր եղբայր ադրբեջանցիներին: Բայց արի ու տես, որ Հայաստանի որոշակի քաղաքական ուղղվածության ուժերի ներկայացուցիչներն էլ անցյալ շաբաթ մի ամբողջ քարոզչական վայնասուն էին բարձրացրել, թե իբր «Սերժ Սարգսանը համաձայնե¯լ է Աբդուլլա Գյուլի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը», թե համարյա արդեն «Արցախը ծախել-պրծել է», Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարից` «հրաժարվել է», և այլն, և այլն: Զառանցական մեղադրանքներ են, ինչ խոսք: Մինչդեռ ասելն իսկ ավելորդ է, որ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների հնարավոր նորմալացումը, եթե դա իսկապես տեղի ունենա, անվերապահորեն դրական ազդեցություն կթողնի նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վրա, կստեղծի մի այնպիսի դրական մթնոլորտ, որի պայմաններում շատ ավելի հեշտ կլինի համաձայնության հանգել նաև Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այս տեսակետից Թուրքիան, որ առնվազն 15 տարի Բաքվի թելադրանքով չէր ուզում հրաժարվել Հայաստանի հետ հոխորտանքներով խոսելու, նրան կանխավ անընդունելի նախապայմաններ առաջադրելու կեցվածքից, թվում է` կամաց-կամաց սկսում է խելքի գալ: Բայց, ինչպես երևում է, Անկարայում գիտակցում են, որ իրենք այնքան են թունավորել իրենց հասարակական գիտակցությունը` հայերին ու Հայաստանը ներկայացնելով որպես ոխերիմ թշնամի, որի հետ, միայն, ուժի ու թշնամանքի լեզվով կարելի է խոսել, որ իրենք էլ կրակն են ընկել իրենց թունավոր քարոզչության ձեռքը: Այժմ Թուրքիայի ղեկավարությունը, ակնհայտորեն, ձգտում է ձերբազատվել հայերի ու Հայաստանի հանդեպ իր անպտուղ թշնամանքի քաղաքականությունից, մեր երկրի նկատմամբ որդեգրել ավելի իրատեսական կեցվածք, սակայն բացահայտորեն բախվում է սեփական ժողովրդի մի ստվար հատվածի անըմբռնողության պատին: Այնքան ազնվություն չունեն, որ հանրությանը բացահայտորեն խոստովանեն, թե առնվազն վերջին 15 տարվա իրենց արտաքին քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ անարդար ու սխալ է եղել: Քաջություն էլ չունեն ասելու, թե Հայաստանի նկատմամբ իրենց արտաքին քաղաքականությունը գնալով արժանանում է համաշխարհային հանրության սուր քննադատությանը, թե ամբողջ քաղաքակիրթ աշխարհը աջից ու ձախից ճնշում է` պահանջելով հնարավորինս արագ նորմալացնել Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները, առանց որի թուրքերն իրենց երկիրը Եվրամիության կազմում չեն տեսնի: Ուստի Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների նորմալացումը բխում է նախ և առաջ Թուրքիայի շահերից: Ավաղ, այդ ճշմարտությունը չեն գիտակցում կամ դրան պահանջվող նշանակությունը չեն տալիս Հայաստանի որոշակի քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Նրանք ոչ մի կերպ չեն ուզում հավատալ, թե Թուրքիան կարող է համաձայնել` հավասարը հավասարի պես, առանց նախապայմանների, բանակցությունների սեղանի շուրջ նստել Հայաստանի հետ: Ահա և իրենց հասանելի քարոզչամիջոցներով տարածում են տարատեսակ զառանցական «վերլուծություններ», թե իբր Հայաստանի իշխանությունները կանխավ «համաձայնե¯լ» են թուրքական նախապայմաններին: Եթե այս ամենը միայն Թուրքիայի հանդեպ բնական անվստահության կամ սեփական երկրի կարողությունների նկատմամբ թերահավատության արդյունք լիներ` կարելի էր հասկանալ և անգամ ներել այդպիսիներին: Սակայն այստեղ ավելի վատ բան կա` մոլեռանդ ատելություն սեփական երկրի իշխանությունների հանդեպ, նրանց ամեն կերպ վարկաբեկելու մոլուցք, իրենց իսկ դիվանագիտական որևէ հաջողության նկատմամբ ժահրոտ չկամություն: Հայ-թուրքական հարաբերությունները ընդամենը ծխածածկույթ են` հարազատ իշխանությունների հանդեպ այդ աննախադեպ ատելության ժայթքումի համար: Ահա ինչու ոմանք ոչ այնքան «չեն հավատում», որքան` ուղղակի չեն ուզում, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն, այն էլ` իսկապես առանց նախապայմանների:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ