Հաղթանակների մայիս


Մայիսի 9-ը` հաղթանակի և խաղաղության օրն է: Տոն, որ թե մեզ, թե նախկին Խորհրդային Միության ժողովուրդներին ուղեկցում է արդեն 64 տարի: Տոն, որ ծնունդ առավ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակից: Այդ հաղթանակը ձեռք բերվեց միլիոնավոր մարդկանց հերոսությամբ ու սխրանքով, զրկանքներով ու արյամբ: Նրանց շարքերում էին նաև հայ ռազմիկները, որոնցից շատերը փառքով պսակեցին իրենց անունները: Լրացավ նաև Շուշիի ազատագրման հերթական տարեդարձը: 17 տարի առաջ հայ ազատամարտիկների իրականացրած փայլուն գործողությունների արդյունքում ազատագրվեց անառիկ համարվող այդ բերդաքաղաքը, ինչը բեկումնային նշանակություն ունեցավ արցախյան ազատամարտում: Կրկնակի տոնի կապակցությամբ մենք շնորհավորում ենք բոլոր վետերաններին, մաղթում քաջառողջություն և հաջողություններ անձնական կյանքում` միաժամանակ գլուխ խոնարհելով թե Հայրենական մեծ պատերազմում, թե արցախյան ազատամարտում ընկած հերոսների հիշատակի առջև: Մայիսի 9-ի առավոտյան Զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, այցելեց Եռաբլուր պանթեոն, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրվեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ զորավարի շիրիմներին: Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, արցախյան հերոսամարտում նահատակված ազատամարտիկների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաև հերոսամարտի վետերանները, զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հարազատները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ամեն տարի այս օրը մարդաշատ է նաև մայրաքաղաքի Հաղթանակ զբոսայգին: Հայրենական պատերազմում տարած մեծ հաղթանակի 64-րդ տարեդարձի առթիվ զբոսայգի էին այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու զինվորականներ, պատերազմի վետերաններ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ և ուրիշներ: Ծաղիկներով ու ծաղկեպսակներով զարդարվեց անհայտ զինվորի հուշակոթողը: Երկրի բարձրաստիճան ղեկավարությունը շրջեց «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացավ արցախյան հերոսամարտի և մեծ հայրենականի մասին պատմող ցուցանմուշներին: Ս.թ մայիսի 14-15-ին Երևանում, Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում, տեղի կունենա ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և Լիոնի Ժան Մուլեն համալսարանի Պաշտպանության և միջազգային անվտանգության հետազոտությունների կենտոնի (Ֆրանսիա) համատեղ կազմակերպած միջազգային գիտաժողովը` «Հարավային Կովկասում անվտանգության միջավայրի վերագնահատում. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն և կերպափոխում» խորագրով: Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասում ինտենսիվ կերպով փոփոխվող անվտանգությանն առնչվող խնդիրները` եվրո-ատլանտյան տարածաշրջա նում անվտանգության նոր ճարտարապետության ընդգրկուն քննարկումների համատեքստում: Գիտաժողովին կմասնակցեն շուրջ քսան հեղինակավոր փորձագետներ և գիտնականներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: գնդապետ Ս. ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ