Մոռացության հուշարձաններ


Վերջերս Լատվիայում աղմկարարություն էր հրահրվել` Ռիգայում տեղադրված Հաղթանակի հուշարձանի առնչությամբ: Տեղի ռուսական համայնքն անհրաժեշտ միջոցներ էր հայթայթել` վերականգնելու կոթողը, բայց քաղաքապետ Յանիս Բիրկսը խոստացավ արգելել վերանորոգումը: Ռուսական համայնքը, սակայն, կարողացավ հաղթահարել բյուրոկրատական պատնեշը: Ռիգայում դա հաջողվեց, մինչդեռ հենց Ռուսաստանում, պարզվում է, նույն` Հաղթանակի հուշարձաններն առանձնապես հուսալի վիճակում չեն: Եվ մամուլն արդարացիորեն ահազանգում է: Ըստ այդ հրապարակումների սոսկալի վիճակում է հայտնվել աշխարհահռչակ Մամաև Կուրգան համալիրը` Վոլգոգրադում: «Մայր Հայրենիքը» ուր որ է` փլատակվելու է: Մայիսյան տոնի նախօրյակին լրագրողներին հայտնի է դարձել, որ այն կազմակերպությունը, որին տեղական իշխանությունները հանձնարարել են հուշարձանների վերականգնումը, հափշտակել է միջոցները և քրեական գործի մեջ խրվել: Ապրիլի 19-ին էլ, ի դեպ, դարձյալ Վոլգոգրադում, ավիրվել է «Հերոս կոմերիտականների» հուշաքանդակը: Ազգի, ժողովրդի անցած ուղու ամեն էջը, առավել ևս` վասն հայրենյաց զոհվածների մասին պատմող, մասունք է: Մինչդեռ անտարբերություն կոչվող հյուծախտը կարծես անզգայացրել է հետխորհրդային ժառանգորդներից շատերի հոգին: