119-ԱՄՅԱ «ՆՈՐԱԹՈՒԽԸ»


Հայ Յեղափոխական Դաշնակցությունը աննախանձելի իրավիճակում է հայտնվել: Հայոց Եղեռնի տարելիցի նախօրեին, երբ այս քաղաքական ուժի բարձրացրած աղմուկը կոալիցիայից դուրս գալու հայտարարությամբ ամբողջացավ, դեռ ինչ-որ առումով տեղի ունեցածը քաղաքական-նախընտրական հեռահար հաշվարկներով կարելի էր պայմանավորել: Այսուհանդերձ, հաջորդող օրերին տեղի ունեցածը ինքնաբերաբար հանգեցնում է այն եզրակացության, թե ամեն ինչ հայտարարությունից այն կողմ այդպես էլ չանցավ: Ավելին, լավատեսական գնահատականները, թե ստեղծված իրավիճակում սեփական դեմքը փրկելու ուրիշ հնարավորություն ՀՅԴ-ն չուներ, այլևս ոչ հավատընծա, եթե չասենք անհեթեթ են, քանի որ նույն հայտարարությունը պատճառ դարձավ, որպեսզի Դաշնակցությունը թեկուզ ակամայից, բայց դեմքը փրկելու ծանրագույն խնդրի առաջ հայտնվի: Այսպես, կարճ ժամանակ պահանջվեց լիարժեքորեն համոզվելու, որ այս քաղաքական ուժի համար ևս կարևորը կոալիցիայում ընդգրկվելու արդյունքում վաստակած պորտֆելներն են: Համենայն դեպս ու տվյալ պարագայում` ինչ-որ հայ-թուրքական հարաբերություններ կամ հայտարարության մեջ ակնարկված նմանատիպ ուրիշ «սկզբունքային» հարցեր նման բեկումնային (՞) որոշման պատճառ չէին դառնա: Մեծ է հավանականությունը, որ Դաշնակցության «յեղափոխականությունը» առաջիկայում հանգեցնի բոլոր ժամանակներում իր կուռ շարքերով ու խստապահանջ կանոնադրությամբ հպարտացող կուսակցության պառակտմանը: Ճիշտ այնպես, ինչպես ոչ հեռու անցյալում «Օրինաց երկրում» կատարվեց, և ինչն ընդհանրապես, մերօրյա քաղաքականության օրինաչափություններից է: Այս առումով առաջին տարակուսանքը խորհրդարանում ՀՅԴ տնօրինությանը հանձնված` հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները չզիջելու որոշումն առաջացրեց: Դժվար չէ վերհիշել, որ շրջադարձային դարձած հայտարարության տեքստում ակնարկվող «սկզբունքային» տարաձայնությունները գործող իշխանության վարած արտաքին քաղաքականությանն էին հիմնականում առնչվում: Սակայն ՀՅԴ-ն նախընտրեց պահպանել հենց այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը ևս` դրանով իսկ հետագայի համար նույնպես ստանձնելով ոչ այնքան ցանկալի թվացող օրինագծերը ներկայացնելու-հաստատելու դժվարին գործը: Թե ինչ շահագրգռություն ուներ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով օրենսդիրում ունեցած այս կուսակցության պաշտոնները պահպանելու նախաձեռնողը դարձավ, հետո միայն պարզ կդառնա: Այլ հարց է, որ մյուս դաշնակցականները նույնպես դժվարությամբ ձեռք բերված պաշտոնները հեշտությամբ զիջել, ըստ երևույթին, չեն պատրաստվում: Նման փակուղային իրավիճակում ահարոնադիբեկյանական «սոցհարցումներին» հավատալը, թե ՀՅԴ հայտարարությունը խառնելու է քաղաքապետի ընտրություններին պատրաստվող կուսակցությունների խաղաքարտերը, անլուրջ է, քանի որ ակնհայտորեն հենց Դաշնակցության հաշվարկներն են այս առումով անբարենպաստ դարձել: Այս քաղաքական ուժը, կոալիցիան թողնելով, ոչ միայն ազդեցիկ կուսակցականների է կորցնում, այլ ինքնաբերաբար կոալիցիային է զիջում նաև վարչական ռեսուրսների մի մասը… Հանգամանք, որ լրացուցիչ հիմնավորումներ չի պահանջում որոշակիորեն պատկերացնելու, թե այդ ռեսուրս կոչվածը ինչպես և ինչքան է նպաստում տվյալ քաղաքական ուժի ստանալիք քվեների բազմապատկմանը: Բացի այդ քաղաքական խմորումների շրջանում գտնվող կուսակցություններին ընտրազանգվածը վերապահումներով է մոտենում` նախընտրելով կենտրոնանալ համերաշխ, սկզբունքային և հետևողական ուժերի շուրջ: Մեկ հայտարարությամբ, բնականաբար, ընդդիմադիր կարող են ինքնահռչակվել, բայց այդպիսին ճանաչվելու համար ժամանակ ու կոնկրետ պահվածք է պետք: Իսկ այս պարագայում նույնիսկ Վահան Հովհաննիսյանը կարծեք, մինչև հիմա լավ չի պատկերացնում հարազատ կուսակցության` առաջիկայում ստանձնելիք դերակատարությունը` «Մենք չենք լինելու ծայրահեղական ընդդիմություն, բայց միևնույն ժամանակ ես չեմ կարողանում հասկանալ այդ կառոցողական ընդդիմություն տերմինը»,- հայտարարում է գլխավոր դաշնակցականը: Իսկ անկախ ամեն ինչից` հայրենի քաղաքական դաշտն այնքան ծանծաղ չէ, որ անգամ Դաշնակցության նման ազդեցիկ կուսակցությունը նման դեպքերում բոլոր ճամբարներում շատ արագ հիմնավորվել կարողանա: Եվ անկախ ամեն ինչից` ընդդիմադիր հռչակվելը չէր կանխորոշելու առաջիկա ընտրություն ներում ՀՅԴ հաջողությունը: Ի վերջո, կոալիցիայում ընդգրկված կուսակցություններից գոնե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, իշխանամետ լինելով, ոչ միայն բարձր վարկանիշ ունեն, այլ նույն այս ընտրությունների գլխավոր դերակատարներից են դառնալու: Իսկ նշված իրողությունը հաստատ կարող էր տեղավորվել ՀՅԴ նախնական հաշվարկներում: ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋԻՆՆ Է ԼՔՈՒՄ Մայիսի 1-ին ընդամենը 24 ժամի տարբերությունը խանգարեց Լևոն Տեր-Պետրոսյանին` Մատենադարանի մերձակայքում հրավիրած հանրահավաքին լիարժեքորեն նախընտրական ուղղվածություն հաղորդելու համար: Հանդիպման օրվա մասին ՀԱԿ առաջնորդը դեռևս երկու ամիս առաջ էր հայտարարել: Ու չնայած քաղաքապետի ընտրությունների թեման շրջանցելու ակնհայտ ձգտմանն ու բոլոր ելույթներում վերահաստատվող խոստովանություններին, այդուհանդերձ, ոչ միայն չհաջողվեց ելույթներում քարոզարշավից խուսափել, այլև հենց Լ. Տեր-Պետրոսյանն ինքը իր խոսքի մի ամբողջ հատված հենց Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններին վերաբերող խնդիրների քննարկմանը հատկացրեց: Սակայն նախքան կոնգրեսականների ծրագրերին անցնելը, անդրադառնանք հայրենի ոստիկանության` սովորական դարձած անհասկանալի պահվածքին, ինչի շնորհիվ վերջիններս հերթական անգամ արջի ծառայություն մատուցեցին իշխանություններին: Նախքան հանրահավաքի մեկնարկը, Ալիկ Սարգսյանի ղեկավարած համակարգն արդեն մեկ ամսով «առաջ էր ընկել» ինքնաներշնչվելով, թե արդեն հունիսի 1-ն է, նախորդող կեսգիշերին քվեարկությունն ավարտվել է, ու այլևս ամեն ինչ ԿԸՀ-ի որոշումից է կախված: Համենայն դեպս, սաղավարտներով, զենք-զինամթերքով, պաշտպանիչ վահաններով զինված շուրջ հարյուր համազգեստավոր հենց ԿԸՀ շենքն էին պաշարել: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե գոնե այս օրերին ոչ այնքան կարևոր ու հանրահավաքի վայրից բավարար հեռավորության վրա գտնվող այդ հաստատության անվտանգությունն հատկապես ինչու է իրավապահների գերագույն ուշադրությանն ու աչալուրջ հսկողությանն արժանանում: Փոխարենը ոստիկանությունը գոնե ձևականորեն (ինչպես նախորդ մի քանի հանրահավաքների պարագայում) փորձեր չարեց կանխելու արտոնված հանրահավաքի չարտոնված վերջաբանը` երթը: Իհարկե, դա խոհեմ քայլ էր, բայց ավելի ընդգծուն էր դարձնում ոստիկանների չտրամաբանված ԿԸՀ-ապաշտությունը: Ինչ արած, ոստիկանության պահվածքը վաղուց այլևս չի զարմացնում, և, ինչպես ասում են, եղածը եղած է: Դժվար չէ նաև պատկերացնել, որ ամենահետաքրքիր «սյուրպրիզները» դեռ առջևում են: Եվ իրոք, ամեն ինչ նոր-նոր է միայն սկսվում, ու ընթացիկ ամսին հանրահավաքներ բավական խիտ գրաֆիկով են կազմակերպվելու: Ինչպես մյուս քաղաքական ուժերի, այնպես էլ ՀԱԿ-ի մասով կարելի է նշել, որ այս դաշինքը բոլոր հնարավոր միջոցներով այս անգամ էլ է հաղթելու համար պայքարելու` համարելով, թե հաջողության դեպքում քաղաքապետի ընտրությունները լավագույն առիթն են դառնալու Նախագահի ընտրություններում կրած պարտության գոնե բարոյահոգեբանական հետևանքները վերացնելու: Թերևս այս գործոնն էլ ՀԱԿ-ին մղեց շուրջ մեկ տարի առաջ ձևավորված ընդդիմադիր կուսակցությունների միավորումը ամեն գնով մասնատումից հեռու պահել: Կոնգրեսում լավ գիտեն, որ իշխանական ճամբարը ներկայացնող քաղաքական ուժերը համակարգված ու մեծածավալ աշխատանքային գործունեության ռեսուրսը քարոզչութ յան տեսքով ներկայացնելուն պես, առանց լուրջ դժվարությունների, դարձյալ ծանրակշիռ ընտրազանգված, համակիրների հսկայածավալ բանակ են ապահովելու: Հենց այս գործոնի անխուսափելիությունն էլ նկատի ունենալով` վերջին հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանը կարծիք հայտնեց, թե իբր եթե իրենք մայրաքաղաքային քվեարկությանը չմասնակցեին, ապա 2007-ի խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցածը կրկնվելու էր: - Դրանք կանցնեին արտաքուստ նույնքան ազատ ու արդար պայմաններում, իշխանական թեկնածուն համոզիչ հաղթանակ կտաներ, իսկ միջազգային դիտորդները այդ ընտրությունները կգնահատեին որպես ժողովրդավարության խորացման ուղղությամբ կատարված նշանակալի քայլ,- կարծիք հայտնեց առաջին Նախագահը` չցանկանա լով վերհիշել, որ ԱԺ վերջին ընտրություններին իր թիմակիցները ոչ միայն չեն բոյկոտել, այլ ՀԱԿ-ում ընդգրկված կուսակցությունների առանձին-առանձին մասնակցության հետևանքով իրենք ջախջախիչ պարտություն են կրել: Հիմա, երբ արմատական ընդդիմությունը մեծամասամբ ՀԱԿ-ի շուրջ է համախմբված, այս դաշինքի մայիսի 31-ին արձանագրելիք հաջողությունը թերևս կարող էր նույնիսկ կասկած չհարուցել: Այլ հարց է, որ մեծամասնություն ձևավորելու կամ, այլ կերպ ասած, հաղթելու հնարավորությունն է խիստ վիճակահարույց: Համենայն դեպս, երկամսյա դադարին հաջորդող ծավալուն ելույթում Լ. Տեր-Պետրոսյանն այս մասին ոչինչ չասաց: Ուստիև մնում է ենթադրել, որ Կոնգրեսում նորից են հավատացած, թե հաստատ հաղթելու են կամ էլ հետագա անելիքների մասին չեն շտապում բարձրաձայնել: Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ