ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ


Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը, «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթը իրենց խոր վրդովմունքն ու ցասումն են հայտնում Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի նկատմամբ կատարված մահափորձի կապակցությամբ: Մայիսի 4-ին, ժամը 10:00-ից 12:00-ի հատվածում Արմեն Ավետիսյանին երկու անգամ զանգահարել է ոմն Արկադի ազգային անվտանգությունից: 12:20-ի սահմաններում Արմեն Ավետիսյանը դուրս է եկել գրասենյակից այդ մարդուն հանդիպելու համար` «Այրարատ» կինոթատրոնի («Ռոսիա» տոնավաճառ) տարածքում: Պայմանավորվել էին հանդիպել 12:30-ին: Ժամը 13:10-ին Արմեն Ավետիսյանը զանգահարեց գրասենյակ և ասաց, որ հիմա գալիս է: Երբ այդ հիմա-ն անցավ 30 րոպեի սահմանը, զանգահարեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչու է ուշանում: Հեռախոսին չպատասխանեց: Մինչև ժամը 14:00-ն անընդհատ փորձել ենք կապնվել: Զանգերը գնում էին, բայց պատասխան չկար: 14:00-ից հետո հեռախոսն անջատվեց: Հեռախոսային հաղորդագրություն ուղարկեցինք «հաշվետվության ծրագրով» և այդ հաղորդագրության ստացման մասին հաշվետվությունը ստացանք միայն մայիսի 5-ին, ժամը 2:26-ին... Մինչ այդ, շտապօգնության քաղաքային կայանից տեղեկացել էինք, որ Արմեն Ավետիսյան անուն-ազգանունով կամ իր արտաքինով անհայտ անձ տուժող չի գրանցվել, և ժամը 24:00-ի սահմաններում դիմեցինք Կենտրոնի ոստիկանություն: Այնուհետև ինքներս սկսեցինք որոնել նրան հիվանդանոցներում և պարզվեց, որ Արմեն Ավետիսյանին ծանր վնասվածքներով հայտնաբերել են Էրեբունի հիվանդանոցի մոտ և, ըստ հիվանդության պատմության, ժամը 14-ին ընդունվել է Էրեբունի հիվանդանոց: Նրան որպես անհայտ անձ բերել են հիվանդանոցին կից բժշկական քոլեջի մոտից անգիտակից վիճակում բազմաթիվ վնասվածքներով` գլխի, կրծքավանդակի, վերջույթների վնասվածքներով և գլխուղեղի արյան զեղումով: Օրվա ընթացքում կատարվել են բոլոր հետազոտությունները և կատարվել է անհրաժեշտ վիրահատական միջամտութ յուն: Նրա մոտ առկա գլխի գագաթային մասի, կրծքավանդակի և սրունքի ստորին երրորդականի միաժամանակյա լուրջ վնասվածքները հուշում են, որ նրա հետ հաշվեհարդար են տեսել, այլ ոչ թե ինչպես ներկայացվում է, վրաերթ է եղել: ... Գիշերը վերոհիշյալ` ժամը 2:26-ին, երբ վաղուց արդեն առանց ոստիկանության օգնության գտել էինք Արմեն Ավետիսյանին Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում (ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում, արհեստական շնչառության տակ), մեր հեռախոսին հետադարձ ազդանշան ստացանք, որ Արմեն Ավետիսյանի հեռախոսը միացված է: Զանգեցինք իր համարով և մեզ պատասխանողը ներկայացավ որպես հետաքննիչ Գագիկ Հարությունյան և ասաց, որ իր մոտ է Արմեն Ավետիսյանի հեռախոսը, այն բերել է Արմեն Ավետիսյանին վրաերթի ենթարկած վարորդը, ով ներկայացել է անձամբ: Ծանոթ ձեռագիր է չէ՞: Մեր երկրում արդեն սովորական դարձած... Մենք դիմում ենք ՀՀ իշխանություններին և պահանջում, որ ջանք չխնայեն իսկությունը բացահայտելու համար: Հայ Արիական Միաբանություն, Հայ ազգայնականների համախմբման խորհուրդ, «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթ Եթե իսկապես հայտարարության տեքստում նշված կասկածները տեղին են, «ԱՎԱՆԳԱՐԴ» թերթի խմբագրությունը նույնպես դատապարտում է քաղաքական գործչի և, ընդհանրապես, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու դեմ կատարված ցանկացած ոտնձգություն: Վստահ ենք, որ նման արարքները անպատժելիության հետևանք են և հղի` կրկնվելու վտանգով, Հուսով ենք, որ մեր արդարադատությունը վերջապես ուժ կգտնի իր մեջ` կանխելու նմանատիպ ցանկացած դրսևորում կտրականորեն մերժելով հովանավորչություն կոչված հանցածնողին...`