ՀՈԳՆԵՑՐԵԼ Է «ՇԵՖԻՆ» 


 

Պարզվում է, որ Հ. Բիշարյանը ոչ միայն իր դեմ է հանել ՕԵԿ անդամ շատ տղամարդկանց, ովքեր կուսակցության կուլիսներում դժգոհում են կուսակցության փոխնախագահի վոլյունտարիզմից, ծիծաղահարույց մտքերից ու անգրագետ հայտարարություննե րից, այլև` կանանց, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի Արթուր Բաղդասարյանն ազատվի Բիշարյանից: Շատերն են պնդում, որ կուսակցության վարկանիշային անկման մեջ իր դերակատարությունն ունի նաև Բիշարյանը, ում վարքագիծն էլ ստիպում է շատերին հեռու մնալ ՕԵԿ-ից, խոչընդոտել նրա մուտքը խորհրդարան: Ասում են, որ անգամ երկրի նախագահն է մեկ-երկու անգամ զգուշացրել Արթուր Բաղդասարյանին` սաստել «ՕԵԿ-ի էգ առյուծին»:

Հիմա նաև բացահայտվում են Բիշարյանի խարդավանքները, որոնք նա գործել է համամասնական ցուցակը կազմելիս: Արդեն բոլորը գիտեն, որ Բիշարյանի նախկին մտերմագույն ընկերուհի և ՕԵԿ նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանին «քցել» էր հենց Բիշարյանը` նրա համար նախատեսված տեղում խցկել տալով իր մտերիմ ընկերուհիներից մեկին, ում հետ հաճախ է վերջերս փակվում իր աշխատասենյակում ու ժամերով փսփսում: Այս մի սկանդալը դեռ «չմարսած»` Բիշարյանը մի նոր սկանդալի առանցքում է հայտնվել: Այժմ արդեն նրա դեմ պատրաստվում է հրապարակային մեղադրանքներով և մերկացումներով հանդես գալ ՕԵԿ Կանանց միության նախագահ Մարինե Քոչարյանը, ում տեղավորել են 31-րդ տեղում, մինչդեռ ի սկզբանե թիվ 186 դպրոցի տնօրենին խոստացվել էր «անցողիկ» տեղ: Այսօր արդեն տիկին Քոչարյանը համոզված է, որ ՕԵԿ-ը չի կարողանալու այնքան ձայներ հավաքել, որ 31-րդը համարվի անցողիկ: Բիշարյանի դեմ է պատրաստվում ելնել նաև նրա մեկ այլ մտերմուհին` թիվ 191 դպրոցի տնօրեն Թամարա Ավդալյանը, ում Բիշարյանը խոստացել էր ցուցակում երկրորդ կնոջ տեղը:

Տեսնելով Բիշարյանի ծածուկ խաղերն ու լսելով նրա տված խոստումների մասին` Արթուր Բաղդասարյանը երկրորդ կնոջ տեղը վերապահել է Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի գործադիր տնօրեն Դիանա Գազիյանին: ՕԵԿ-ում արդեն բացահայտ խոսում են, որ «շեֆը» ցանկություն ունի ազատվել Բիշարյանից և Գազիյանին դարձնել փոխնախագահ, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության ղեկավար: Իսկ Բիշարյան Հեղինեն այս ամենի մասին իմանալով` սկսել է ջղաձգվել....