Ապրիլյոթյան «նվեր» հայրենիքում 


 

Մոսկվայից ժամանած ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք էր կատարել լուսադեմին: Կինը վաղուց Հայաստանում չէր եղել, և նրան դիմավորող բարեկամներն անկեղծորեն ուրախացել և աչքալուսանք էին տվել, թե` նշանավոր օր ես եկել հայրենիք, կգնանք տուն, կհանգստանաս ու հետո մի լավ կնշենք Մայրության և գեղեցկության տոնը…

Երևանում 2012 թ. ապրիլի 7-ն էր, առավոտյան ժամը 6-ը: Հայրենիքի կարոտը, ծանոթ պատկերները, արևի վաղորդյան շողերը, բնության զարթոնքը, օդանավակայանից Երևան տանող ճանապարհին ասես նոր հայտնված ծաղկած ծառերը, կանաչի արբեցուցիչ բույրը, ամեն, ամեն ինչը կնոջը հուշում էին, որ արձակուրդը հետաքրքիր է անցնելու և անսովոր իրադարձութ յուններով լեցուն գեղեցիկ ժամանակ է անցկացնելու Հայաստանում…

Իսկ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, ՌԴ քաղաքացի, 57-ամյա Սվետլաննա Ս.-ն ճարահատյալ քայլերն ուղղել էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտարարություն տվել, որ առավոտյան, հորեղբոր դստեր բնակարանում հյուրընկալվելու ընթացքում, վերջինիս որդին` 21 տարեկան Անդրանիկը, իր պայուսակից կլորիկ գումար է գողացել (նախաքննության շահերից ելնելով գումարի չափը չենք հրապարակում):

Ոստիկաններին հաջողվել է փախուստի դիմած երիտասարդին նույն օրը երեկոյան հայտնաբերել և բերման ենթարկել բաժին:

Մերձավորին նման անսպասելի անակնկալ մատուցած բարեկամը ստիպված է եղել խոստովանել, որ գումարը գողացել է ինքը և իր ունեցած պարտքի դիմաց նույն օրն առավոտյան տվել Քանաքեռի բնակիչ ոմն Հովոյի:

Ոստիկանները միջոցներ են ձեռնարկում Հովոյի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Միանշանակ է, որ օրենքով սահմանված իր պատիժը կստանա նաև «օրվա հերոսը»: Բայց կհասկանա՞, կգիտակցի՞ արդյոք նա, թե ինչպիսի բարոյական վնաս է պատճառել բարեկամուհուն, ինչ ակնկալիքներ, գեղեցիկ անուրջներ է խորտակել իր անմիտ արարքով և ինչպիսի կամուրջներ է այրել: Սվետլանային ավելի շատ վրդովվեցրել է հարազատի անպատկառ արարքը, քանի որ կինն այդ ընտանիքին բազմիցս օգնել էր ֆինանսապես: Եվ մի՞թե պարտքը մարելու ավելի ողջամիտ տարբերակ չէր գտել կենսագրությունը դեռ չսկսած, բայց արդեն այն մրոտած երիտասարդը…