«Մտածում էի` մայրերը չպիտի դերասան լինեն»


 

Անի ՊԵՏՐՈՍՅԱՆ, դերասանուհի

Դերասանուհի դառնալը ծնունդով գյումրեցի աղջկա մանկության սպասված երազանքը երբեք չի եղել: Իսկ այսօր չի պատկերացնում կյանքն առանց բեմի: Թատրոնը հարազատ տուն է դարձել, էության մի մասնիկը...… Դեռ ուսանողուհի էր, երբ աշխատանքի անցավ մայր թատրոնում, ինչը պատվաբեր էր, բայց նաև չափազանց պարտավորեցնող: Բեմում մարմնավորած կերպարներից զատ դերասանուհին հանրության կողմից ճանաչելի դարձավ նաև հեռուստասերիալներով, ինչից այժմ հրաժարվել է, սակայն հաջողությամբ հանդես է գալիս նաև գեղարվեստական ֆիլմերում («Փեսացուն կրկեսից», «Պահանջվում է միլիոնատեր», «Մեծ պատմություն` փոքր քաղաքում»):

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Դժվարանում եմ առանձնացնել ամենադժվարը, որովհետև առօրյա կյանքում միշտ հանդիպում եմ դժվարությունների: Եվ կարծում եմ` ոչ միայն ես, քանի որ կյանքն ինքնին դժվարությունների շղթա է: Բայց ամենադժվար հաղթահարելին ինձ համար բեմելն է եղել: Ի դեպ` ես երբեք չեմ երազել դերասանուհի դառնալու մասին: Մայրս դերասանուհի է եղել: Ու քանի որ նա հաճախ ինձնից հեռու էր լինում, իսկ ես շատ էի կարոտում, այդ պատճառով չէի սիրում դերասաններին: Մտածում էի, որ մայրերը չպիտի դերասան լինեն: Իհարկե, երկար ժամանակով չէր բացակայում, բայց փոքրիկներին ժամանակը երկար է թվում: Ես սովորում էի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, և ահա մի օր, ինքս էլ չգիտեմ ինչպես, որոշեցի դերասանուհի դառնալ: Դժվար էր այս ճանապարհն ընտրելու վերջնական որոշում կայացնելը: Սակայն ուսումս շարունակեցի թատերական ինստիտուտում և կյանքս կապեցի թատրոնի հետ: Ամենադժվարն ինձ համար թերևս առաջին ներկայացումս է եղել: Ես պատրաստ էի այդ պահին նույնիսկ փախչել բեմից: Ամեն ինչ կտայի, միայն թե բեմի վրա չլինեի: Մինչ օրս հաղթահարում եմ այդ դժվարությունը: Իհարկե տարիները, փորձը շատ բան են փոխել. եթե այն ժամանակ պատրաստ էի փախչել բեմից, հիմա յուրաքանչյուր դերից առաջ պարզապես անհանգստանում եմ, քանի որ պատասխանատու գործ եմ կատարում:

- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: Հայի տեսակը` ըստ Ձեզ:

- Դժվար է պատկերացնել: Երբեք չեմ մտածել այս հարցի շուրջ: Ես հայ եմ և ուրախ եմ դրա համար: Ոչ թե կցանկանայի այլ ազգի ներկայացուցիչ լինել կամ այլ երկրում ծնված լինել, պարզապես կուզենայի իմ երկիրն ավելի լավ վիճակում տեսնել: Որ իմ ժողովուրդն ավելի բարեկեցիկ, բարվոք պայմաններում ապրի, հանգիստ ու երջանիկ:

Ինչ վերաբերում է մեր տեսակին, ապա ըստ իս, մենք բոլորս անհատներ ենք, և մեր հիմնական խնդիրը հենց դա է: Բոլորն ուզում են առաջնորդ լինել, և դրանից էլ ծագում են դժվարություններն ու խնդիրները: Թեև ցավալի է, բայց նաև նախանձ կա մեր մեջ: Սակայն, ինչ խոսք, ունենք նաև մեծություններ, ովքեր կարող են օրինակ ծառայել իրենց նկարագրով:

- Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածն, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Առհասարակ գաղտնապահ մարդ եմ: Նախընտրում եմ չբարձրաձայնել գաղտնիքներիս մասին:

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Ինձ համար առեղծվածը մարդու զարմանալու հատկությունն է: Այն, որ նա դեռ կարողանում է զարմանալ: Մարդու բնույթն է այդպիսին, և անընդհատ նորի, անծանոթի բացահայտումն է դրա հիմաքում: Սակայն տիեզերքում ամեն ինչ վերադառնում է իր նախնական վիճակին, առաջնային կետին: Այսինքն` իրականում եթե մի փոքր ավելի խորը հայացք ձգեինք, մենք այդ հարցերի պատասխանները կարող էինք իմանալ, սակայն դրանք մոռացված են: Իհարկե, խոսքս ավելի գլոբալ խնդիրների մասին է` մարդկության պատմություն, տիեզերք: Այս ամենով հանդերձ` զարմանալու հատկությունը գնահատելի է: Կարծում եմ` դա նաև բարության նշան է ...

- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը:

- Զավեշտալի դեպքեր իմ շրջապատում շատ են տեղի ունենում: Կհիշեմ դրանցից մեկը: Տարիներ առաջ, երբ դեռ նկարահանվում էի «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալում, նկարահանումների բերումով տաբեր վայրերում էինք լինում: Մի անգամ ինչ-որ կահույքի սրահ էինք գնացել: Այնտեղ ինձ մոտեցավ մի տղամարդ, և ոգևորված ասաց` «Գիտեք, որ ես Ձեր կուռքն եմ»: Անմիջապես հասկացա, որ սխալվել է, և փորձեցի շտկել իրավիճակը` պատասխանելով` շնորհակալ եմ, որ իմ կուռքն եք, բայց այդպես էլ չհասկացավ, որ բառերը շփոթել է:

- Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ:

- Իմ ամենավառ հուշը մեր բակն է, խնձորի և սալորի ծառերը և մայրիկիս աճեցրած ծաղիկները, հատկապես` կարմիր կակաչները: Ամեն առավոտ, երբ նախաճաշում էի և պետք է գնայի մանկապարտեզ, վազում էի ծաղիկներից հոտ քաշելու: Հիշում եմ կարմիր կակաչները, վաղորդյան սառնությունն ու իմ դողը: Մի հուշ էլ պատմեմ, որ կրկին զարմանալիորեն կարմիրի հետ է կապված: Անհամբերությամբ սպասում էի, թե երբ ենք տոնածառ զարդարելու: Ի դեպ` մինչև 10 տարեկան դառնալս հավատում էի ձմեռ պապին: Տոնածառի մեծ, կարմիր խաղալիք ունեինք: Եվ երբ բոլորը քնում էին, վազում էի դեպի իմ մեծ-մեծ խաղալիքը ու նայում նրա մեջ դեմքիս արտացոլանքին: Հետագայում տարիներ անց, երբ Մոսկվայում դպրոցն ավարտելուց հետո վերադարձա, մեր տան հին իրերն էի նայում, փնտրեցի խաղալիքը, գտա... Բայց իմ մեծ, կախարդական խաղալիքն իրականում սովորական էր ու փոքր... 

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ