ԳՐՔԵՐ ՈՒ ՄՐԳԵՐ 


 

(համարյա հարցազրույց)

Ես ու Հորիզոնը մտանք նախկինում նշանավոր գրախանութ, բայց հիմա սուպերմարկետ դարձած հսկա խառնախանութ, որտեղ վաճառում են զանազան-զարմանազան մթերքներ...

Գրադարակների ու հաստափոր գրքերի փոխարեն տեսանք սառնարաններ` բեռնավորված չալաղաջներով, հավի, խոզի բդերով, տավարի մսերով: Վեպերի գլուխների փոխարեն` գլուխ պանիրներ, բրոշյուրների փոխարեն` երշիկ, սուջուխ, չիր ու չամիչ, բանաստեղծական գրքերի փոխարեն` բամիա, բանան, բադրիջան, բանջարեղեն և նման բան ու մաներ: Ազդագրերի փոխարեն` տարբեր անասունների ազդրեր, էպիգրամի, սատիրայի փոխարեն` կծու բիբար, տաքդեղ, մանկական գրքերի փոխարեն` մանկական սնունդ. մակարոն, մանրաձավար, միշկա, սկյուռիկ, կարկանդակներ... Երգարանների փոխարեն` դրամների ու հաշվիչ մեքենաների ուրախ զնգոցներ: Գլոբուսների փոխարեն` ձմերուկազգիների բոլոր տեսակները:

- Հորիզոն, տեսնես հանելուկներն այստեղ ինչո՞վ են փոխարինել:

- Սպասիր, շատ հանելուկների պատասխաններ հիմա կիմանանք այս աշխատողից: Ներողություն, երիտասարդ, իսկ ի՞նչ եղան հայ ու համաշխարհային դասական գրողների հատորները:

- Ձեր ասած դասականներին մեր ուզած դասը տվեցինք. նվիրեցինք սրան-նրան: Ձեռքից-ձեռք էին խլխլում, հատկապես` սեմուշկա, ադիբուդի, դդմի կորիզ վաճառողները: Ինչ էլ մնաց` վառեցինք: Իզուր եք մեզ հանդիմանում, հիմա ուտելու դար է, առանց ուտելու թերթ չեն կարդում, ուր մնաց գիրք: Մի քանի օր առաջ մի սոված մարդ մեր սուպեր-խանութի ապրանքների իջեցված գների ցուցակն էր կարդացել, ճնշումն իջել ու խեղճ նվազի ուշքն էր գնացել: Մի հինգ րոպե սպասեցինք, հո սուտմեռուկի չի տվել: Տեսանք չէ, ճշմարիտ մարդ է: Խմելու-ուտելու բան ճարվեց` տվեցինք: Հենց ուշքի եկավ, այնքան շնորհակալություն հայտնեց, քիչ մնաց մեր ուշքը գնար: Հիմա էդ օրի մարդիկ կարո՞ղ են գիրք կարդալ:

- Իսկ դուք, որ կանոնավոր սնվում եք, լավ ապրում, փորձե՞լ եք գիրք կարդալ:

Հավաքվածները նայեցին իրար. համարձակներից մեկը լսելի փսփսաց.

- Դուք շառ ու փորձանք հո չե՞ք, դրա համար մեզ տնօրենը կազատի աշխատանքից, աշխատանքի ժամին ուշադրությունը չի կարելի շեղել: Աչքդ թեքեցիր` ապրանք կթռցնեն, հետո էլ մեզ կթռցնեն... Ոչ մի խանութում գիրք չեն պահում, նույնիսկ բողոքի գիրք: Խանո˜ւթը որտե˜ղ, գիրքը որտեղ: Դա անցյալի մնացուկ է: Համ էլ մարդիկ ինչի՞ց բողոքեն. գան խանութ, մեր շնորհիվ սնվեն ու մեզանից դժգոհե՞ն: Կուշտ մարդը կբողոքի՞, խի ուտող-ուրացո՞ղ են...

- Բայց այդ գրքերի մեջ շատ ավելի համով, առատ բաներ կային, քան էս ձեր սուպերմարկետում:

Տնօրենը նկատեց, որ շատ ենք աշխատողների ուշադրությունը շեղում, երկար ժամանակ զրուցում, ոչ գնում ենք, ոչ էլ բան ենք գնում, հետաքրքրվեց, խառնվեց զրույցին, պարզեց ինչն-ինչոց է ու արագ կողմնորոշվեց:

- Ա´յ պարոններ, ականջ արեք, մենք էլ ձեր ասած գրքերի միջի տեսականիներն ենք ճաշակով ու գեղեցիկ դիզայնով հանել վաճառքի: Դուք շարքից դուրս եկած թեորիայից եք խոսում, իսկ մենք` իրատես-պրակտիկ ենք, ձեր աչքի առջև ձեր երազանքներն ենք իրականացնում: Մի նայեք մեզանում ինչ առևտուր է գնում, ի˜նչ աշխուժություն, եռուզեռ... Որ երաժշտություն միացնենք` քոչարի էլ կպարեն: Եթե մարդիկ չեն էլ առնում, այսքան ուտելիք տեսնելուց են կշտանում: Էլ ի՞նչ եք ուզում, բա սա ուտելու դար չէ՞, այ ռոմանտիկներ: Ներողություն էդ բառի համար, չիմացա ինչ ասեմ, ձեր դեմքի արտահայտությունից զգացի` երևի փիս բառ ասացի: Դա էլ չգիտեմ, որտեղից էի լսել, բերանիցս թռավ:

- Իսկ որ գիրքը շարքից հանում եք, ինչո՞ւ եք ձեր երեխաներին, թոռներին դպրոց տալիս, չէ՞ որ երեխան պիտի անպայման գրքով դաստիարակվի, պիտանի մարդ դառնա, իմաստնանա, որ ազգին արժանի զավակ դառնա, չզրկվի հոգևոր հարստութ յունից:

- Չէ, դպրոցը պետք է, համաձայն ենք, որ մեր երեխաները հաշվել սովորեն, ապրանքների գներն ու արժեքներն իրար չխառնեն, գան մեր կողքին գրագետ աշխատեն: Էդքանն էլ իրենց շատ է ու քիչ չէ, մնացած ժամանակը մտածեն` ոնց միլիոնատեր դառնան:

- Այ տնաշեն տնօրեն, այս խանութը, որ նախկինում գրախանութ է եղել, նրա հիշատակը պահպանելու համար գոնե մի փոքրիկ անկյուն հատկացրեք` լավագույն գրքերից հանեք վաճառքի:

- Չէ, ի՞նչ եք ասում, գիրքը փող բերող ապրանք չէ: Խանութը, որ մթերային թեքումով է, գրքի կողմը ոչ ոք չի թեքվի: Էս` 2012 թ. Երևանը գրքի մայրաքաղաք հռչակվելու առթիվ մի անհաջող փորձ արեցինք` դրեցինք ձեր հավանած գրքերից, բայց վրա քշող էլ չեղավ: Դուք տեսե՞լ եք դախլի վրա մի պոմիդոր, մի խնձոր, մի սև բադրիջան, մի տանձ մնա, ըտենց բան չի ըլնի: Իսկ ամենուր, մայթերին թափած գրքերին ձեռք գցող կա՞... Ով էլ սխալմամբ փողի գլխից ձեռք քաշի, ձեռքը գիրք առնի, տարվի կարդալով` առևտուրը վարի կգնա: Ձեր ասած գրքերի միջից, չգիտեմ ով է ասել, բայց իմ սրտից է ասել` «Բանաստեղծությունն ի՞նչ է, բանաստեղծությունը կուտվի՞...»:

Հորիզոնը ճշտում մտցրեց. «Դա Վահան Թեքեյանն է ասել»:

- Այ տեսնում ես` նա էլ իմ թեքումն ունի...

***

Այս ամենը մեզ այնքան անհավանական թվաց, որ կարծես թե հեքիաթում լինեինք: Ու հանկարծ մեր հավանական հարցազրույցն ընդհատվեց` երկնքից երեք խնձոր ընկավ: Երեքն էլ տնօրենը հապշտապ հափշտակեց. անամոթաբար մեզ զրկելով մեզ բաժին հասնող խնձորներից...

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ