1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Հայաստանում գործող աղանդավորական կազմակերպությունները նորանոր հնարքներ են մոգոնում` հոգեորսության ավելի ընդգրկուն եղանակներով իրենց անդամների թվաքանակն ավելացնելու համար: PR կազմակերպություններից մեկի ներկայացուցիչն օրերս ահազանգել է, թե քարոզչությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով իրենց է դիմել «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչը` առաջարկելով բավական լայնածավալ ու տևական ծրագրեր իրականացնել: Թեև զրույցը վճարվելիքի շուրջ սակարկությունների չի հասել, և PR կազմակերպութան ներկայացուցիչն անմիջապես մերժել է առաջարկը, այսուհանդերձ, չի բացառվում, որ վկաներն առաջիկայում այլ քարոզչական կառույցների միջոցով փորձեն արդեն ծրագրված միջոցառումների շարքեր իրականացնել: Ենթադրվում է, որ 30 արծաթի դիմաց ասուլիսներ են հրավիրվելու, ինչպես նաև տպագիր ու եթերային որոշ լրատվամիջոցներով մամուլով են որոշակի նյութեր տարածվելու: Ավելին, եթե նույնիսկ ծախսվելիք գումարը մի քանի անգամ գերազանցի, ասենք, անգամ ամենաթանկ քաղաքական գովազդի համար պահանջվող վճարաչափը, ապա աղանդավորները դարձյալ խնդիր չեն ունենա: Մեր աղբյուրների փոխանցմամբ` չնայած առայժմ միայն «Եհովայի վկաներն» են PR կազմակերպություններից մեկին դիմել, սակայն այս շրջանում նույնատիպ քարոզչական ծրագրեր են պատրաստվում նաև մյուս աղանդավորական կազմակերպություններում, և առաջիկայում հոգեորսների քարոզարշավը համատեղվելու է: Այս օրերին աղանդավորական շրջանակների վերնախավերն անկեղծանալով, հայտարարում են, որ եթե նույնիսկ ոչինչ չստացվի, ապա սոցիալական ցանցերում իրենց արդեն հաջողվել է ոչ միայն համակիրների հսկայական բանակներ հավաքագրել, այլ նաև վերջիններիս լայնածավալ քարոզչական գրոհի նախապատրաստել: Ամբողջ հարցը սակայն այն է, որ բոլոր հնարավոր եղանակները ներառող հոգեորսության նորացված փուլը նախատեսված է միաժամանակ սկսել ու այդ պատճառով են համակիրները դեռևս հապաղում: