«ԲԵՌՆԱՐԴԱ ԱԼԲԱՅԻ...» ՎԵՐԱԴԱՐՁԸ


Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված ասուլիսն իր ձևաչափով անսովոր էր: Բեմում ընթանում էր Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսի հիման վրա ստեղծված «Բեռնարդան և նրա աղջիկները» բեմադրության փորձը, որը վարում էր թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, իսկ այժմ` պարզապես բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Հրավիրված լրագրողների համար իսկապես անսովոր էր ներկա գտնվել ստեղծագործական ընթացքին, որը զարմացնում էր ու հիացնում: Իսկ փորձից հետո լրագրողներին խնդրեցին տեղեր զբաղեցնել բեմում, բեմական միջավայրում, ուր քիչ առաջ կրքեր էին եռում, իրենց ողբերգություններն էին պատմում Լորկայի հերոսները… Այս անսպասելի ու արտասովոր ասուլիսի պատճառը բեմադրության վերանորոգումն էր: Ավելի ճիշտ` սերնդափոխությունը, երբ արդեն բեմական մեծ ճանապարհ անցած դերասանուհիներին փոխարինելու էին եկել երիտասարդները` յուրովի թարմացնելով ու նորացնելով ուղիղ տասը տարվա պատմություն ունեցող բեմադրությունը: Վահե Շահվերդյանն իր խոսքում արժևորեց Աիդա Բաբաջանյանի, Անի Միքայելյանի, Ալլա Վարդանյանի, Անի Սարգսյանի, Ագնեսա Շահնազարյանի, Սիրանուշ Բարսեղյանի կատարումները, նշեց, որ նրանք բարձր գնահատականների են արժանացել Մոսկվայում, Թբիլիսիում, Թեհրանում, Տրապիզոնում` բաժանելով այն հաջողությունը, որը ձևավորել են Հասմիկ Ալեքսանյանը, Գրետա Մեջլումյանը, Ժենյա Մկրտումյանը և Ջուլիետա Բաբայանը: Տարբեր փառատոների մասնակցած ու բազմաթիվ պարգևների արժանացած բեմադրությունը թատրոնի խաղացանկի մնայուն արժեքներից է: Ուստի սերնդափոխմամբ` այն նոր կյանք է ստանում, նաև հնարավորություն տալիս 2005 թ. պրոֆեսոր Վահե Շահվերդյանի արվեստանոցն ավարտած Մարջան Ավետիսյանին, Ռուզաննա Հախնազարյանին, Ծովինար Մարտիրոսյանին, Արաքսյա Մելիքյանին, Լուսինե Կոստանյանին և Անի Պետրոսյանին` անցնելու ինքնահաստատման նոր ճանապարհ: 2008-ին հանդիսատեսի դատին հանձնելով Ֆ. Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» պիեսի բեմադրությունը (որն անցած տարի բարձր գնահատվեց Թատերական քննադատների համաշխարհային ասոցիացիայի երևանյան կոնգրեսի մասնակիցների կողմից), Վահե Շահվերդյանը նոր բեմադրությամբ հանդես չէր եկել` 14 տարի իր կողմից ղեկավարված թատրոնում: Նրան հանիրավի ազատել էին զբաղեցրած պաշտոնից` ինչ-որ չափով անորոշության մատնելով նաև թատրոնի ճակատագիրը: Ստանձնելով Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականություններն ու այստեղ ստեղծելով Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգության բեմադրությունը` Վահե Շահվերդյանը չէր կարող անտարբեր լինել թատրոնի ճակատագրի հանդեպ: Մոռանալով վիրավորվածությունը, նա, որպես ճշմարիտ արվեստագետ, վերադարձավ ի´ր թատրոն` վերադարձ պարգևելով նաև իր լավագույն բեմադրություններից մեկին: Վահե Շահվերդյանի համար կարևորը թատրոնն է, ստեղծագործությունը, ու նաև` իր սանուհիների ստեղծագործական ճակատագրերը: Կարևոր է թատրոնում սերնդափոխության խնդիրը: Ու «Բեռնարդան և նրա աղջիկները» բեմադրությունը սերնդափոխման լավագույն դրսևորումներից մեկը դարձավ, հավաստեց, որ թատրոնն ունի շնորհալի երիտասարդ արտիստներ, ովքեր արդեն վստահաբար պիտի իրենց ուսերին առնեն խաղացանկի ծանրությունը, թատրոն բերեն նորագույն դերասանական որակներ: Ասուլիսից մեկ օր անց` վերականգնված բեմադրության առաջնախաղն էր: Բեմ հրավիրվեցին և երախտիքի խոսքեր հղվեցին այն դերասանուհիներին, ովքեր այսօր արդեն փոխարինողներ ունեն: Իսկ Վահե Շահվերդյանն էլ հայտարարեց, որ նոյեմբեր ամսին, երբ կնշվի բեմադրության տասնամյակը, նրանք կխաղան բեմադրության առաջին գործողությունը` երկրորդի «էստաֆետը» հանձնելով երիտասարդներին: Նոր կյանք ստացած բեմադրության մեջ, գրեթե չփոխելով բեմադրական սկզբունքները, Վահե Շահվերդյանը նոր մոտեցումներ էր ձևավորել մի շարք կերպարների հանդեպ` առավել ընդգծելով դերասանուհիների անհատականությունները, նրանց արտահայտչական առանձնահատկությունները: Նոր ու ինքնատիպ խորքայնություն էին ստացել նաև Հասմիկ Ալեքսանյանի Բեռնարդան և ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանի Պոնսիան: Այս կատարումներն այսօր արդեն կարող են համարվել Սունդուկյանի անվան թատրոնի դերասանական նվաճումներից, որոնցում արտացոլված արտահայտչական նոր սկզբունքներն ու միտումներն ընդլայնում են պատկերացումները ժամանակակից դերասանական արվեստի մասին: