ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԵՑ ՄԱՐԶԵՐ


«Թատրոն X» հանրապետական չորրորդ փառատոնն արդեն ավարտեց մայրաքաղաքային փուլը` այժմ ընդգրկելով մարզերն ու Լեռնային Ղարաբաղը: Օրերս տեղի ունեցած մամլո ասուլիսում փառատոնի և Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանն ուրախությամբ նշեց, որ մայրաքաղաքում քննարկվել են մոտ երկու տասնյակ բեմադրություններ, մասնագիտական գնահատականներ են տրվել ինչպես արդեն կայացած ու անվանի, այնպես էլ երիտասարդ բեմադրիչների աշխատանքներին: Ուրախալին այն է, որ տարեցտարի ավելանում է թիվն այն երիտասարդ բեմադրիչների, ովքեր համարձակորեն մտնում են թատերական աշխարհ` զարմացնելով իրենց ինքնատիպ ու համարձակ հղացումներով: Փառատոնի նախագահը կարևոր ձեռքբերում համարեց այն, որ քննարկումներին արդեն մասնակցում են Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: Մարզային փուլում մասնագիտական խումբը դիտել է Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի «Հարգարժան Լիզին» բեմադրությունը, իսկ այսօր փառատոնը կհյուրընկալվի Գյումրիում, ուր կներկայացվի Արտ. Քալանթարյանի «Բումերանգ» պիեսը, որն իրականացրել է գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը:

Էջի նյութերը` Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԻ