Հանցագործ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում


11¬ամյա Ջորդան Բրաունը մեծահասակի դաժանությամբ կատարած իր հանցանքի համար մեծերի համար նախատեսված պատիժ էլ կկրի: Փենսիլվանիացի այս տղան Ամերիկայում ամենակրտսեր կալանավորն է, ով դատապարտվել է ցմահ բանտարկության` առանց վաղաժամ ազատվելու իրավունքի: Նրան դատել են կրկնակի սպանության մեղադրանքով: Տղան հրազենով սպանել է իր հոր հարսնացուին, որը հղիության 8¬րդ ամսում էր գտնվում: Երկու երեխաների մայր, 26 տարեկան Քենզի Հոուկը մահացել է տեղում, բայց փրկել չի հաջողվել նաև նրա 3¬րդ` դեռ չծնված զավակի կյանքը: Դեպքը կատարվել է 2009¬ին, և երկու տարի տևած դատաքննության ընթացքում անչափահասի բազմաթիվ պաշտպաններին չի հաջողվել պատիժը մեղմելու հիմնավորում գտնել: Իսկ Փենսիլվանիայի նահանգային օրենքներն արտոնում են անչափահասներին` 10 տարեկանից սկսած, քրեական պատասխանատվության ենթարկել: Քննության 2 տարիներին դատավորներին ապշեցրել է տղայի չափազանց սառնասրտությունը. ամբաստանյալի նստարանից ոտքերը գետնին չհասնող Ջորդանը համառորեն լռել է` տեղից ոչ մի անգամ չբարձրանալով: Վաղ առավոտյան դպրոց գնալուց առաջ նա վերցրել է որսորդական զենքը, մտել խաղաղ քնած ապագա ամուսինների ննջարանը, կրակել խորթ մոր ծոծրակին և մի կողմ նետելով հրազենը, հանգիստ գնացել է դպրոցական ավտոբուսի կանգառ: Դաժանությունը` դաժանություն, բայց տղայի բախտն ի սկզբանե չի բերել: Հարազատ մայրը հրաժարվել է նրանից, հետո հայրը տուն է բերել ուրիշ կնոջ` նրա 2 դուստրերի հետ: Ջորդանը միշտ իրեն միայնակ ու լքված է զգացել` հոգու մեծ ցնցում ապրելով: Ջորդանի հարազատները մտադիր չեն բողոքարկել դատավճիռը, թեև հայրը լրատվամիջոցներին ասել է, որ իր որդին շատ փոքր էր` որպեսզի գիտակցեր իր արարքի հետևանքները: Ի դեպ. «Արյունարբու բռնակալ» Ստալինի օրոք 1935 թ. թույլատրվել է որոշակի հանցագործությունների դեպքում քրեական պատասխանատվության ենթարկել անչափահասներին` 12 տարեկանից սկսած: Սակայն այն ժամանակ նույնիսկ արգելվում էր առավելագույն պատժաչափ կիրառել: Այսպիսով, XXI դարում, այնքա˜ն տարփողվող ժողովրդավարության «շքերթի» ժամանակներում անչափահասի ճակատագիրը կարող է նաև այսպես վճռվել…