ԱՄՆ¬Ի ԶԻՆԱՆՈՑԸ. Աէրոտիեզերական էքսպեդիցիոն միավորումներ


Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական հարվածային ուժը տանկային կորպուսներն էին, ապա այսօր պատերազմի «բռունցքները» աէրոտիեզերական էքսպեդիցիոն միավորումներն են (ԱԷՄ): Նրանց կիրառման առաջին փորձը` 1999¬ին Հարավսլավիայի ջախջախումն էր: ԱԷՄ¬ն ուժեղ ավիացիոն խմբավորումների և հետախուզության ու կապի արբանյակների զուգակցումն է: Այն ներառում է բարձր ճշգրտության ռումբեր և հրթիռներ կրող տարբեր տեսակի ինքնաթիռներ: Դրանք ինչպես կործանիչ¬ռմբակոծիչներն են, այնպես էլ «անտեսանելի» ինքնաթիռները, ծանր ռազմավարական մեքենաներն ու պարզապես կործանիչները: Դրանց գործողությունների ապահովման համար ԱԷՄ¬ում կան ռադարային հեռահար հայտնաբերման ինքնաթիռներ, ABAKC տեսակի թռչող հրամանատարական կայաններ, գետնի վրա գտնվող նպատակակետերին հարվածներ ուղղելու համար «Ջեյ-Սթարզ» թռչող հրամանատարական կայաններ, ռադիոէլեկտրոնային խլացման, լցավորող և հետախուզական ինքնաթիռներ (այդ թվում և գերբարձր թռչող Ս-2 «Լոքհիդիներ»): Դերերը հստակորեն բաժանված են` նրանց մի մասը ճնշում է հակառակորդի հակաօդային պաշտպանությունը, մյուսները` հողին են հավասարեցնում դատապարտված երկրի հրամանատարական կայանները, երրորդները ռումբերով ու թևավոր հրթիռներով ոչնչացնում են կենսապահովման կենտրոնները: ԱԷՄ¬ները շատ շարժունակ են. դրանք կարելի է տեղափոխել ցանկացած ուղղությամբ: Նրանք հրաշալի համագործակցում են ինչպես թևավոր հրթիռներ կրող նավերի, այնպես էլ ավիացիոն հարվածային խմբերի հետ: Այստեղ իրականություն է դառնում ամերիկացիների ամենաբաղձալի երազանքը` պատերազմը վերածել հեռվից հակառակորդին գնդակահարելու գործընթացի` նրա տարածք չուղարկելով և ոչ մի զինվոր, չկրելով գրեթե ոչ մի կորուստ: ԱԷՄ¬ի հասցրած հարվածը` հարված է միասնական օդա¬տիեզերական տարածությունից: Չէ՞ որ օդային հարձակումներն ուղղորդվում են հզորագույն արբանյակային խմբավորումների կողմից, որոնք երկրի տարածքը նկարահանում են բոլոր հնարավոր ընդգրկումներով, հայտնաբերելով նրա մակերեսի վրա տեղ գտնող ցանկացած շարժում: Իսկ ամենագլխավորն այն է, որ արբանյակները հետախուզական տեղեկությունների այդ վիթխարի ծավալներն ակնթարթորեն տեղափոխում են դրանց վերամշակման մեգակենտրոններ, նույն արագությամբ դրանք կապելով ավիացիոն հարվածային ուժերի հետ և մատնացույց անելով նրանց հարվածի ենթակա թիրախները: ԱԷՄ¬ները սարսափելի են նրանով, որ մշտապես գտնվում են հարձակման համար կազմ ու պատրաստ վիճակում: Եթե գերմանացիներին պատերազմի նախապատրաստման համար անհրաժեշտ էր հակառակորդի սահմանների մոտ կենտրոնացնել միլիոնավոր մարդիկ ու հազարավոր տանկեր, ստեղծել վառելիքի, զինամթերքի ու հանդերձանքի վիթխարի պահեստներ, սննդամթերքով լի էշելոններ մոտեցնել հարձակման ենթակա երկրի բնագծերին` դրանով իսկ մատնելով իրենց մտադրությունները հարձակման օրից դեռ շատ առաջ, ապա ԱԷՄ¬ները պատրաստ են ցանկացած պահի հարված հասցնել: Նրանք միշտ են պատրաստ: ԱԷՄ¬ի հարվածից ցնցված մարդիկ հաշված օրերից հետո տեսնում են, որ իրենց երկիրն այլևս գոյություն չունի. չկա իշխանություն, կապ, տրանսպորտ, տնտեսություն, սոցիալական ապահովություն ու առողջապահություն: Չկա վառելիք ու սնունդ, լույս ու գազ: Լռում են հեռախոսները: Ճանապարհներն ու փողոցները լի են անշարժացած մեքենաներով: Եվ այդ դատապարտված վայրում անիմաստ այս ու այն կողմ են վազում խելակորույս, խուճապահար մարդիկ: Այլևս չկա և բանակ` ռազմա¬օդային կամ ծովային ուժեր, որոնք ոչնչացվել են` չհասցնելով անգամ թշնամուն մի կարգին տեսնել իրենց նշանառության սարքերում: Ամերիկացները մտադիր են կազմավորել 10 նման ԱԷՄ¬ներ: Հենց նրանք են, որ պետք է իրականություն դարձնեն «Գլոբալ ներգործություն» հնչեղ անունը կրող դոկտրինը` բաղկացած 6 հիմնական սկզբունքներից: Առաջինը` լիակատար տիրապետություն օդում, ինչը կապահովի նրանց անվտանգությունը հակառակորդի հնարավոր պատասխան հարվածներից: Երկրորդը` գլոբալ հասանելիության սկզբունքն է, երբ ամերիկացիների հարվածի տակ կարող է հայտնվել երկրագնդի ցանկացած վայր` ցանկացած պահի: Երրորդը` ԱԷՄ¬ների գլոբալ շարժունակության սկզբունքը: Չորրորդը` բարձր ճշգրտությամբ թշնամու խոցումը` իրենց համար ամենանվազագույն ռիսկերով: Հինգերորդը` հզոր օդա¬տիեզերական հետախուզությունը, լիակատար տեղեկացվածության գերակայությունն է զոհի նկատմամբ: Վեցերորդը` ԱԷՄ¬ների ճկուն ապահովումը մարտական բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով: Ամերիկացները հրաշալի հասկանում են, որ 1999¬ին Հարավսլավիայի ռմբակոծություններից հետո յուրաքանչյուր երկիր, որը կենթարկվի նման հարձակման, ի պատասխան կօգտագործի իր տրամադրության տակ եղած ցանկացած զինատեսակ` օպերատիվ-տակտիկական հրթիռներից մինչև զանգվածային ոչնչացման զենք` ոչ միայն քիմիական, այլև միջուկային: Այդ վտանգն ԱՄՆ¬ի ՌՕՈՒ¬ները մտադիր են չեզոքացնել` կիրառելով անընդհատ կրակի սկզբունքը, ոչնչացնելով հակառակորդի օպերատիվ-տակտիկական և բալիստիկ հրթիռները դեռևս գետնի վրա: Դրանում նրանց շատ օգնեց Պարսից ծոցում վարած պատերազմի փորձի վերլուծությունը, որից հետո նրանք այժմ ստեղծում են մարտական կառավարման GCSE ավտոմատ համակարգ: Այն ավտոմատ կերպով կհամեմատի բացահայտված թիրախների կարևորությունը և կհուշի, թե նրանցից որոնք է պետք երկրի երեսից առաջին հերթին վերացնել, որոնք` երկրորդ և այդպես շարունակ: Ու դեռ ինքն էլ կհետևի, թե ԱԷՄ¬ի յուրաքանչյուր ինքնաթիռում որքան ռումբ ու հրթիռ է մնացել` ընտրելով հայտնաբերված թիրախների խոցման ամենաօպտիմալ զինատեսակը:

Պատրաստեց Ռուբեն ԱԴԱՄՅԱՆԸ