ԱՌԱՋՆԱՅԻՆԸ` ՊԱՏՃԱՌԱՀՏԵՎԱՆՔԱՅԻՆ ՇՂԹԱՅՈՒՄ 


 

Իհարկե, շատ մտահոգիչ է, որ մեզ այդպես էլ չի հաջողվում անցկացնել լիարժեք, ժողովրդավարական չափանիշներին լիովին համահունչ ընտրություններ: Ամեն անգամ արձանագրվում է միջազգային դիտորդների «մշտնջենական» դարձած բնորոշումը` «մեկ քայլ առաջը»: Սակայն վերջին ընտրություններից հետո ուրվագծվեց մի շատ ավելի մտահոգիչ երևույթ, որը թերևս մեր երկրի ապագայի համար շատ ավելի վտանգավոր է, քան, ասենք, ժողովրդավարությունից շեղումները, մասնակի կամ համատարած ընտրակեղծիքների առկայությունը: Ի՞նչը նկատի ունենք:

Ժողովուրդն իր ընտրությունը կատարում է ոչ թե հանուն, այլ` ընդդեմ սկզբունքով: Այսինքն` ժողովուրդը ընդդիմադիր թեկնածուներին ձայն է տալիս ոչ թե նրանց ծրագրերը, գաղափարները, մարդկային բարձր հատկանիշները հաշվի առնելով ու գնահատելով, այլ պարզապես մեկ նպատակ է հետապնդում. ազատվել գործող իշխանություններից: Իսկ որ իրենց ընտրած թեկնածուն նախագահ դառնալու դեպքում, կարող է է´լ ավելի վատթար վիճակի հասցնել երկիրը` այս մասին բոլորովին չեն մտածում:

Խոշոր հաշվով ժողովրդի զգալի մասը առաջնորդվում է կույր ատելությամբ: Ոչ մեկը, նույնիսկ ընդդիմադիր ճամբարից, չի ժխտում, որ եթե ընտրություններին մասնակցեին Գագիկ Ծառուկյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա Րաֆֆիի հավաքած 37 տոկոսը անցնելու էր վերջիններիս:

Պայմանականորեն ընդունենք, որ Րաֆֆին նույնպես չէր առաջադրում իր թեկնածությունը: Այդ դեպքում 500 հազար մարդ քվեարկելու էր Պ. Հայրիկյանի և (կամ) Հրանտ Բագրատյանի օգտին: Իսկ եթե նրանք էլ իրենց թեկնածությունը չառաջադրեին, ապա շատ հավանական է, որ հարյուր հազարավոր մարդիկ իրենց ձայնը տային տարրական քաղաքական դպրոց չանցած, անհեթեթ ճակատագրապաշտական աքսիոմներով առաջնորդվող «էպոսագետի՞ն»:

Արժե՞ շեշտել, թե որքան վտանգավոր հետևանքներով են հղի կույր ատելությունից բխող քայլերն ու գործողությունները: Ատելությունը ինքնին մթագնում է սթափ բանականությունը: Իսկ եթե այն համատարած-զանգվածային բնույթ է կրում, ուրեմն վայն եկել է ու տարել այդ ժողովրդին և նրանց երկիրը:

Հիմա մեր մտահոգությունը փաստարկենք «չոր» թվերի միջոցով: Ընտրություններում ընդդիմությանը ձայն է տվել քվեարկությանը մասնակցածների 42 տոկոսը: Տրամաբանական է ենթադրել, որ ընտրություններին չմասնակցածների զգալի մեծամասնությունը նույնպես դժգոհ է երկրում ստեղծված իրավի-ճակից` իրեն պարտադրված կենսակերպից: Արդյունքում ստացվում է, որ Հայաստանի բնակչության ավելի մեծ քանակ մեղմ ասած չի վստահում գործող իշխանությանը: Չի վստահում, որովհետև վատ է ապրում, աշխատանք չունի, չի կարողանում հաղթահարել մշտապես պարտադրվող գնաճը… Բայց շատերը ձայն են տվել գործող նախագահին, որովհետև բոլորիս պատուհասած դժվարությունները չեն պայմանավորում կոնկրետ անձերով:

Իշխանությունների համար էլ թերևս դժվար է ժողովրդի անվստահության ու հավատի բացակայության պայմաններում արագացնել բարեփոխումների ընթացքը և բեկումնային քայլերով կտրուկ փոխել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը:

Հիշենք, որ անցյալ տարի` խորհրդարանական ընտրություններում հանրապետականների կարգախոսն էր. «Հավատանք, որ փոխենք»: Այսինքն իշխող կուսակցությունը խիստ կարևորում է ժողովրդի վստահությունն ու հավատը: Ուրեմն` որքան էլ դժվար լինի և անհնարին թվա, իշխանությունները պետք է կարողանան գրեթե հրաշք գործել, համակարգային և արմատական փոփոխություններով բեկում մտցնել թե´ սոցիալ-տնտեսական ոլորտում, թե´ արդարության և օրինականության հաստատման գործում: Այսինքն, ակամա ընդդիմության հեգնանքը` «փոխվեք, որ հավատաք», մի փոքր սրբագրման կարիք ունի` նախ` ոչ թե «փոխվեք», այլ` «փոխեք», որ հավատանք: Նաև` «փոխվենք և հավատանք»: Պատճառահետևանքային այս կապը իհարկե շարունակական է լինելու: Ժողովրդի վստահությունը վերականգնելով և ստանալով նրա աջակցությունը` սրընթաց վերելքը անկասելի կդառնա: Իսկ դրա հետևանքը` բնակչության առավել ներգրավվածությունը բարեկեցիկ պետության կերտման գործում: 

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ