ԴԺՎԱՐԻՆ ՇՐՋԱԴԱՐՁ 


 

Երևանի ավագանու ընտրություններից առաջ իսկապես հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Արդեն գրեթե հայտնի են կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին համարները, ինչը նշանակում է, որ պարզ է, թե ովքեր են լինելու ֆավորիտները, քանզի ավագանու ընտրությունները, ի տարբերություն խորհրդարանական ընտրութ յունների, հենվում են ինչպես կուսակցությունների, այնպես էլ դրանք ղեկավարող անձերի վրա: Ավելի ճիշտ` համամասնական ցուցակների առաջատարների վրա: Հստակեցված են ԲՀԿ և ՀՀԿ առաջատարները, ովքեր էլ, ըստ էության, դառնալու են ոչ միայն ֆավորիտները, այլև ընտրական ինտրիգի առանցքները:

Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով կարող է որոշակի հաջողություններ գրանցել ընտրություն ներում: Արդեն գիտենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր չէ ապրիլի 9-ից հետո լուրջ փոփոխություններ իրականացնել կառավարման համակարգում, փոխել կառավարությունը: Ըստ շրջանառվող խոսակցությունների, արդեն այսօր ակնբախ է, որ իշխանությունները մտադիր չեն հեշտությամբ զիջումների գնալ: Դա ևս օրինաչափ է քաղաքական պայքարում:

Առավել ևս` բոլորին է հայտնի, որ Րաֆֆի Հովհաննիսյանին «կողմ» տված ձայների զգալի մասը ոչ թե կոնկրետ քաղուժի կողմնակիցներն են, այլ իշխանությունից դժգոհ զանգվածը: Փաստ, որը հասունացնում է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը: Ու թերևս ՀՀԿ-ին տաներ դեպի լուրջ մտորումները և ընդունելի դարձնում ազգային համաձայնության գաղափարը:

Հայտնի է նաև, որ »Բարգավաճ Հայաստանի» ցուցակի առաջին երեք տեղը զբաղեցրել են Վարդան Օսկանյանը, Սմբատ Լպուտյանը, Գուրգեն Ասլանյանը: Ստացվում է, որ մենամարտ է սպասվում Վարդան Օսկանյանի և Տարոն Մարգարյանի միջև: Անշուշտ, իր կենսափորձով, քաղաքական կենսագրությամբ, միջազգային ճանաչմամբ Վարդան Օսկանյանը շահեկան դիրքերում է, սակայն Տարոն Մարգարյանի` Երևանի քաղաքապետի պաշտոնում աշխատելու ընթացքում մայրաքաղաքում անուրանալի են դրական տեղաշարժերը: Արդյո՞ք ԲՀԿ-ին կհաջողվի ոչ միայն կրկնել նախորդ ընտրությունների հաջողությունները և արձանագրել նորերը: Առավել ևս` ինքնուրույն ընտրարշավ իրականացնելու ԲՀԿ ծրագիրը, գուցե շրջադարձի սկիզբն է: Այն շրջադարձի, որն ուզում է արձանագրել ԲՀԿ-ն` այժմ հանդես գալով նոր սկզբունքներով: Մանավանդ` ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իրենց նշաձողը հաղթանակն է լինելու:

Կարևոր դեր է խաղում նաև այն, որ ավագանու Րաֆֆի Հովհաննիսյանն է մասնակցում ընտրություններին` իր կողքին ունենալով Դաշնակցությունը: Այս տանդեմը կարող է նոր ինտրիգներ բերել և ամբողջապես փոխել ընտրությունների ընթացքը, եթե, իհարկե, հանրահավաքային ոգևորությունը չմարի…

Ստեղծված իրավիճակը հուշում է, որ Երևանի ավագանու ընտրությունները սկիզբ են դնելու դժվար շրջադարձին, որն էլ, հավանաբար, կտանի դեպի նոր իրավիճակի հաստատումը: Անշուշտ, ազգային համաձայնության կառավարության հեռանկարը, որն իհարկե համակողմանի քննարկման անհրաժեշտություն ունի: