ԻՍԿ ՄԻ՞ԹԵ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՉԵՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ 


 

Խմբագրություն զանգահարած պատանին Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 12-րդ դասարանի աշակերտ Գրիշա Էձգերիձեն էր: Նրան ճանաչելու առիթն արդեն ունեցել ենք. համարձակ, խիզախ, հայրենի գյուղի խնդիրներով մտահոգ այս պատանին շահագրգռված է, որպեսզի իր գյուղը դառնա բարեկեցիկ, մարդիկ չհեռանան, երիտասարդներն ունենան հագեցած առօրյա: Այս անգամ էլ նա ներկայացրեց մի խնդիր, որն անմիջապես գրի առանք` հավատալով, որ բարձրացրած խնդիրը պետք է ներկայացնել պատկան մարմինների ուշադրությանը.

- Մեծահասակները ընթերցանության հանդեպ երիտասարդների անտարբերությունը հիմնականում կապում են զարգացած տեխնոլոգիաների հետ:

Իսկ ո՞վ է վերջին 20-25 տարիների ընթացքում հարցրել` «Եղբա´յր, գյուղական գրադարանները վերջին անգամ ե՞րբ են գիրք ստացել:Ի՞նչ վիճակում են գյուղերի ու գյուղերի դպրոցների գրադարանները: Ո՞ր գյուղի դպրոցում գեղարվեստական գրքեր կան»: Ո՞վ է այդ հարցերով զբաղվողը: Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում գյուղացի երեխաները չեն կարող ընթերցել, որովհետև չկա հնարավորություն: Երևանը` գրքի մայրաքաղաք... Իսկ Երևանին հարակից շրջաննե՞րը: Արդեն հոգնել ենք մեկուսացված լինելուց, հոգնել ենք` երևանցի, քանաքեռավանցի, մարտունեցի...: Մեր մի բուռ հողի վրա այսքան խտրություն: Մի լավաշաչափ հողի վրա մեզ զգում ենք օտար, անտեսված, չհարգված: Պատճառը ո՞րն է: Մի՞թե Երևանում ընթերցասերները, խելացիները ավելի շատ են, քան մարզերում: Ո՞վ է սրա մեղավորը: Մարզպետնե՞րը, կառավարությո՞ւնը: Իսկ գյուղապետների մեծ մասը, քանի որ չգիտեն` ո՞վ է Րաֆֆին, ո՞վ է Սիամանթոն, ո՞վ է Սևակը, բնականաբար թքած ունեն նման հարցերի վրա:

Հույս ունենք, որ տարածքային կառավարման նախարարությունը, Կոտայքի մարզպետարանը կարձագանքեն մեզ փոխանցված այս մտահոգությանը: