Կուսակցությունների դարաշրջանի ավարտը


 

- Գործելով ընտրական մեխանիզմների աղճատվածության պայմաններում, կուսակցությունները կարծես հանրության ուսերին են նստել և միշտ փորձել են համոզել վերջինիս, թե իրենք կարող են որոշակի, այդ թվում նաև համակարգային փոփոխություններ իրականացնել երկրում: Բայց այս նախագահական ընտրություններին շատ քաղաքական ուժերի չմասնակցությունը բերեցին համոզման, որ իրենց դարաշրջանն ավարտվել է և գալիս է հանրության և ռեժիմի բանակումների, պայքարի ժամանակաշրջանը: Հատկանշական է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախորդ հանրահավաքներում ասել է, որ կուսակցական դրոշները պետք է իջեցվեն.

համոզված է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական

կենտրոնի փորձագետ Սարո ՍԱՐՈՅԱՆԸ

- Վերջին հանրահավաքում «Ժառանգության»առաջնորդ, նախագահի ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիս յանը մինչև ՀՀ նա-խագահի երդմնակալության օրը`ապրիլի 9-ը, հացադուլի մասին հայտարարությամբ կարծես սրեց առանց այդ էլ լարված ներքաղաքական իրավիճակը: Ինչպիսի ՞ն է այդ առնչությամբ Ձեր` փորձագետի կարծիքը:

- Հենց միայն Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելու հանդեպ Հանրապետական կուսակցության ացդեցիկ ներկայացուցիչների կոշտ արձագանքը խոսում է այն մասին, որ Ր. Հովհաննիսյանն իսկապես սրել է պայքարը, ինչը մտահոգության տեղիք է տվել իշխող քաղաքական ուժին:

- Բայց այս հարցում շատ կարևորվում է քաղաքական տվյալ գործընթացի հասարակական պահանջի առկայությունը, առանց որի կարճ ժամանակ անց ականատեսը կարող ենք լինել հանրության աչքում դրա նախաձեռնողի վարկանիշի կտրուկ անկմանը:

- Եթե չլինի հանրային պահանջ, իհարկե, ոչ մի նման կարգի գործողություն չի կարող որևէ արժեք ունենալ: Իսկ այսօր կարող ենք ասել, որ հանրության ուշադրությունը բևեռված է այդ հացադուլի վրա. սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում դա է շրջանառվում: Այսինքն, այս հացադուլին հանրության աջակցությունն ակներև է:

- Հետընտրական զարգացումները, թերևս, ավելի են սրվում, հետաքրքիր դառնում այն ֆոնին, որ քաղաքական ուժերը հիմա նաև պատրաստվում են ևս մեկ` ոչ պակաս կարևոր ընտրության: Խոսքը Երևանի ավագանու ընտրության մասին է:

- Հիմա շատ բարդ իրավիճակ է` Երևանի քաղաքապետի ընտրությունների համար որոշում կայացնելու տեսանկյունից: Հատկապես ընդդիմության համար որոշում կայացնելը շատ բարդ է լինելու, որովհետև մեծ է սայթաքելու և հանրային դժգոհություն առաջացնելու հավանականությունը: Դա է, որ որոշում կայացնելու հարցում լրջորեն կաշկանդում է ընդդիմադիր քաղաքական ուժերին:

- Ասում եք` ընդդիմադիր, բայց իրոք այդպիսի ուժ կա՞այսօր :

- Եթե իշխող վարչախումբը պայքարում է որոշակի քաղաքական ուժի կամ հանրության որոշակի շրջանակի դեմ, ուրեմն տվյալ ուժերն այսպես թե այնպես դառնում են ընդդիմադիր ուժեր` անկախ այն բանից, թե ինչ հայտարարություն են կատարում: Ես հասկանում եմ նաև ձեր հարցի ենթատեքստը, որ մինչև հիմա ԲՀԿ-ը չի հստակեցնում, թե ինքը ընդդիմությո՞ւն է` ընդամենն ասելով, որ այլընտրանք է: Այդ խառնաշփոթում կարծես հանրությունն էլ է դժվարանում տարբերակել, բայց ներքուստ բոլորն էլ համոզված են` ովքեր են իշխող վարչախմբի հենասյուները, և ովքեր են իրականում ընդդիմադիր ուժերը: Բայց հարկ է ասել, որ ընդդիմություն ներկայացնող քաղաքական ուժերն այսօր անկումային վիճակում են գտնվում, որովհետև նախորդ տարիներին պայքարի կիրառված մեթոդները ժողովրդի շրջանակներին հանգեցրել են ապատիայի, քանի որ չեն արձանագրել էական հաջողություններ: Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանրությունն ինքն է փնտրում հենման կետեր` իրեն հուզող խնիդրները լուծելու համար: Ինչ վերաբերում է քաղաքապետի ընտրությանը «ժառանգության» մասնակցությանը, ապա կարծում եմ` նա կմասնակցի: Սակայն պետք է մի կողմ դնել Րաֆֆի Հովհաննիսյանի գործոնը, քանի որ նա այսօր ընտրված նախագահ կարող էր լինել, իսկ այդ հանգամանքը հուշում է, որ նրա պայքարն այլ դաշտում պետք է լինի:

- Իսկ Րաֆֆիի մարզային այցերը չե՞ն խոսում այն մասին, որ նա ուսումնասիրում է ՏԻՄ ընտրություններում հաջողության հասնելու «Ժառանգության» հնարավորություն ները, ինչը կարող է հիմք ստեղծել հաջորդ նախագահական ընտրություններում դե յուրե հաղթելու համար:

- Կարծում եմ` մարզային այցելությունների հիմնական խնդիրը Սերժ Սարգսյանի առաջիկա երդմնակալության առնչությամբ հանրային ընդվզման ալիք բարձրացնելն է:

- Առկա է որոշակի հակադրություն Հայաստանի` եվրոպական և ռուսական պահանջների, ակնկալիքների միջև:

- Այո, բայց մեր իշխանությանը հաջողվել է այս հարցում խուսանավել` Եվրոպային ցույց տալով, որ չափավոր բարեփոխումներ իրականացնելու միջոցով կարող է մտնել հարաբերակցության մեջ նրա հետ, նաև պահելով ընդհանուր ռազմավարական գիծը Ռուսաստանի հետ:

- Իսկ ո՞րն է վերջ ի վերջո ներքաղաքական լարվածության հանգուցալուծումը, Ձեր կարծիքով ինչպիսի՞ն կլինի այն. առաջիկայում որևէ բան նշմարվո՞ւմ է:

- Նման կարգի ցանկացած խնդիր լուծվում է, երբ վերանում է դրա առաջացման պատճառը: Մենք գիտենք` նախորդ հինգ տարվա ընթացքում հանրությունն անընդհատ ոտքի վրա է եղել. հանրահավաքային պայքարի ականատեսն ենք եղել` շարունակ ակնկալելով, որ դա որոշակի արդյունք կունենա: Հիմա էլ դժգոհ հանրային զանգվածը կշարունակի իր պայքարը: Այս կամ այն կերպ պետք է հասնել առկա խնդրի լուծմանը, այսինքն, դրա պատճառի վերացմանը: Այս տեսանկյունից, կարծում եմ` հանրությունը բավական աշխատանք ունի անելու: Այսօր Հայաստանում քսան տարվա պայքարի արդյունքում եկել է կուսակցությունների դարաշրջանի ավարտը: 

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ