Թշնամանքը չի մարում


 

Միացյալ Նահանգների իշխանությունները պաշտոնապես մեղադրանք են առաջադրել «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի ներկայացուցիչ Սուլեյման Աբու Գեյթին` ամերիկյան քաղաքացիներին սպանելու նպատակների համար: Այդ մասին հայտարարել է երկրի Արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը: Գեյթը Ուսամա բեն Լադենի փեսան է:

- Ո´չ տարածությունը, ո´չ ժամանակը չեն թուլացնի մեր վճռականությունը` ԱՄՆ-ի թշնամիներին պատասխանատվության են ենթարկելու,- հայտարարել է նախարարը:

Լինելով «Ալ-Քաիդա»-ի կարևորագույն դեմքերից մեկը, Գեյթն անմիջական մասնակցություն է ունեցել Նյու-Յորքի համաշխարհային առևտրական կենտրոնի վրա գրոհի կազմակերպման գործում:

Մեղադրանքի տեքստում մասնավորապես հավաստիացվում է, որ այդ ծայրահեղականը «բոլորին ստիպել է երդվել` բեն Լադենին հավատարմության մեջ. խոսել է «Ալ-Քաիդա»-ի անունից` սատարելով դրա առաքելությունը և նախազգուշացրել է, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ին կատարվածի նման գրոհները շարունակվելու են»:

Փետրվարի սկզբին 47-ամյա Աբու Գեյթը ձերբակալվել է Անկարայի հյուրանոցներից մեկում` Թուրքիայի և Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների համատեղ գործողության ընթացքում: Վաշինգտոնը ձգտել է, որ իսլամիստին Ամերիկա արտաքսեն, սակայն Անկարան մերժել է և նրան վտարել է Քուվեյթ, որի քաղաքացին է ձերբակալվածը 2001 թվականից:

Մարտի սկզբին երբեմնի թիվ 1 ահաբեկչի փեսան` կրկին ձերբակալվել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից և ուղարկվել ԱՄՆ: Այս անգամ` Հորդանանում, երբ փորձում էր անցնել Քուվեյթի սահմանը: