Ամուսնալուծվում են զանգվածաբար 


Պատճառը սիրո պակասը կամ հիասթափությունը չէ: Չինացիները զանգվածաբար ամուսնալուծվում են ձևականորեն` միայն փաստաթղթերով` ընտանիքներին պարտադրվող նոր հարկից խուսափելու պատճառով:

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ ոչ միակ բնակության վայր հանդիսացող տան վաճառքի դեպքում գանձվելու է 20 տոկոս հարկ: Ավելորդ ծախսերից խուսափելու համար բազմաթիվ ամուսնական զույգեր, ովքեր երկու տուն ունեն և որոշել են դրանցից մեկը վաճառել, որոշել են «բաժանվել»: Այդպիսով «նախկին» ամուսինները մեկական բնակության վայր կունենան: Իսկ երկրորդ տունը վաճառելուց և 20 %-անոց հարկից խույս տալուց հետո, ամուսինները նորից կօրինականացնեն իրենց միությունը:

Շանհայի Չժաբեյ շրջանի պատկան մարմինները արձանագրել են, որ մարտի 5-ին այնտեղ ամուսնալուծությունների նոր ռեկորդ է սահմանվել. միայն այդ օրը նրանց դիմել է 55 զույգ: Մինչդեռ միջին հաշվով ամուսնալուծվողների թիվը չի գերազանցում 10-ը: Ոմանք անկեղծորեն հայտարարում են այդ քայլին դիմելու պատճառը, ոմանք էլ դիմումը ձևակերպում են կաղապարային դարձած «փոխադարձ զգացմունքների բացակայության» նշումով:

Մի քանի տարի առաջ նույնպիսի ալիք էր բարձրացել Չինաստանում` երբ իշխանությունները սահմանափակել էին երկրորդ տուն գնելու իրավունքը (տեղեկացրել է «Ֆրանս-Պրես» գործակալությունը): Այն ժամանակ էլ զույգերը «ամուսնալուծվում» էին` երկրորդ տուն ձեռք բերելու: