Դերոյի  Եվա շնիկը 


 

- Հորիզոն, մեր ընկերոջ` Դերոյի ծննդյան օրվանը չկարողացա մասնակցել, պատմիր, հետաքրքիր է, ինչպես անցավ:

- Գուրգեն, առավոտ վաղ Դերոն ինձ զանգեց` «Հորիզոն, արի, 6-ին, 7-ին հավաքվում ենք»: Ես պայմանավորված ժամից շուտ հասա: Հենց բակի դուռը բացեցին, տան շունը հայտնվեց ու մի այնպիսի հաչոց-աղմուկ բարձրացրեց, որ մի պահ զղջացի գնալս: Բայց արդեն ուշ էր. որոշեցի քաջաբար դիմանալ:

- Եվա, Եվա,- սաստում էին խորտիկներ պատրաստող կանայք, երգիծաբան Հորիզոնն ա, վաստակավոր ա, քեզ կարգին պահիր, համը մի հանիր…

Վախս քիչ նվազեց, երբ շունն սկսեց քծնել, լկստվել: Սովորաբար շները օտարների վրա հաչելիս ակնկալում են նվեր-ուտելիք ստանալ, բայց քանի որ բերածս օղի էր, սկսեց մռլտալ: Խառը հրմշտոցի ժամանակ անզգուշաբար Եվայի թաթը հանկարծ տրորեցի: Նա չափից դուրս աղմուկ-աղաղակ բարձրացրեց. «Իբր դա ինչ մարդ է` դուք էլ գովում եք, ոտքս ցավեցրեց»: Ինձ հրավիրեցին վերև և ասացին, որ Դերոն լողանում է, ասել է` եկողը թող սպասի: Հա, ասացի` ընկերս սիրում է մաքուր գործ անել:

Կանայք անցան երեկոյի պատրաստությանը: Հյուրասենյակ մտած շանը չկարողացան համոզել, որ իրենց հետ իջնի ներքև: Շունը մնաց, բայց հանգիստ չմնաց: Սեղանին դրված մսամթերքին, ի զարմանս ինձ, Եվա շունը չմոտեցավ, բայց մեկ-մեկ աչքի պոչով ինձ էր նայում, որ հանկարծ ես չմոտենամ սեղանին:

Ես անշարժ, բայց լարված, ձեռքերս գրպաններս խցկած, նստած վախենում էի` հանկարծ շունը ձեռքերիս տեղը չհայտնաբերի` լպստի: Ախր նա Դերոյի ուժեղ դիպլոմատ, դիվանագետ, հոգեբան շուն Եվան էր: Միամիտ Դերոն որտեղ, շունը որտեղ, ընկերս շատ բան ունի սովորելու իր բարեկամից: Մտորումներս ընդհատվեցին, երբ մաքուր հոբելյարը ներս մտավ: Շունն անմիջապես ձեռ ու ոտ ընկած` տիրոջ ձեռքերն էր ախորժակով լիզում:

Բարև առնելուց հետո հոբելյարը հրճվանքով նայեց ինձ. իբր` տես ինչ հարգանք-պատիվ ունեմ, էս ազիզ օրը ձեռքս ոչ ոք չպաչեց, իսկ տեսա՞ր` շունն իսկապես մարդու բարեկամն է: Հետո գնաց, սենյակի անկյունի պարսկական վառարանի մոտ նստեց` չորանա: Ինձ էլ հրավիրեց`

- Հորիզոն, արի մի քիչ էլ դու չորացիր:

- Ես չոր եմ, դու չորացիր, արի սեղանի շուրջ` ծնունդդ թրջենք:

Շան ուրախությանը չափ չկար, երբ տունը լցվեց Դերոյի հարազատներով, Եվան չէր իմանում, թե ում հետ ուրախությունը կիսի, ում գրկին նստի, ում ձեռքերն ու երեսը լպստի…

Ես իմ բաժակը լցրեցի, որ խմեմ, հաղթահարեմ վախս ու զզվանքս, բայց անհարմար զգացի. մարդիկ ի՞նչ կմտածեն` ծնունդը չսկսած խմում է: Բայց չխմելու դեպքում էլ էս բուրումնավետ հարիսեն, տոլման, հետո էլ ինչեր կբերեն, ո՞նց եմ ուտելու: Չէ՞ որ թամադան ախորժակով պիտի ուտի, օրինակ ծառայի: Բայց ո՞նց օրինակ ծառայեմ, երբ իմ ներկայությամբ շունը գրկից-գիրկ է անցնում, լպստում սրան-նրան: Հիշեցի Հաշեկի Շվեյկին, որն ասել է` չկա վիճակ, որ ելք չունենա: Օղու բաժակը պռնկեպռունկ լցրեցի ու անցա թամադայական իմ պարտականություններին, ասելով`

- Սիրելի սեղանակիցներ, այսօր լրացավ մեր սիրելի Դերոյի 85-ամյակը: Ցանկանանք երկար կյանք, հաջողություններ, առողջություն, յոթը պորտով սեղան նստի, չնայած, որքան գիտեմ, յոթը պորտը վաղուց է լրացել: Դերոյի վեց աղջիկներից ամեն մեկը երկու-երեք թոռ է նվիրել նրան, որոնցից միայն ութն են այստեղ:

Ես խոսում էի և զգում, որ ինձ ոնց որ լսող չկա: Չէի էլ հանդիմանում: Իմ կենաց-խոսքն իր սուր հաչոցով ընդհատեց շուն Եվան: Պարզվեց` նոր բարեկամներ են եկել: Նրանցից երկուսը փեսաներն էին, որոնք ձմռան կեսին ոչ թե ծիրան, այլ հպարտ-հպարտ ծիրանի օղի դրեցին սեղանին ու նույն րոպեին էլ մոռացան, թե ինչի են եկել. շունը նրանց շրջապատել էր իր գուրգուրանքով:

Ես չեմ հիշում, թե իրենց աներոջ կենացին բաժակ բարձրացրին, թե չէ, բայց նրանք անմիջապես անցան երկրի քաղաքական-տնտեսական իրավիճակին և Նախագահի ընտրության թեմաներին: Վատ լսելու պատճառով չէի հասկանում, թե ո՞վ ի՞նչ էր ասում, որովհետև քեֆչիների աղմուկն ավելի շատ էր, քան լսողներինը և դժվար էր նրանց լռեցնելը:

…Արդեն կեսգիշեր էր դառնում: Դերոն թոռնիկներին խնդրեց հյուրերին ուրախացնել` մի բան արտասանել իր գրած բանաստեղծություններից: Այդ խնդրանքը Եվան իրեն վերագրեց. մեջտեղ ցատկեց և սկսեց ուրախ թռչկոտել, պարել, երգելու նման ձայներ հանել ու իր կարծիքով արտասանել: Բայց չիմացվեց ո՞ւմ տողերն էին:

Հյուրերը վերարկուները հագել, բայց չէին գնում, հիանում էին նրա ցուցադրած «արվեստով»: Երեկոյի հետաքրքիր վերջնավարտը վարում էր Եվան: Սեղանից նոր վերկացած, խումհարի մեջ հյուրերը Ձմեռ պապի կարմիր գլխարկը հերթով նետում էին շանը: Եվան ճարպկորեն թռչում էր, օդի մեջ բռնում ու թափահարելով տանում, գցում էր դռան առջև:

- Հորիզոն, բացի թամադայությունից, չասեցի՞ն մեզ ուրախացրու:

- Է˜, որ Եվա շունը կար, էլ ինձ շան տեղ դնողն ով էր: Հիմա մտածում եմ` կարելի էր նաև Եվայի կենացն էլ խմել…

Հրանտ Հորիզոնի պատմածը գրի առավ Գուրգեն ԼՈՌԵՑԻՆ