Մուկ են բազմացնում 


 

Առանց արհեստական պատճենաբազմացման էլ (կլոնավորում) այդ զզվելի կրծողներին պակասելու վտանգ չի սպառնում: Բայց «փորձամուկ» ասվածն այս պարագայում ամենաուղղակի իմաստով է կիրառվել: Եվ ճապոնական` Ռիկենի ֆիզիկական և քիմիական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները հաջողեցրել են մեկ մկնից «արտադրել» ևս 26 սերունդ: 8 տարվա փորձարարության արդյունքում լույսաշխարհ է բերվել 581 մուկ:

Նախկինում պատճենաբազմացման այդ` մարմնի բջիջների փոխպատվաստման մեթոդով կարողանում էին ստեղծել 2-6 սերունդ (նշել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը): Ռիկենի մասնագետ ներին հաջողվել է կատարելագործել բազմացման տեխնոլոգիան: Հետազոտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Տերուխիկո Վակայաման նշել է, որ կենդանապատճենման իրենց մեթոդը կարող է օգտագործվել գյուղատնտեսական անասնաբուծության մեջ և օգտակար կլինի անհետացման վտանգի առջև կանգնած կենդանատեսակների պահպանման համար:

Հետո էլ հերթը մարդկանց կհասնի, ու հավանաբար բոլորից ավելի կհրապուրի միասեռական ամուսիններին...