ԵՐԿԻ´Ր Է


 

...Ես ասում եմ. Էս երկիրը երկիր է, որի պատմական ու մշակութային ժառանգությունն ուղղակի անգնահատելի է: Էս երկիրը երկիր է, որի ամեն մի քառակուսի սանտիմետրը փրկագնվել է հայի արյամբ: Էս երկիրը երկիր է, որի գրքերը փրկագնվել են հայ կյանքերով: Էս երկիրը երկիր է, որ քանակի դեմ պարզել է որակ, նավթադոլարների դեմ պարզել է բարոյական նկարագիր ու հաղթել նաև մեր բոլորի աչքի առաջ: Էս երկիրը երկիր է, որի հետ հաշվի են նստում և հարգանքով են խոսում: Էս երկիրը երկիր է, որին կարոտում են և որի հողը համբուրում են: Էս երկիրը երկիր է, որտեղ լրջագույն փոփոխություններ են իրականացվում և որը, հակառակ ամենատարբեր խոչընդոտների, առաջ է գնում: Էս երկիրը երկիր է, որտեղ ապրում են տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ: Երբ հարկ է եղել սկսել զրոյից, նրանք սկսել են զրոյից ու հասել անհավատալի արդյունքների: Ո՞վ է մեզ իրավունք տվել փնովել մեր երկիրը, ինքնախարազանվել: Մեր պապերն ու տատե՞րը, որ վերապրելու սխրանք գործեցին, երբ ամբողջ աշխարհը համոզված էր, թե հայերի երգը երգված է: Թե՞ սահմանամերձ գյուղի երեխաները, որ դպրոց են գնում և լավ են սովորում: Ո՞վ իրավունք ունի նայել այդ երեխաների աչքերի մեջ և ասել, թե «էս երկիրը երկիր չի»: Ես ասում եմ. էս երկիրը երկիր է, որն ունի հզոր հենարան ի դեմս իր ժառանգության և ունի պայծառ հայացք` ուղղված ապագային: Էս երկիրը աշխարհի ամենագեղեցիկ երկիրն է ու ավելի լավն է լինելու: Աշոտ Նավասարդյանը մինչև Հանրապետական կուսակցությունը հիմնելը երեք ժամկետ բանտ ու աքսորի մեջ էր` ասելու համար միայն մեկ բան. որ էս երկիրը երկիր է: Եվ մենք այսօր, որպես քաղաքական ուժ, ասպարեզում ենք հենց դրա´ համար: Աշոտը հավա´տ ուներ: Պիտի հավատաս, որ փոխես:

Հատված ՀՀԿ 13-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթից