Ընտրակեղծիքների պատճառն օրենսգիրքը չէ


 

Կլինե՞ն արդյոք խորհրդարանական ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ: Եթե Հայաստանի քաղաքական բոլոր հիմնական ուժերը կարողանան ընդհանուր հայտարարի գալ ընտրությունների կազմակերպման թեկուզ մի քանի հիմնական խնդիրներում և համագործակցեն, ապա առաջին անգամ կուսակցությունները կարող են միասնաբար պատասխանատվություն կրել` ընտրողների քվեին տեր կանգնելու հարցում:

Այս հարցերի շուրջ է զրույցը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ հետ:

- Ընտրությունների վերահսկողության առումով հաճախ է շահարկվում Ընտրական օրենսգիրքը: Բայց ընտրակեղծիքների հարցում օրենսգիրքը չի´ մեղավորը: Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում միակ ընտրությունը, որը կասկածի առիթ չի տվել, 90 թվականին է եղել, երբ չկար լավ օրենսգիրք: Ես հուսով եմ, որ իշխանական քաղաքական ուժերը շահագրգիռ են, որպեսզի այս խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ և արդար: Որովհետև ԱԺ ընտրություններով մեկնարկելու է մի ժամանակահատված, որը կավարտվի ՀՀ նախագահի ընտրություններով: Այդ առումով, ակհայտ է, որ Հանրապեական կուսակցությունը, որպես իշխանական, հիմնական քաղաքական ուժ, պետք է ավելի շահագրգիռ լինի` լավ ընտրություններ անցկացնելու: Ասածս, սակայն, չի նշանակում, թե համոզված եմ, որ նա այդպես վարվելու է: Հասարակական վերահսկողության առումով` քաղաքական ուժերի համար շատ ցանկալի է, որ լինի հասարակական ճնշում և վերահսկողություն: Դժբախտաբար, քաղաքական ուժերը ընտրությունների պահին պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում: Դրա պատճառներից մեկն ու կարևորը մարդկային ռեսուրսի պակասն է:

Ընդդիմությունն ի զորո՞ւ է ապահովել այդքան վստահված անձանց առկայություն: Ինքներդ եք խոսում մարդկային ռեսուրսի պակասի մասին:

- Ընդդիմությունը պետք է կարողանա միասնաբար պաշտպանել իր ստացած քվեները` առանց խտրականություն դնելու, առանց այլ հակադրություններ առաջ քաշելու: Ընդդիմադիր ողջ սպեկտորը միասնաբար դեմ արտահայտվեց մեծամասնական ընտրահամակարգին: Բայց կարծում եմ` պետք է փորձի միասնական ճակատով մեծամասնական գրեթե բոլոր ընտրատարածքներոմ թեկնածուներ առաջադրել և նախընտրական շտաբները դարձնել վերահսկողության ընդհանուր շտաբներ: Չեմ կարծում, թե ընդդիմությունն այնքան մեծ ռեսուրս ունի, որ անգամ տարբեր գաղափարական քաղաքական ուժեր միևնույն ընտրատեղամասում կարող են առաջադրել տարբեր թեկնածուներ: Այս ընտրություն ներից առաջ, կարծես, բավարար քաղաքական կամք կա հիմնական այն ուժերի մեջ, որոնք ընտրությունները վերահսկելու ցանկություն ունեն:

Բացի մարդկային ռեսուրսի պակասից, մի՞թե ուրիշ ոչինչ չի խանգարում ընդդիմությանը` միասնաբար վերահսկողություն իրականացնելու գործում:

- Մի խնդիր էլ կա: Քաղաքական ուժերի` ընտրություններից առաջ յուրաքանչյուրի յուրովի հույս ունենալը, յուրովի մոտեցումներ ունենալը (չեմ ուզում դրա անունն այլ բան դնել) նպաստում է այն իրողությանը, որ պատկերը սկսում է փոխվել: Տեղամասերում շատ ընդգծված անհատական մոտեցումներ են առաջանում: Այսինքն, քաղաքական ուժերն ու թեկնածուները դիմում են քաղաքական գործարքների, ինչը խանգարում է վերահսկողությանը: Ես չեմ հիշում մեկ ընտրություն, որ այս գործընթացը տեղի ունեցած չլինի:

Բայց մի կարևոր ասելիք ունեմ: Որպես ՀՀ քաղաքացի, որպես քաղաքական ուժի ղեկավար, չեմ ընդունում այն մոտեցումը, որը հնչեցվում է տարբեր ամբիոններից, թե ուզում ենք բան փոխել, բայց հնարավորություն չկա:

Ասվում է` պետք է հավատան, որ փոխենք:

- Այն մարդիկ, ում չեն հավատում, պետք է հեռանան ու գան նրանք, ում հավատում են: Իշխանությունը ամենամեծ հնարավորությունն ունի ժողովրդի մոտ հավատ առաջացնելու: Հայաստանում իշխանական բոլոր քաղաքական ուժերը դատապարտում են կոռուպցիան, բոլորը խոսում են արտագաղթի դեմ: Թող մեկը նշի, թե կոռուպցիան վերացնելն ինչքան փող արժի: Ակնհայտ է, որ ցանկացած ծրագիր կոնկրետ բյուջե պետք է ունենա:

-Ձեր նշած` բյուջեով հակակոռուպցիոն ծրագրի փորձը տեսել ենք Վրաստանի օրինակով: Դուք դա՞ նկատի ունեք:

- Շնորհակալ եմ հարցի համար: Վրաստանի օրինակը շատ ենք հիշատակում: Բոլորիս համար գաղտնիք չէ, թե ինչ Վրաստանի հետ գործ ունեինք մինչև Սահակաշվիլու իշխանավարելը: Բնավ նկատի չունեմ աշխարհաքաղաքական մոտեցումները: Խոսքը վերաբերում է զուտ տնտեսամեթոդական ղեկավարմանը: Ակնհայտ է` որևէ հիմնարկում կոռուպցիան վերացնելու համար առաջին հերթին տվյալ հիմնարկում աշխատավարձ պետք է բարձրացվի, տեխնիկական բազա ստեղծվի: Պետությունը դրա համար հատկացում պետք է անի: Կոռուպցիան չվերացնելը ոչ թե միջոցի, այլ ցանկության բացակայության հետևանք է:

- Վերադառնանք ընտրություններին: Ի՞նչ դիրքորոշում ունեք վերահսկողության միջկուսակցական, միասնական մարմին ստեղծելու վերաբերյալ:

- Բնականաբար , ցանկացած քաղաքական ուժ պետք է շահագրգիռ լինի, որպեսզի ստեղծվեն պայմաններ և միջավայր, որպեսզի կարողանա օգտակար լինել ընտրություն ների վերահսկմանը:

Ինչպե՞ս եք պատկերացնում «Ազատ դեմոկրատների» և ՀՀՇ-ի կամ ՀԱԿ-ի համագործակցությունը` ստեղծվելիք այդ միջկուսակցական մարմնում:

- Բնականաբար` այնպես, ինչպես մյուս քաղաքական ուժերի հետ: Մենք ազատական գաղափարախոսության գործիչներ ենք, և առավել ևս ՀՀՇ-ի հետ մեր համագործակցութ յունը շատ լավ ենք պատկերացնում:

Քաղաքական խանդի դրսևորման մտավախություն չունե՞ք:

- Առնվազն ծիծաղելի կլինի նման մոտեցումը: Ես շատ շնորհակալ եմ իմ այն ընկերներից, ում հետ աշխատելու հնարավորություն եմ ունեցել: Այլ խնդիր է, որ յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում իր քաղաքական գործունեությունը կամ ազատականության ընկալումը: Հայտնի ճշմարտություն կա. մարդու ազատության աստիճանը նրա ընդունակութ յան չափն է: Յուրաքանչյուրն իր ազատությունն ընկալում է` իր ընդունակության չափերից ելնելով:

Շատ է խոսվում «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» հնարավոր դաշինքի մասին: Ի՞նչ փուլում են դրա շուրջ ընթացող բանակցությունները:

- Գրեթե բոլոր հարցերում ընդհանուր պատկերացում ունենք: Անգամ միևնույն քաղաքական ուժի մեջ տարբեր գործիչներ տարբեր խորությամբ են պատկերացնում տվյալ խնդիրը: Եթե մեզ չհաջողվի ձևավորել այդ դաշինքը, կարծում եմ` դա կլինի կորուստ մեր ընտրողների համար և նաև Հայաստանի քաղաքական դաշտում նոր մշակույթի ձևավորման առումով:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ